Սերբիան մտադիր է դեսպանատուն բացել Հայաստանում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը:
«Հարգելի պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Երկրի ղեկավարի մակարդակով սա առաջին այցելությունն է, եւ ես համոզված եմ, որ այն թելադրված է հայ-սերբական պատմական, բարեկամական կապերը միջկառավարական հարաբերություններում ամրապնդելու անկեղծ ցանկությամբ: Ցավոք, մինչ այսօր մեր հարաբերությունները շատ թույլ էին զարգացած, ինչը չի համապատասխանում ոչ մեր պատմական առնչություններին եւ ոչ էլ առկա հնարավորություններին: Կարծում եմ, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը ոչ միայն հնարավորություն է տալիս, այլ նաեւ պարտադրում է մեր հարաբերություններին նոր որակ հաղորդել: Ահա այդ ցանկությամբ է, որ ես Ձեզ հրավիրել եմ Հայաստան եւ վստահ եմ, որ Ձեր այցելությունը խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զար•ացման համար», - ասել է Սերժ Սարգսյանը:
Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` նախագահների մասնակցությամբ:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է բարեկամանալ Սերբիայի հետ եւ այդ ճանապարհին ջանքեր ներդնել: Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես սկիզբ աշխուժացնել հոգեւոր-մշակութային կապերը` նշելով, որ այն լավ հող կնախապատրաստի տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները բացահայտելու համար:
Բորիս Տադիչը ողջունել է նախագահ Սարգսյանի առաջարկը` ասելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ սկսելու հանձնարարականներ կտրվեն համապատասխան գերատեսչություններին, եւ Հայաստանի նախագահի` Սերբիա կատարելիք այցի ժամանակ արդեն առկա կլինեն առաջին արդյունքները:
Կողմերը խոսել են նաեւ տրանսպորտային հաղորդակցության, տնտեսության բնագավառում համագործակցության ուղիների մասին` նշելով, որ տնտեսական բաղադրիչը մեծապես կխթանի հայ-սերբական կապերի զարգացումը:
Բորիս Տադիչն ասել է, որ Սերբիան մտադիր է առաջիկայում դեսպանատուն բացել Հայաստանում, որպեսզի Աթենքի նստավայրում պաշտոնավարող դեսպանը հայ-սերբական հարաբերությունների զարգացմանը նպաստի տեղում:
Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, նախագահներ Սարգսյանն ու Տադիչը մտքեր են փոխանակել նաեւ կովկասյան եւ բալկանյան տարածաշրջաններում առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին` երկուստեք կարծիք հայտնելով, որ դրանք կարող են եւ պետք է լուծվեն միայն բանակցությունների եւ խաղաղ գործընթացների միջոցով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել