Հայաստանի անդամակցությունը միջազգային աստղագիտական միությանը վտանգի տակ է
Վեց տարի անդամավճար չվճարելու պատճառով Հայաստանը կանգնած է միջազգային աստղագիտական միության անդամակցությունից զրկվելու վտանգի առջեւ:

Հայաստանն այդ միությանն անդամակցել է դեռեւս Վիկտոր Համբարձումյանի կենդանության օրերից, նրա շնորհիվ մեծ հեղինակություն վայելել, որը հաշվի առնելով միությունը վերջին տարիներին խիստ միջոցներ չի կիրառել, հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում խնդիրը կլուծվի:
Ի դեպ, յուրաքանյչյուր տարվա համար Հայաստանը պարտավոր է վճարել 3500 կանադական դոլար: Այս տարվա հունիսին միությունից ստացվել է վերջին նախազգուշական նամակը, որ եթե մինչեւ հուլիսի 31-ը վճարումը չկատարվի, Հայաստանը վերջնականապես կզրկվի անդամակցությունից:
Գլենդելում սպանվել է «Արարատ» բանկի գործադիր տնօրենի նախկին տեղակալը
Հուլիսի 22-ին Գլենդելում սպանվել է «Արարատ» բանկի գործադիր տնօրենի նախկին տեղակալ, 35-ամյա Արա Տերունյանը: Սպանությունը տեղի է ունեցել 11:08-ին Արեւմտյան Կոլորադո փողոցում:
Տերունյանն ու նրա կինը եղել են ավտոմեքենայում, երբ մարդասպանը մոտեցել է մեքենային ու կրակ է բացել նրա ուղղությամբ: Մինչ ոստիկանությունը կժամաներ պատահարի վայր, Արա Տերունյանն արդեն զոհվել էր:
Ինչպես Panarmenian.net-ին հաղորդել է «Արարատ» բանկի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը, Արա Տերունյանն աշխատել է բանկում 6-7 տարի առաջ եւ զբաղեցրել է բանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը ընդամենը 3-4 ամիս: Բացի այդ, Տերունյանն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում:
Կեղծել են իրականությունը թաքցնելու համար
Երեկ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբում ընդդիմությանը ներկայացնող անդամներ Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը երրորդ փաստաթուղթն են ուղարկել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:
Փաստաթղթում բերված են մարտի 1-ի տասը զոհերից` ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների ուսումնասիրության արդյունքները:
Ըստ այդմ` Փաստահավաքի անդամները հանգել են եզրակացության, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է ատոմատ ընդհուպ կրակահերթով: Հիշեցնենք, որ զինվորը սպանվել է պարանոցին հասցված կրակոցներից:
Մինչեւ այս, ներկայացված պաշտոնական վարկածով` Տիգրան Աբգարյանը սպանվել է հեռվից` անհայտ ցուցարարի կողմից արձակված կրակոցից: Սակայն, Փաստահավաքի անդամների կազմած փաստաթղթում բերված են փաստեր, թե ինչպես են իրավապահները կեղծել եւ կոծկել փաստերը` պաշտոնական վարկածը առաջ տանելու եւ իրականությունը թաքցնելու համար:
Մոսկվայում ստորագրել են
Երեկ հավաստի տեղեկություններ ստացանք, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Մոսկվայում ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթուղթ: «ՀԺ» աղբյուրները հայտնում են, որ փաստաթղթի ստորագրումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռքբերվել տեղի ունեցածը գաղտնի պահել, առնվազն մինչեւ 2010 թ. հունվարի 1-ը:
Ըստ նույն աղբյուրների` այս ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է քայլ առ քայլ, փոքր-փոքր արտահոսքերով իրենց ժողովուրդներին նախապատրաստեին հակամարտության կարգավորման փաստաթղթի ստորագրման լուրին:
Այս ամենի համատեքսում, թերեւս, բոլորովին այլ լույիս ներքո է դիտվում նաեւ ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահների` Մեթյու Բրայզայի եւ Յուրի Մերզլյակովի` խմբից հեռանալու լուրը: Վերջին տարիներին չափազանց ակտիվ գործունեություն ծավալած եւ կարեւոր դերակատարում ստանձնած համանախագահները կարծես թե հեռանում են` գործը լրիվ ավարտած:
72-ի մեջ` 70-րդը
Պորտլանդի համալսարանի դոցենք Բրյուս Ջիլլի հրապարակած` «Իշխանության իրավունք. ինչպե՞ս են պետությունները նվաճում եւ կորցնում լեգիտիմությունը» գրքի մեջ Հայաստանի վերաբերյալ ուշագրավ տեղեկատվություն կա:
Ըստ այդմ, աշխարհի 72 երկրներում անցկացված ուսումնասիրությունների համաձայն` իշխանության լեգիտիմության գործակցով Հայաստանը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը: Համեմատության համար նշենք, որ Վրաստանը հայտնվել է 68-րդ տեղում, Թուրքիան` 62-րդ, իսկ Ադրբեջանը` 9-րդ տեղում:
Սա գրքի հեղինակը բացատրում է այն հանգամանքով, որ Հեյդար Ալիեւի` իշխանության գալուց հետո, իշխանությունները, իրենց գործողությունների համար հասարակության աջակցությունն ապահովելու նպատակով, երկրի բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտներն ուղղեցին երկրի սոցիալ-տնտեսական արագ զարգացմանը:
Բենզինի սպառումը նվազել է
Տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է թողել նաև վառելանյութի շուկայի վրա: Չնայած հեղուկ վառելանյութի գինն այս տարի զգալիորեն ցածր է նախորդ տարվա համեմատ` այդուհանդերձ, սպառումը բավականաչափ նվազել է:
Եթե 2008 թ. առաջին կիսամյակում Հյաաստան է բերվել 82.2 հազար տոննա բենզին, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` 80.2 տոննա: Միջին ամսական սպառումն այս տարի եղել է ընդամենը 13.3 հազար տոննա: Մինչդեռ մի քանի տարի առաջ սպառումը տատանվում էր 16-17 հազար տոննայի սահմաններում:
Ինչպես ստեղծվեց ՀԱԿ-ը և ինչի համար
«Մի՞թե ես չգիտեմ հերոս ձևանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն կերպ դուր գալու էժան հնարքները»,- գրում է Տեր-Պետրոսյանը 1997 թ. նոյեմբերի 2-ին տպագրված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, որ օրերս հերթական անգամ շրջանառության մեջ դրվեց մամուլում:
Այն, որ ՀՀՇ առաջնորդը փայլուն տիրապետում է մարդկանց հիմարացնելու էժանագին հնարքներին և կարողանում է վարպետորեն օգտագործել այդ հնարքները, երկու կարծիք լինել չի կարող:
Մեր ձեռքի տակ է ՀԱԿ ակտիվիստներին ուղղված «շրջաբերականը», որտեղ մատչելի կերպով ներկայացված են նեոբոլշևիկների անելիքները և ծրագրերը:
Եվ այսպես, «առաջին. ՀԱԿ-ը չպետք է դիտվի որպես կուսակցություն: Երկրորդ` ՀԱԿ-ը չպետք է դիտվի նույնիսկ որպես կուսակցությունների միավորում: Երրորդ` ՀԱԿ-ը պետք է դիտվի որպես Հայաստանի քաղաքացիների ազատական-հայրենասիրական շարժում»:
Ուշադրություն դարձրերք` ոչ թե պետք է լինի, այլ պետք է դիտվի, քանզի էական չէ` իրականում ով ես, ինչ ես կամ մտքիդ ինչ է. կարևորն այն է, որ կարողանաս «զանգվածային գիտակցության մեջ ամրագրել այն համոզմունքը, որ ազատական գաղափարները պետք է և կարող են լինել ազգային, հայրենասիրական»:
Կարճ ասած, մոլորեցնել հանրությանը` «ազգային-հայրենասիրական» շղարշ ստեղծելով ՀԱԿ-ի շուրջ:
Որակ չունեցող միջակություններ
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին զայրացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետեւյալ արտահայտությունը.
«Ես կուզեի, որ իրականում Հայաստանում որակյալ փաստաբաններ, արժանի հակառակորդներ ունենայինք` օրենքի սահմաններում աշխատող, իրենց իրավաբանական գիտելիքները դրսեւորող, ոչ թե դատարանի նկատմամաբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով` ցույց տա, թե տեսեք` ես ինչ լավն եմ, դուխով պաշտպանում եմ»:
Փաստաբանների պալատի նախագահն այս կապակցությամբ ասաց. «Այսպիսի բան կարող էր ասել միայն շա~տ որակյալ դատախազը, շա~տ որակյալ քննիչը, դատավորը, բայց միջակությունները նման բան ասելու իրավունք չունեն:
Միրզոյան Անդրանիկը գուցե թե որակյալ դատախազ ինչ-որ չափով եղել է, բայց հենց դարձել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար` այդ օրվանից որկան ընկել է: Բայց ոչ այն պատճառով, որ գիտելիքներն են պակասել, այլ որովհետեւ աշխատում է կատարել այն, ինչ իրենից պահանջում է գլխավոր դատախազը: Սա իմ անձնական կարծիքն է, բայց ես համոզված եմ ասում դա:
Որակ ընդհանրապես չկա ՀՔԾ-ում: Ու նաեւ որակ չունեն այն դատախազները, որոնք հսկողություն են իրականացնում այդ ծառայության նկատմամաբ, եւ այդ բուրգի գագաթում կանգնած է գլխավոր դատախազը: Ես կարող եմ թվարկել ոչ պակաս, քան 273 ապօրինություն կամ խախտում, որ կատարել է ՀՔԾ-ն վերջին 1,5 տարվա ընթացքում:
Իսկ եթե ինձ հնարավորություն տան իրենց գործերի վարույթներին ծանոթանալ` այդ թիվը կհասցնեմ 1000-ի»,- «Առավոտ»-ի թղթակցին ասել է փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
Տրոս Համոն կներկայանա
Երեկ «Հրապարակի» խմբագրություն է զանգահարել Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող Համլետ Հովհաննիսյանը` Տրոս Համոն, ով հայտնեց, որ վաղը կամ մյուս օրը ներկայանալու է իրավապահ մարմիններին:
Նա նշեց, որ «չնայած չի հավատում հայաստանյան արդարադատությանը և համոզված է, որ իրեն կալանավորելու են, սակայն որոշել է ներկայանալ, որպեսզի կարողանա ապացուցել իր անմեղությունը»:
Նրա նկատմամբ հարուցված է մեղադրանք ՔՕ 225 հոդվածի առաջին մասով, որի վրա համաներում է տարածվում:
Համլետ Հովհաննիսյանին հավանաբար կպաշտպանի նրա որդին` փաստաբան Գիվի Հովհաննիսյանը և Հովիկ Արսենյանը:
Մկրտումյանը փորձում է վերահսկել
Թերթի տեղեկություններով` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը փորձում է իր վերահսկողության տակ առնել դատական համակարգը:
Երեկ դատական դեպարտամենտի մի քանի աշխատակիցներ այցելել են քաղաքացիական վերաքննիչ դատարան և սկսել են ստուգումներ անցկացնել: Պաշտոնական բացատրությունն այն է եղել, թե ստուգում են դատական կարգադրիչների հետ կապված դատական փաստաթղթերը: Սակայն իրականում ուսումնասիրել են վերջին մեկ տարվա այցելուների գրառումները, թե ո՞ր դատավորի մոտ ո՞վ է այցելել, քանի՞ անգամ:
Նպատակը կոռուպցիոն ռիսկերը ստուգելն է և դատավորների կապերը պարզելը:
«Գումի» տնօրենը` քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանում օգոստոսի 1-ից տրանսպորտի վարչության պետի պաշտոնը կզբաղեցնի «Գումի» շուկայի տնօրենը: Տրանսպորտի վարչությունը քաղաքապետարանի ամենաընդարձակ աշխատանքային ոլորտ ունեցող ճյուղն է, իսկ «Գումի» Արմանը Գագիկ Բեգլարյանի ամենավստահելի անձանցից է:
Շուկան արդեն նոր տնօրեն ունի` Նահապետյան Վազգեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել