HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ծիածանում մարդիկ հույսները չեն կտրել ո’չ կառավարությունից, ո’չ էլ հողից

29_07-TsiatsanԲայց մարզպետարանից հույս չունեն Արմավիրի մարզի Ծիածան գյուղական համայնքը Էջմիածնից ընդամենը 2-3 կիլոմետր է հեռու, սակայն այստեղ գյուղացիներն այնքան են տարվել իրենց հողակտորները մշակելով, որ չեն էլ զգում քաղաքին մոտ գտնվելու փաստը: Այդ տպավորությունը ստացանք Ծիածանի գյուղապետ Խաչիկ Գեւորգյանի հետ զրույցից: Գյուղապետը սկզբում հայտարարեց, թե իրենց գյուղը ոչ մի խնդիր չունի, սակայն ընթացքում սկսեց կիսվել իրենց խնդիրներով: 29_07-Xachik-Gevorgyan«Ութ ամիս է` գյուղապետ եմ ընտրվել, ու այս ընթացքում ժողովուրդը ոչ մի հարցով չի դժգոհել, բացի նրանից, որ փող չունեն,- ասաց Խ. Գեւորգանն ու ավելացրեց - Ժողովրդի ձեռքը փող չլինելու պատճառով հողի հարկը մի փոքր քիչ է գանձվում. այս պահին 40-50 տոկոս է հավաքագրվել: Բայց մարդիկ շուկայի ապրանք ունեն, երեւի կվաճառեն կբերեն հարկերը կտան: Գյուղում հիմնականում կարտոշկա ու ցորեն են անում: Նախորդ տարի այս ժամանակահատվածում արդեն 2,5 միլիոն դրամի հարկ էինք հավաքել, այս տարի դեռ դրա կեսն էլ չենք կարողացել գանձել: Ոռոգման ջուրը, որ անցած տարիների հետ համեմատ այս տարի լիարժեք տվել ենք, չենք կարողանում վարձերը հավաքել: Այս ամենից արդեն երեւում է, որ հարկերի գանձումը ետ է գնում: Դա հերիք չի՞, որ երեւա ճգնաժամի հետեւանքները»: Գյուղապետի ասելով` այս տարի Ծիածանում չմշակվող հողերը չի անցնում 5-6 հեկտարից, բայց շատ հնարավոր է, որ մյուս տարի նույն ժամանակահատվածում չմշակվող հողերը լինեն 30-50 հեկտար, բայց պարոն Գեւորգյանի հավաստմամբ` այս պահին մարդիկ հույսները չեն կտրել ո՛չ կառավարությունից, ո՛չ էլ հողից. «Կպած հողի վրա աշխատում ենք` տեսնենք, ինչ կլինի վերջը»,- անկեղծացավ գյուղապետը: Նշենք, որ Ծիածանում գյուղացիները հիմնականում ցորեն են մշակում եւ կարտոֆիլ, սակայն այս տարի գյուղատնտեսական մթերքը շուկաներում բավականին էժան է վաճառվում եւ գրեթե բոլորն էլ վնասներ են կրում: «Կարտոֆիլի իրացման խնդիր կունենանք, որովհետեւ գյուղում 200 հեկտարից 80 հեկտարը կարտոշկա են ցանել: Հիմա հաճախորդները գալիս են գյուղացիներից տանում են կարտոշկեն, գյուղացիների մի մասն էլ ավտոբուսներով Մալաթիայի շուկա են գնում: Անցյալ տարի 1 հեկտարի վրա ուղիղ 1 միլիոն դրամի միայն կարտոշկի սերմ է գնացել` կիլոգրամը 230 դրամով ենք առել: Էլ չեմ հաշվում վար ու ցանքը,  թունաքիմիկատները, հարկերը եւ այլն: Փաստորեն, անցյալ տարի 1 հեկտար կարտոֆիլ մշակողը 1 միլիոն դրամ է կորցրել, դրա համար էլ, եթե անցյալ տարի ընդամենը 10 հեկտար ցորենի արտ ունեինք, այս տարի 50-60 հեկտարի է հասել: Ցորենն էլ ինքնարժեքը չի հանում, մարդիկ էլ վնաս են կրում, ուղղակի իրենց տան հացն են ապահովում: Ինչ վերաբերում է խաղողին ու խնձորին, ապա Արմավիրի մարզպետը մեզ ասել է, որ այս տարի խնդիր չի առաջանա, քանի որ դուրս արտահանելու եւ ներսում իրացնելու հնարավորություն ունենք»,- ասաց Խաչիկ Գեւորգյանը: Գյուղապետի ասելով, եթե մարդիկ այդքան ցանք են արել` նախորդ տարվա արդյունքն է, քանի որ, եթե անցյալ տարի 1 հեկտար հողակտորը վարում էին 50 հազար դրամով, ապա այս տարի վարի գինը հասել է 70 հազար դրամի: «Անցյալ տարվա հաշվին մեր գյուղացին վար ու ցանք է արել, բայց այս տարի չի կարենալու. շատ թանկ է: Բացի դա, գյուղացին տրակտոր չունի, օրինակ` մեր գյուղում ընդամենը մեկ տրակտոր կա, այն էլ չի աշխատում: Մեր գյուղացիների հողը վարելու համար տրակտորն ուրիշ գյուղերից է գալիս ու հաստատ այս տարի խնդիր կառաջանա, որովհետեւ 1 հեկտարը 70 հազար դրամով վարելը հանցագործություն է»: Ծիածանցի Գեւորգ պապը նույնպես հաստատեց, որ իրենց վիճակն այս տարի ծանր է, քանի որ հող մշակելը բավականին ծախսատար է դարձել, փոխարենն էժանացել է գյուղմթերքը: «Հլա տարին չէր սկսվել, մեր մարզպետն իրար հետեւից հայտարարում էր, թե գյուղացիների համար այս տարի գերազանց ա լինելու, բա ո՞ւր ա իրա գերազանցը: Այս տարի սկի երեսն էլ չենք տեսել, ոչ մի անգամ չի գալիս հանդիպման, որ մենք մեր ասելիքն իրա ետեսին ասենք»,- ասաց Գեւորգ պապը: Նրան միացավ նաեւ մեկ այլ ծիածանցի` Կարեն Գեւորգյանը: Նա մեզ պետմեց, որ այս տարի իրենք վնասներ են կրել, քանի որ կարտոֆիլը չեն կարողացել գոնե ինքնարժեքով իրացնել: «Թանկ ու կրակ սերմն առել ենք, պարարտանյութ ենք տվել, բայց չկարողացա գոնե ծախսերս հանեմ: Թքել եմ սենց ապրելու վրա, որ մենք ենք ապրում: Գենոցիդի մասին են խոսում, մեր կառավարությունն էլ հիմա մեզ ա գենոցիդի ենթարկում, խի՞ դրա մասին չեք խոսում: Հիմա եթե ձեռս ճար լինի ու մեկը հանի սամալյոտի տոմս տա, ընտանիքս կհավաքեմ ու ստեղից ռադս կքաշեմ»,- ասաց Կարենը: Այս տարի գյուղացիները ծանր կացության մեջ կհայտնվեն նաեւ ոռոգման ջրի պատճառով: Թեեւ կառավարությունը վերջերս ոռոգման ջրի համար սուբսիդիա է հատկացրել գյուղացիներին, սակայն շատերը կասկածում էին, որ այդ գումարները բուն նպատակին կծառայեն եւ կհասնի իրենց: «Ոռոգման ջուրը, եթե լիտրով վերցնենք, չի թանկացել: Իսկ տվյալ պահին գյուղացին լիտրով է ջուրը ստանում, մեր ժողովուրդն էլի չի կարող վճարել: Բայց արդեն խոսակցություններ կան բարձրացնել ոչ թե ոռոգման ջրի սակագինը, այլ օգտագործվող ջրի ծավալը` ըստ մշակվող կուլտուրաների: Բայց երեւի վարձավճարները կհավաքագրվի»,- ասաց Ծիածանի գյուղապետը: Նշենք, որ առանց այդ էլ 2008 թվականին ոռոգման ջրի սակագները բավականին թանկ են եղել: Ասենք, 1 հեկտարի հաշվով հացակատիկի ոռոգումն արժեցել է 40 հազար դրամ, պտղատու այգին 61 հազար, խաղողի այգին 66 հազար, առվույտը` 78 հազար, բանջարանոցի ոռոգումը` 81 հազար դրամ, իսկ կարտոֆիլը` 40 հազար: «Եթե նույնիսկ այս գներն էլ պահպանվեն, գյուղացու վրա վատ է անդրադառնալու, որովհետեւ վարը թանկացել է, հիմա էլ ջրի ծավալն է ավելանում. էլի թանկ է նստում գյուղացու վրա»,- ավելացրեց պարոն Գեւորգյանը: Գյուղապետի ասելով` ծիածանցիները պարարտանյութի խնդիր սեզոնին եւս ունենում են: Եթե նախորդ տարի պետության տրամադրած սուբսիդիայի հաշվին 50 կիլոգրամանոց պարարտանյութի պարկը գյուղացին գնում էր 3700 դրամով, այս տարի այն ձեռք է բերել 6300 դրամով: Տեղեկացնենք, որ պարարտանյութի գումարը գյուղացիները հավաքել են նախօրոք` նոյեմբերին, եւ քանի որ ձմռան նախաշեմին քչերը գարնան պարարտանյութի համար կարող էին գումար առանձնացնել, այդ իսկ պատճառով շատերը չեն կարողացել ձեռք բերել նույնիսկ 6300 դրամանոց պարարտանյութը: «Ով փող ուներ առավ, ով էլ չուներ առանց պարարտանյութ տալու է իր կարտոֆիլը ջրել»,-նշեց գյուղապետը: Փորցեցինք լսել նաեւ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանին, սակայն առավոտից նրա ոչ աշխատասենյակի հեռախոսն էր պատասխանում, ոչ էլ բջջայինը: Կեսօրին վերջապես կապ հաստատեցինք նրա հետ: Երբ ներկայացանք, միանգամից ընդհատեց. «Ի՞նչ կա, ի՞նչ եք ուզում: Ձեր հարցերը փոխանցեք մամուլի քարտուղարին, նա կպատասխանի»,- ասաց պարոն Այվազյանը: Երբ նրան փոխանցեցինք, որ հարցն անմիջապես կապված է իր ոլորտի հետ, պատասխանեց. «Ոչինչ, իմ ոլորտի հարցն էլ փոխանցեք մամուլի քարտուղարին, ինքը կպատասխանի»: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արթուր Այվազյանը մեր հարցերին պատասխանում է միայն խոսնակների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter