HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչու է Հայաստանում շրջում պատերազմի ուրվականը

Նախագահ Սերժ Սարգսյանը դեռ չէր մեկնել Մոսկվա, երբ Հայաստանում արդեն ուժեղ դիմադրություն էր սկսվել ԼՂ հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների նկատմամբ, չնայած այդ սկզբունքները շրջանառության մեջ էին դրվել դեռևս 2007թ.: Հուլիսի 17-18-ին Սարգսյան-Ալիև մոսկովյան հերթական բանակցություններից անմիջապես հետո, կրկին հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքների անընդունելիությունը, պատերազմի վերսկսման իրատեսականության վերաբերյալ տոտալ քարոզչական արշավ սկսվեց: «Ադրբեջանը պատերազմ չսկսելու ոչ մի պարտավորություն չունի: Ես վստահ, առանց տատանվելու ասում եմ` այո, Ադրբեջանը գնում է պատերազմի, իսկ մենք պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին, ինչքան էլ դա ցավալի լինի, և մեր ժողովուրդը վատ ընդունի»,- անցած շաբաթ «Դե ֆակո» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ավելի ուշ այս միտքը փորձագիտական մակարդակով զարգացրեց Ռուսաստանյան աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Արա Սարգսյանը: Վերջինս հավաստիացնում է, թե աշխարհի գեոքաղաքական խոշորագույն կենտրոններում մշակվել են հավանական սցենարներ, որոնք պայմանավորված են ռուս-ադրբեջանական և բրիտանա-ադրբեջանական համագործակցություններով: Առաջին սցենարի ծրագրերը համընկնում են «Գազպրոմի» շահերի հետ` կապված «Նաբուկո» ծրագրի հետ, երկրորդը` «Բրիթիշ Պետրոլիում» նավթային հսկայի: «Սցենարի շուրջ պայմանավորվածություններն ամրագրվել են մոտ 10 օր առաջ» Բաքվում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել` ստանալ ռուսական իշխանական թևերի աջակցությունը, այդ թվում նաև գենշտաբի` վերսկսել ռազմական գործողություններն Արցախում»,- հայտարարել է Սարգսյանը: Նույն ժամանակահատվածում հայաստանաբնակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը փորձում էր հիմնավորել, թե մադրիդյան փաթեթի վտանգավոր տարրերից մեկն այն է, որ այդտեղ մի էլեմենտից կարող են բխել այնպիսի բաներ, որոնց հետևանքը կարող է լինել պատերազմը: Ահա հենց այսպիսի տրամաբանության «էվոլյուցիան» նկատի առնելով` օրերս ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց. «Վտանգն այն է, որ ուժեղանում է պատերազմի մասին հռետորաբանությունը: Եթե միջազգային հանրությունը գալիս է կոնսենսուսով լուծման և այն չի կարողանում պարտադրել, ապա պարտադրանքի ձևերից մեկը դառնում է պատերազմի վերսկսումը: Հենց պատերազմի մասին հայտարարությունն է ահազանգում պատերազմի վտանգի մասին»: Սակայն պատերազմի կերպարը միայն ներքին հայտարարություններով չէ, որ կերտվում է: Նախագահների մոսկովյան հանդիպումից ընդամենը մեկ օր հետո սկսեցին տարօինակ ասեկոսեներ շրջանառվել այն մասին, թե Ադրբերջանի զինված ուժերը հարձակում են գործել Քարվաճառի ուղղությամբ: Ավելին, խոսվում էր ոչ միայն նրանց կողմից մի քանի հայկական դիրքերի գրավման և ռազմական գորոծողությունների ընթացքում բազմաթիվ զոհերի մասին, այլև դրանով պայմանավորվեց նույն օրը տարօրինակ զուգադիպությամբ մի քանի հեռուստաընկերությունների եթերի երկարատև խափանման փաստը: Սակայն տարօրինակը ոչ այնքան այսպիսի խոսակցությունների` ձնագնդի էֆեկտով տարածումն էր, այլ պետական մարմինների և հատկապես Պաշտպանության նախարարության արձագանքի ուշացումը, որն ավելի էր նպաստում նման խուճապային տրամադրությունների հասունացմանը: Հարց է առաջանում` արդյոք ՊՆ-ի նման կեցվածքն ուղղված չէր պատերազմի «պրոպագանդային» իրատեսականություն հաղորդելու նպատակին: Մանավանդ որ, այն զուգահեռվում էր նաև դրսից Հայաստանի հանրության վրա քարոզչական ճնշումներ գործադրելուն ուղղված կոնկրետ քայլերով: Մասնավորապես, այն ընթացքում, երբ հանրությունը փորձում էր ինֆորմացիոն քաղցը լրացնել Քարվաճառում բնակվողներից կամ զինծառայողներից որևէ տեղեկատվություն ստանալով` հանկարծ ընդգծված հոռետեսական հայտարարությամբ է հանդես գալիս ոչ ավել, ոչ պակաս` ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն. «Տարեցտարի Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ավելի է դժվարանում: Ես մեծ հույսեր եմ տածում, որ պատերազմը չի վերսկսվի: Մինչդեռ անցած տարի կողմերի միջև տեղի ունեցած բախումները և դրանց արդյունքում արձանագրված 30 զոհերը ցույց են տալիս, որ պատերազմի հավանականությունը դեռևս պահպանվում է»: Ֆասիեի այս նորահայտ հոռետեսությունն առնվազն տարօրինակ է հնչում: Նրա ամերիկացի գործընկեր Մեթյու Բրայզան մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, թե բացառվում է հակամարտության կարգավորման ուժային տարբերակը: Ավելին, անցած տարի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մայենդորֆյան եռակողմ հռչակագրով հստակ սահմանվում էր, որ կողմերը «համաձայնում են, որ խաղաղ կարգավորման հասնելը պետք է ուղեկցվի դրա բոլոր ասպեկտների և փուլերի իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով»: Հռչակագրի այս` երրորդ կետը, ըստ էության, ամրագրում է հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը: Ֆասիեի կողմից արված հոռետեսական այդ հայտարարությունները, փաստորեն, որևէ աղերս չունեն այս սկզբունքի հետ: Հետևաբար, հարց է առաջանում` ինչու են բանակցային հատկապես այս փուլում նման հայտարարություններ արվում, և ինչու է հատկապես Հայաստանի հանրության նկատմամբ իրականացվում այս փաստացի քարոզչական «ահաբեկչությունը»: Սովորաբար, «պատերազմի հռետորաբանությունը» կարող է ակտիվանալ երեք դեպքում: Առաջին` երբ իշխանությունը համոզվում է, որ բանակցային գործընթացը որևէ արդյունքի չի հանգեցնում և փորձում է հանրությանը հոգեբանորեն նախապատրաստել հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը` իբրև հայկական շահերի պաշտպանության միակ պարտադրված տարբերակ: Սակայն տվյալ դեպքում պաշտոնական տեղեկատվական հոսքերը խոսում են բոլորովին այլ բանի մասին: Իշխանական քարոզչամեքենան համառորեն պնդում է, որ քննարկվող մադրիդյան սկզբունքներն ավելի շատ բխում են հայկական կողմի շահերից, քան ադրբեջանական, որ մեզ վրա արտաքին ճնշումներ ընդհանրապես չկան, և որ բանակցությունների այս ռաունդից հայկական կողմը դուրս է եկել առավելաբար հաղթողի կարգավիճակով: Պատերազմի իրական սպառնալիքի դեպքում իշխանությունը ստիպված էր լինելու անկեղծ լինել հասարակության հետ, քանի որ ընդհանուր մոբիլիզացիա իրականացնելու անխուսափելի խնդիր էր առաջանալու: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ իրականում պատերազմի վերսկսման վտանգը իշխանությունն այնքան ակտուալ չի համարում, որքան ներկայացնում է: Երկրորդ` երբ իշխանությունը հակված է ստորագրելու միջնորդների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիրը, սակայն իր թիկունքում զգում է հասարակական-քաղաքական շերտերի ուժեղ դիմադրությունը: Զիջումների գնալու հարցում այդ դիմադրությունը արգելակի դեր է հանդիսանում, քանի որ բանակցային գործընթացում ներգրավված շրջանակները կարող են բախվել իշխանությունը կորցնելու իրական հեռանկարի հետ: Ուստի առաջին պլան է մղվում այդ դիմադրության հիմքերը թուլացնելու անհրաժեշտությունը: Իսկ դրա համար պետք է, որպեսզի հանրությունը, պատերազմի պատրանքի միջով անցնելով, իր մաշկի վրա զգա պատերազմի ողջ ահասարսուռությունը և, կանգնելով արհեստական երկընտրանքի առաջ` անխուսափելի արյունալի պատերազմ կամ ներկայացված առաջարկությունների ընդունում, առնվազն չխոչընդոտի իշխանության կողմից երկրորդ տարբերակի ընտրությանը: Սա, իսկապես, կարող էր իրատեսական սցենար լինել: Սակայն առկա է երկու հարցադրում, որոնք թույլ չեն տալիս վերջնականորեն պնդելու, որ իշխանությունները գնում են սեփական ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելու ճանապարհով: Առաջին` արդյոք իշխանությունն իսկապես ուզում է ստորագրել ներկայացված առաջարկությունների փաթեթը, որն այս պահին ընդհանրապես հակասում է մեր ազգային ու պետական շահերին: Երկրորդ` արդյոք իշխանությունները նման պատասխանատու քայլի գնալուց առաջ ստացել են Լեռնային Ղարաբաղի իշխանության և հատկապես ժողովրդի համաձայնությունը: Թե' առաջին, թե' երկրորդ հարցադրումների հետ կապված` չկան օբյեկտիվ, նպաստող իրողություններ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան հուլիսի 18-ին, նախագահների բանակցություններից անմիջապես հետո, հարկ համարեց իր հիասթափությունն արտահայտել, որ կողմերը չկարողացան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել և որևէ փաստաթուղթ ստորագրել: Մոսկովյան բանակցություններից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը որոշ փակագծեր է բացել, որոնք թույլ են տալիս եզրակացնելու, որ Բրայզայի հիասթափությունն անտեղի չէ, քանի որ հայկական կողմին, իսկապես, ինչ-որ փաստաթուղթ է ներկայացվել ստորագրելու համար: «Իրականությունը մտահոգիչ էր, և լուրջ ահազանգ կար, որ իսկապես անհրաժեշտություն կա այս փուլը հաղթահարել, այս փորձությունը հաղթահարել…Մենք ինչ-որ թայմաութի մի հնարավորություն ստացանք այս փաստաթուղթը չստորագրելով, բայց այդ թայմաութը շատ քիչ է տևելու` մինչև աշուն»,- ասում է նա: Նախ` չգիտես որտեղից և ինչպես ստացած ահազանգի, ապա նաև «այդ փաստաթղթի» չստորագրման մասին Ռուստամյանի խոսքերը վկայում են, որ Մոսկվայում որևէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը բավականին մեծ է եղել և միայն վերջին պահին, այն էլ Հայաստանում սկսված դիմադրողական շարժման թափ հավաքելու պատճառով, այն չի պարտադրվել հայկական կողմին: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ-ի միջոցով մինչ մոսկովյան հանդիպումն սկսված, այսպես կոչված «հակափաստաթղթային» և «հակամադրիդյան» քարոզչական արշավը իշխանությանն անհրաժեշտ էր, որպեսզի բանակցություններում արտաքին ճնշումներին դիմակայելու ռեսուրս և մանևրելու հնարավորություն ունենա: Այսինքն` դա ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ թե փորձում է ներհասարակական տրամադրությունները հարմարեցնել միջնորդների քիմքին, այլ հակառակը` դրանով դիմակայել ճնշումներին: Այստեղից կարելի է ենթադրել, որ «պատերազմի հռետորաբանությունն» ուժեղացվում է` բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը գոնե ինչ-որ չափով ամրապնդելու համար, այսինքն` այստեղ գործ ունենք երրրորդ սցենարի հետ, որի էությունը հակիրճ կարելի է հետևյալ կերպ ներկայացնել: Պատերազմի իրատեսականության մասին քարոզչությունն իրականացվում է ոչ այնքան հանրությանը դրան նախապատրաստելու համար (իհարկե, նաև այդ նպատակով), որքան միջազգային հանրությանը և հատկապես ՄԽ համանախագահող երկրների ղեկավարներին ցույց տալու, որ հայկական կողմը չի խուսափում հավանական պատերազմից, եթե բանակցություններում անտեսվեն մեր բոլոր փաստարկներն ու հիմնավորումները, պահանջներն ու ակնկալիքները: Այսինքն` որ հասարակությունը հոգեբանորեն պատրաստ է դրան, հետևաբար հնարավոր չէ հույսը դնել ճնշումների ու սպառնալիքների վրա: Եթե իսկապես այդպես է, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հայկական դիվանագիտությունը գործի է դրել բանակցային ներկայիս աննպաստ ընթացը բեկելու վերջին հուսահատ գործիքը` պատերազմի մարտահրավերն ընդունելու ցուցադրումը միջազգային հանրությանը: Սա նաև երկրորդ, առայժմ ավելի քիչ նկատելի նպատակ կարող է հետապնդել. տապալել մադրիդյան գործընթացը, բանակցությունները վերադարձնել 1997-98 թթ. միջակայքը, երբ Մինսկի գործընթացի տապալմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Այլ կերպ ասած` ուղղակի քայլեր կատարել և քարոզչական հակահարձակման անցնել` միջնորդների մոտ հասունացնելու համար ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ներգրավելու գաղափարը` որպես առաջընթաց ապահովելու միակ արդյունավետ տարբերակ: Չի կարելի անտեսել, որ միջնորդները սկսել են աշխատել մադրիդյան սկզբունքները ձևափոխելու վրա: Մինսկի խմբի համանախագահների` հուլիսի 25-26-ի կրակովյան հանդիպումը հենց այդ նպատակով էր կազմակերպվել: Սկսված այս նոր գործընթացի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կողմերին կառաջադրվի բոլորովին նոր, արդեն ավարտուն տեսք ունեցող մի փաստաթուղթ, որը Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին հոկտեմբեր ամսվա ընթացքում Քիշնևում նախատեսված հերթական հանդիպմանը կմատուցվի որպես ստորագրման համար պատրաստ, վերջնական նյութ: Այն կպարունակի սկզբունքների ավելի լայն շրջանակ, հետևաբար` ավելի մանրամասն ու կոնկրետ կներկայացնի կարգավորման սցենարը, կամ ինչպես միջազգային պրակտիկայում է ընդունված` «Ճանապարհային քարտեզը»: Այսինքն` առավել քան կարևոր է, որպեսզի համանախագահողները ի սկզբանե իմանան, թե հատկապես որ կետերի վրա է պնդելու հայկական կողմը, և որոնք են լինելու առավել ռիսկային` հայկական կողմից փաստաթուղթը չստորագրելու տեսանկյունից: Եթե «պատերազմի քարոզչության» տեսք ունեցող այս դեմարշի միջոցով հայկական կողմին հաջողվի հասնել գոնե բանակցություններում ԼՂՀ-ի ներգրավման համար հող նախապատրաստելուն, ապա կարելի կլինի խոսել դիվանագիտական լրջագույն հաղթանակի ձեռքբերման մասին: Սակայն առայժմ դա քիչ հավանական է թվում: Ճիշտ է` ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում պնդել է, որ վաղ թե ուշ ԼՂ-ն կմասնակցի բանակցություններին, այսինքն` ադրբեջանցիներին որոշակիորեն նախապատրաստել է նման զարգացումներին, սակայն միաժամանակ հարկ է համարել «կսմթել» հայկական կողմին, թե դա այնքան էլ շուտ չի լինելու, որքան ցանկալի է մեզ համար: «Նրանց (ղարաբաղյան կողմի ներկայացուցիչներին) բանակցային սեղան վերադառնալու համար անհրաժեշտ է փոխադարձ համաձայնություն: Եվ ես հուսով եմ, որ դա տեղի կունենա որոշակի փուլում` ապագայում»,- ասել է Բրայզան: Ինչ կհակադրի դրան հայկական կողմը և կհակադրի, արդյոք, ընդհանրապես, առայժմ պարզ չէ: Առայժմ Հայաստանում բոլորին վախեցնելու համար միայն ձևավորվում է պատերազմի ուրվական-կերպարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter