HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մինչեւ քամու փչելը` էջմիածնեցիները լույս կունենան

Հուլիս ամսվա գրեթե ողջ ընթացքում Էջմիածին քաղաքում ու հարակից` Աղավնատուն, Ամբերդ, Դողս գյուղերում այնքան հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի անջատումները, որ խանութներում ամիսներով չվաճառված մոմերի պահանջարկը սկսել է աճել: Հատկապես երեկոյան թեթեւ քամու ժամանակ էլեկտրաէներգիան պարտադիր մի քանի ժամով անջատվում է: Այս վիճակից հատկապես դժգոհում էին խանութպանները, քանի որ սառնարաններում պահվող մսամթերքն ու պաղպաղակները փչանում են, իսկ խանութպանները դրանք պահելու այլ հնարավորություն չունեն: «Մառոժնու սառնարանը ստիպված Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի ծանոթիս տունն եմ տարել, որ չփչանա, քանի որ առանց զգուշացնելու լույսերն անջատում են: Մի քանի անգամ էլ զանգել եմ մառոժնի բերողներին, որ գան մառոժնին ետ տանեն, թե չէ կհալվի, կմնա վրես: Խիղճները լրիվ կորցրել են: Երեւանցիների լույսերը որ անջատում են, օրը 20 անգամ հեռուստացույցով դալաժիտ են անում, թե այսինչ ժամին անջատում ենք, իսկ գյուղացուն շան տեղ չեն դնում»,- «Հետքին» դժգոհեց Դողս գյուղի խանութներից մեկի վաճառողուհին: Երբ էլեկտրաէներգիայի սպառողների բողոքը ներկայացրինք «Հայաստանի Էլեկտրացանցերի» Էջմիածնի մասնաճյուղի ինժեներ Գուրգեն Հովսեփյանին, վերջինս միանգամից վրդովվեց. «Բողոքողներն իրանց արդարացնելու համար խաբում` ասում են թեթեւ քամի է, հո չեն ասի` փոթորիկ էր, դրա համար է հոսանքն անջատվել»,- ասաց Գ. Հովսեփյանը: Նրա ասելով` թեեւ էլեկտրաէներգիայի անջատումներ նշված համայնքներում, իրոք, լինում են, սակայն դա հաճախակի բնույթ չի կրում, եւ անջատումները կապված են լինում վթարների հետ: «Դողսում քամիների օրն է անջատվել հոսանքը: Խի՞, դուք հեռուստատեսությամբ չե՞ք լսել, թե ինչ քամիներ են եղել: Բացի դա, ընդհանուր գիծ էր վթարվել, դրա պատճառով էլ անջատումներ են լինում: Կամայական անջատումներ մեզ մոտ չեն լինում, դրսում տեղակայված ենթակայանները քամու, անձրեւի ժամանակ վթարվում են: Դե քեզ ո՞նց նկարագրեմ, որ հասկանաս. քամին փչում ա, անձրեւը լցնում ա ենթակայանի մեջ ու կարճ միացում ա լինում: Հիմա չեմ կարող ասել, թե քամին որ կողմից կփչի ու որ ենթակայանում կարճ միացում կլինի»,- իրավիճակը ներկայացրեց Գուրգեն Հովսեփյանը: Պարոն Հովսեփյանից հետաքրքրվեցինք` Էջմիածնում ու հարակից գյուղերում ենթակայաններն ու մալուխները շա՞տ են մաշված: «Ամբողջ Հայաստանի տարածքում է այդ վիճակը, միայն Էջմիածնում չի»,- հնչեց պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter