Զբոսաշրջիկների վրա կատարված հարձակումները բացահայտվել են
Հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ էր հնչել, որ Արամի փողոցում ավազակային հարձակման են ենթարկվել Չեխիայի հանրապետության 2 քաղաքացի: Նմանատիպ երկու ահազանգ հնչել էր նաև հուլիսի 25-ին` Ե. Կողբացու և Վ. Սարգսյան փողոցներում ավազակային հարձակման էին ենթարկվել Նիդեռլանդների թագավորության 2 և Արգենտինայի 3 քաղաքացիներ:
«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երկու օր անց` հուլիսի 27-ին, բերման ենթարկվեցին 16-ամյա Մկրտիչ Հովսեփյանը, 28-ամյա Հայկ Բուդոյանը և նրա կրտսեր եղբայրը` 16-ամյա Վիգեն Բուդոյանը»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Վերջիններս խոստովանել են, որ զբոսաշրջիկների վրա կատարված ավազակային հարձակումները հեղինակել են իրենք:
«Նույն օրը Մկրտիչ Հովսեփյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ Բուդոյանների բնակարանից հայտնաբերվել են զբոսաշրջիկներին պատկանող «Վիզա Էլեկտրոն» ու «Մաստեր» քարտեր, անձնագիր, ժամացույցներ, դրամապանակներ, բջջային հեռախոսներ, տարբեր երկրների դրամներ և այլ իրեղեն ապացույցներ»,- հայտնում է աղբյուրը:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ հիշյալ անձինք կատարել են նմանատիպ այլ հանցագործություններ, ուստի տուժողներին խնդրում են դիմել ոստիկանության Կենտրոնականի կամ մոտակա բաժին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել