HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 11-ին

Երեկ ԼՂՀ վերաքննիչ դատարանում սկսվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքի ղեկավար, «Տրանսքար» ընկերության տնօրեն Ժորա Գրիգորյանի գործով դատալսումը: Հիշեցնենք, որ հունիսի 9-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ժորա Գրիգորյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման. նա մեղավոր  է ճանաչվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացում կամ վատնում` առանձնապես խոշոր չափերով»): Նույն գործով ընկերության հաշվապահ Կարինե Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացում կամ վատնում`պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ խոշոր չափերով»): Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք` 700 հազար դրամի չափով` միաժամանակ 1 տարի 6 ամիս ժամկետով զրկելով նրան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Ժորա Գրիգորյանի եւ Կարինե Պետրոսյանի դատապաշտպանները բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան: Նրանք գտնում են, որ վերաքննիչը պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը եւ արդարացնի իրենց պաշտպանյալներին: Վերաքննիչ բողոք է ներկայացրել նաեւ մեղադրող կողմը` Շահումյանի շրջանի դատախազ Սերգեյ Բաղրամյանը: Նա դատական նիստի ժամանակ շեշտել էր, որ Ժորա Գրիգորյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատավճռով սահմանված պատիժըհամարում է մեղմ, ուստի պահանջում է, որ նրան դատապարտեն ոչ թե 5, այլ 7 տարվա ազատազրկման: Դատարանը, լսելով կողմերի հիմնավորումները եւ առավել մանրամասն ծանոթանալով գործին, դատական նիստն ավարտեց: Որոշումը կհրապարակվի օգոստոսի 11-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter