HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների գործով դատալսմանն արձանագրված խախտումները

2009թ.  հուլիսի 22-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր գործի բողոքարկման առաջին դատալսումը: Դատալսմանը ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրեցին հետեւյալ հիմնական խախտումները.   1.    Դատարանի նախագահ` տկն Թամարա Ալանիան խիստ կողմնակալ վերաբերմունք էր դրսեւորում Վահագն Չախալյանի նկատմամբ,  ջավախքահայ քաղաքական ակտիվիստին ուղղված իր հարցերով ակնհայտորեն ցույց տալով, որ իր համար Վահագն Չախալյանի մեղավոր լինելն արդեն իսկ ապացուցված է: 2.    Դատարանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած գրեթե բոլոր միջոնորդությունները, այդ թվում` ներկա լրագրողներին ձայնագրել թույլ տալու, գործի դվագներից մեկի առանցքային դերակատարներ` Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն դատարան հրավիրելու եւ հարցաքննելու, Վահագն Չախալյանի տանը եւ նրա ղեկավարած կազմակերպությունում խուզարկության ընթացքում իբր հայտնաբերած զենքի մատնահետքաբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունները: 3.    Դատարանի նախագահ` Թամարա Ալանիան թույլ չտվեց Վահագն Չախալյանին ընթերցել իր կողմից գրված հայտարարությունը, ինչպես նաեւ հրաժարվեց ընդունել այն եւ կցել գործին /հայտարարությունը` հավելվածում/: 4.    Ինչպես եւ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի պարագայում` դատական նիստերն ընթանում են առանց Վահագն Չախալյանի ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի մասնակցության: Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժել էր նրան գրանցել, իսկ երբ Վահագն Չախալյանը բողոքարկել էր այդ որոշումը դատարանում, վրացական իշխանություննրը փոխել էին օրենքը եւ ընդհանրապես հանել արերկրի փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանություն իրականացնելը թույլատրող դրույթը: 5.    Ինչպես եւ Ախալցխայի դատրանի պարագայում` նույն խայտառակ ցածր մակարդակի վրա էր կատարվում հայերենից վրացերեն եւ վրացերենից հայերեն թարգմանությունը: 6.    Պատճառաբանելով ամառային արձակուրդների ժամանակշրջանի գործոնը` դատարանը հետաձգեց գործով դատալսումը երկու ամսով` մինչեւ սեպտեմբերի 18-ը: Վերոնշյալը, նամանավանդ, այն իրողությունը, որ Վերաքննիչ դատարանը ցուցաբերում է կողմնակալ եւ խիստ ժխտական մոտեցում Վահագն Չախալյանի նկատմամբ, հերթական անգամ վկայում է այն մասին, որ այն ինչ տեղի է ունենում դատարանի դահլիճում լոկ ջավախքահայ ակտիվիստի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքական հաշվեհարդարի իրավական «վավերացում» է: Վահագն  Չախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի  առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի կամ խուլիգաանությունը կասեցնող այլ անձի դեմ)` դատապարտելով ջավախքահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման: Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ   226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումներին մասնակցություն)` դատապարտվելով 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ սահմանվեց 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter