HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսրով Հարությունյան. «Ղարաբաղյան իշխանություններն անվերապահորեն վստահում են Սերժ Սարգսյանին»

28_07-kh_harutyunyanՀանրային խորհրդի անդամները վերջերս այցելել էին Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների, կուսակցությունների, հ/կ-ների, ինչպես նաև` բնակչության հետ: Այսօր «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը նշեց, որ իրենց այցելության նպատակն ավելի լայն էր, քան բուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նրա խոսքով` այցելության ընթացքում արձանագրվել է, որ շատ ինտենսիվ կապ կա ղարաբաղյան և հայաստանյան կառավարությունների միջև: «Անկասկած, խոսակցության առանցքային թեման հակամարտության կարգավորման հեռանկարներն էին` հատկապես մադրիդյան սկզբունքների շուրջ, ու այստեղ բավականին հետաքրքիր մտքեր հնչեցին: Մենք նկատեցինք, որ բանակցությունների հարցում ղարաբաղյան իշխանություններն անվերապահորեն վստահում են Սերժ Սարգսյանին: Նրանք երբևէ չեն ենթադրում, որ հնարավոր է քաղաքական բանակցությունների արդյունքում զիջվեն ղարաբաղյան կենսական նշանակության հարցեր»,- ասաց նա: Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքերին`Խ. Հարությունյանը նշեց, որ փաստաթուղթը Ղարաբաղը պաշտոնապես չի ստացել: Նրա խոսքով` Ղարաբաղում փաստում էին, որ մինչ այս գոյություն ունեցող բոլոր բանակցային գործընթացների հայտնի փաստաթղթերից սա որակական տեղաշարժ ունի` դեպի կոնֆլիկտի հնարավոր արդարացի լուծում: «Բայց կան նաև մտահոգություններ, և դրանք նախ և առաջ վերաբերում են անվտանգությանը, այսինքն` արդյոք հնարավորություն կունենա՞նք անվտանգության այսօրվա մակարդակը պահպանել»,- ասաց նա: Ադրբեջանի կողմից որքանո՞վ է հնարավոր պատերազմի վերսկսումը: Խ. Հարությունյանը գտնում է, որ քաղաքական ողջամտությունը հուշում է, որ դա կլիներ ամենակործանարար որոշումը տվյալ պարագայում: Սակայն բացառել այդ հնարավորությունն, անշուշտ, չի կարելի: «Ղարաբաղում մեր շփումները ցույց տվեցին, որ ղարաբաղցիներն իրենք հաստատակամ են ու վստահ իրենց ռազմական պոտենցիալի վրա: Քանի դեռ բանակցող կողմերից մեկը` Ադրբեջանը, հրապարակավ այդ թեման շահարկում է, միշտ պոտենցիալ պատերազմ վերսկսելու հնարավորությունը կարող է պահպանվել: Այսօր Ադրբեջանը զինվում է, մինչդեռ իրավիճակը խաղաղ բանակցային գործընթացում է գտնվում: Բայց անթաքույց ինտենսիվ զինվում է` դրանով խախտելով միջազգային բոլոր պայմանավորվածությունները Եվրոպայի սովորական սպառազինության ուժերի վերաբերյալ: Դա միշտ էլ կարող է մտահոգություն առաջացնել: Այլևս, իմ կարծիքով, ակնհայտ է, որ մադրիդյան սկզբունքները պետք է հստակ կետ պարունակեն, որ կողմերը պետք է հասնեն իրենց սպառազինման մակարդակների ադեկվատության: Ու հայկական կողմն այս մասին պետք է բարձրաձայնի»,- ասաց նա: Անդրադառնալով հնարավոր փոխզիջումներին` Խ. Հարությունյանը նշեց, որ նախ անհրաժեշտ է ձևակերպել, թե ինչ ենք հասկանում կարգավորում ասելով: «Մենք պետք է հասկանանք այնպիսի լուծումներ, որոնք երբևէ այս կոնֆլիկտը առաջիկայում կրկնելու հնարավորությունը կբացառեն: Այստեղից էլ պետք է գանք, թե ինչ զիջենք, ինչ` չէ: Չի կարելի խոսել արդարացի լուծումների մասին` առանց հաշվի առնելու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերը, նրանց անվտանգությունը: Կան բաներ, որ ուղղակի զիջել հնարավոր չէ, և դա պետք է կապված լինի Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հետ»,- ասաց նա: Խ. Հարությունյանի կարծիքով` չնայած 1994 թ.-ից ի վեր Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ղեկավարները միաժամանակ չեն նստել բանակցային սեղանի շուրջ, այդուհանդերձ, երբևէ Ղարաբաղը դե ֆակտո բանակցային գործընթացից դուրս չի եղել. միշտ էլ Ղարաբաղի կարծիքը ուղղակի կամ անուղղակի հաշվի առնվել է: «Ես կարծում եմ` Ղարաբաղն իր դիրքորոշումներում շատ ավելի կոշտ է, որովհետև վերջին հաշվով ինքն իր անկախությունն ու անվտանգությունն է գնահատում»,- ասաց նա: Այդուհանդերձ, Խոսրով Հսրությունյանի կարծիքով` Ղարաբաղյան կոնֆլիկտն իր կարգավորումից այսօր հեռու է ճիշտ այնքան, ինչպես 10 տարի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter