HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դպրոցների միջև արհեստական մրցակցություն է ստեղծվել. մարզի ղեկավարությանը դա չի մտահոգում

Վանաձորում 2 դպրոց պահպանել է միջնակարգ դպրոցի կարգավիճակը` թիվ 24 և թիվ 18 դպրոցները, որոնք գտնվում են միևնույն` Երևանյան խճուղի (Ջունգլիներ) թաղամասում` ընդամենը 1.6 կիլոմետր հեռավորությամբ: Այդ նույն թաղամասում է գտնվում Վանաձորում այս տարի հիմնական դպրոցի կարգավիճակ ստացած 4 դպրոցներից 2-ը` թիվ 9 և թիվ 19 դպրոցները: Այսինքն` միևնույն թաղամասում իրար շատ մոտ գործում է 2 միջնակարգ և 2 հիմնական դպրոց, որոնց միջև լուրջ մրցակցություն է սկսվել նոր կարգավիճակի պատճառով:

Հիմնական դպրոցներից 10-րդ դասարանցիների տեղափոխությունը բնական է, քանի որ հիմնական դպրոցում չի լինելու 10-րդ դասարան:

Բայց թաղամասի տասներորդցիներն ու նրանց ծնողները դժգոհում են, որ տարածություն են կտրելու` հիմնականում քաղաքի կենտրոնում գտնվող ավագ դպրոցներից որևէ մեկը հասնելու համար (նշված թաղամասում այդպես էլ ավագ դպրոց չձևավորվեց` չնայած նախապես որոշվել էր, որ թաղամասի թիվ 24 դպրոցը դառնալու է ավագ դպրոց): Իսկ քաղաքի կենտրոն հասնելը տրանսպորտային ծախսեր է պահանջում, ժամանակ, էներգիա:

Այդ պատճառով թիվ 9 և թիվ 19 հիմնական դպրոցների 10-րդ դասարանցիները հիմնականում տեղափոխվում են նույն թաղամասի 2 միջնակարգ դպրոցներից մեկը` թիվ 18 կամ թիվ 24, քանի որ միջնակարգ դպրոցում ուսուցումը նախկինի պես շարունակվում է 1-12-րդ դասարաններում:

Նշված միջնակարգ դպրոցները և իրենց աշակերտների քանակն են պահպանում, և նոր 10-րդ դասարանցիներ հավաքագրում:

Տարրական դասարաններում աշակերտների ընդունելության ցուցանիշով էլ այդ դպրոցները գերազանցում են հիմնական դպրոցներին. այս պահի դրությամբ թիվ 9 հիմնական դպրոց ընդունված աշակերտների թիվը 25 է, դրա դիմաց թիվ 18 միջնակարգ դպրոց ընդունվել է 50, թիվ 24 միջնակարգ դպրոց` 60 աշակերտ:

Ծնողների պատճառաբանությամբ` երեխաներին հիմնական դպրոց ուղարկելով` հետագայում կանգնելու են տեղափոխության խնդրի առջև: Իսկ քանի որ թաղամասում միջնակարգ դպրոց կա, գերադասում են երեխաներին միջնակարգ դպրոց ուղարկել, որպեսզի առանց տեղափոխության 12 տարի սովորեն միևնույն դպրոցում:

Այսինքն` նշված միջնակարգ դպրոցները մրցակցում են հիմնական դպրոցների հետ և կարգավիճակով պայմանավորված` առավելություն ունեն նրանց նկատմամբ:

Մարզի ղեկավարությունից փորձեցինք ճշտել` ի՞նչ սկզբունքով են նշված դպրոցները ձեռք բերել կամ պահպանել իրենց կարգավիճակը, և ինչպե՞ս են 2 հիմնական ու 2 միջնակարգ դպրոցները տեղաբաշխվել միևնույն թաղամասում:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, տեղեկանալով զրույցի թեմային, առաջարկեց այն հետաձգել` նշանակելով 1 շաբաթ հետո: Նշանակված օրն ու ժամին վարչության պետը աշխատավայրում չէր:

Նորանշանակ Լոռու մարզպետը նույնպես չցանկացավ զրուցել այս թեմայով:

Այնուամենայնիվ, կարողացանք որոշ պարզաբանումներ ստանալ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանից:

Նախ պարզեցինք, որ Վանաձորի թիվ 18 և թիվ 24 միջնակարգ դպրոցների կարգավիճակը ժամանակավոր չէ, հաջորդ ուստարում նրանք հիմնական կամ ավագ դպրոցի կարգավիճակ չեն ստանա: Այդ դպրոցները վերջնական կարգավիճակով ներկայացված են նախարարություն: Մ. Խաչատրյանը դա հիմնավորեց նրանով, որ 2012 թվականին հանրապետությունում ավագ դպրոցների ձևավորման գործընթացն ավարտվում է, և Վանաձորում նոր ավագ դպրոցներ չեն ձևավորվի:

Բաժնի պետը հաստատեց, որ նախատեսվում էր թիվ 24 դպրոցը վերակազմակերպել ավագ դպրոցի, բայց, նրա ասելով, կոլեգիալ քննարկման արդյունքում որոշվել է պահել այն որպես միջնակարգ դպրոց:

Հետաքրքրվեցինք` կա՞ն չափանիշներ, որոնց պարտադիր պետք է բավարարի դպրոցը, որպեսզի ձեռք բերի ավագ կամ հիմնական դպրոցի կարգավիճակ: Բաժնի պետը պարզաբանեց, որ նման չափանիշներ չկան:

«Պայմանները կարևոր չեն, պայմանները հետո կստեղծվեն, եթե չկան այդ պայմանները: Դրա համար յուրաքանչյուր վերակազմակերպվող դպրոցում պետությունը միջոցներ է ներդնում, որպեսզի պայմանները համապատասխանեցնի ավագ դպրոցին»,-ասաց Մ. Խաչատրյանը:

Այդ դեպքում ի՞նչ նկատառումով է նշված թաղամասում 2 դպրոց մնացել միջնակարգ, 2-ը` դարձել հիմնական, ավագ դպրոց էլ չի ձևավորվել հարցին` Մ. Խաչատրյանը պատասխանեց. «Նկատառումը հետևյալն է, որ Վանաձորի տեղանքի, ռելիեֆի հետ կապված` դժվարություններ չառաջանան երեխաների համար: Ենթադրենք 24 դպրոցի տարածքից դժվար է գնալ թիվ 13 ավագ դպրոց: Դրա համար «Ջունգլիներ» թաղամասի երեխաները հանգիստ գնում են 24 դպրոց, մի քիչ ավելի վերևից` 18: Այսինքն` նպատակահարմար չէր, որ այդ տարածքի երեխաները գնան 13 կամ իջնեն 10, 11 ավագ դպրոցներ. տրանսպորտային ծախսեր, ժամանակ: Այդ խնդիրները լուծելու համար 2 դպրոցները թողեցինք միջնակարգ»:

Մեր այն մտահոգությանը, որ փոքր թաղամասում 2 միջնակարգ դպրոցների գոյությունն արդեն լուրջ մրցակցություն է հիմնական դպրոցների համար, բաժնի պետը հետևյալ դիրքորոշումը հայտնել. «Ի՞նչ խնդիր է առաջանում այստեղ, որ այն մյուս դպրոցը կարող է փակվե՞լ, թող փակվի»:

Մեկնաբանություններ (1)

Serine
iharke,,tox et myus dprocnern el pakven: yani qich en ashxatazurkner@,tox mek dproc el pakvi, u shatanan gorcazurkner@:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter