HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հոգեբանական «սպանությունն» անտեսում եք»

ԱՄՆ քաղաքացին տնից զրկել է ՀՀ քաղաքացիներին 28_07-erebuni-tun«Եթե նոտարի աշխատակիցը սպանություն գործեր, պիտի անտեսեի՞ք, այս դեպքում էլ հոգեբանական «սպանություն» է տեղի ունեցել, երկու երիտասարդների փողոց են շպրտել, եւ Դուք նույնպես նպաստել եք դրան»,- այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննիչ Արթուր Պետրոսյանին հարց ուղղեց փաստաբան Գայանե Գալոյանը: Նա ներկայացնում է քաղաքացի Աննա Փամբուխչյանի շահերը, որը դատարան բողոք է ներկայացրել Էրեբունու քննչական մարմնում քրեական գործը կարճելու որոշման դեմ (http://hetq.am/am/home/tun/): Փամբուխչյանը վստահ է, որ իր ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, կեղծ փաստաթղթերով է կազմել իր ժառանգական գործը, եւ նրան օժանդակել են Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանը եւ թաղային լիազոր Հասմիկ Աբրահամյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»), այնուհետեւ կարճվել էր, որի դեմ էլ բողոքարկում է Աննա Փամբուխչյանը: Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Մելանգուրյանի նախագահությամբ սկսվեց գործի քննությունը: Հայցվորի փաստաբան Գայանե Գալոյանը հայցը ներկայացնելիս նշեց, որ քննիչները գործը կարճել են առանց Սոնյա Թովմասյանին հարցաքննելու եւ բազմաթիվ փաստերի վրա ուշադրություն չեն դարձրել: Օրինակ` այն, որ Սոնյա Թովմասյանի ժառանգական գործում առկա տնային գրքից քաղվածքը որեւէ կապ չունի իրական տան գրքի հետ: Ի դեպ, պատասխանող քննիչ Արթուր Պետրոսյանը եւս հաստատեց այս փաստը: «Սոնյա Թովմասյանն իր դիմումում գրել է, թե ինքը կոմունալ վճարումներ է կատարել, բայց որեւէ անդորրագիր չի ներկայացրել, իսկ Աննա Փամբուխչյանն ունի 1997 թվականից կատարված կոմունալ վճարումների անդորրագրերը»,- հայտարարեց փաստաբանը: «Սոնյա Թովմասյանը նաեւ թաքցրել է, որ ինքը եղբայր եւ զարմիկներ ունի, սակայն այս բոլորը քննիչի կողմից կեղծ չեն դիտվել: Թաղային լիազորը տեղեկանք է տվել, թե Սոնյա Թովմասյանը տիրապետում է Նոր-Արեշ 46 փողոց 37 հասցեի տունը, մինչդեռ նա նույնիսկ այդ տան բանալիները չունի, դրանք գտնվում են Աննա Փամբուխչյանի մոտ»,- ասաց Գայանե Գալոյանը: Վերջում փաստաբանը ներկայացրեց խնդրի բարոյական կողմը. «Սոնյա Թովմասյանը ԱՄՆ-ի քաղաքացի է, սակայն նրան հաջողվել է կեղծ փաստաթղթերով փողոց շպրտել ՀՀ քաղաքացիներին: Աննա Փամբուխչյանի որդիները մեր երկրի պաշտպաններն են, բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող օրինական քաղաքացիներ, որոնք այնպիսի վիճակում են հայտնվել, որ ոչինչ չի մնում անել, քան լքել հայրենիքը»: Գործի վերաբերյալ քննիչը ներկայացրեց իր առարկությունները եւ հայտարարեց, որ գործը կազմվել է հանցակազմի բացակայության պատճառով: Դատական քննությունն ավարտվեց, վճիռը կհրապարակվի հուլիսի 31-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter