HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5247 թափառող շուն ստերիլիզացվել է, 20 460-ը` վնասազերծվել

29_07-dogs«Օրհուս» կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Թափառող շների պահպանությունը քաղաքակիրթ եղանակով` անապաստան շների ստերիլիզացման մեթոդի կիրառումը» թեմայով քննարկում: Քննարկումը չանցավ ըստ պատշաճի. այն ավելի շատ վեճի վերածվեց մասնակիցների միջև: Վեճերի արանքում, այնուամենայնիվ, բանախոսներից ոմանց հաջողվեց բուն թեմային վերաբերող նկատառումներ անել:

Նունե Մեհրաբյանը կացարան է ստեղծել ապաստանազուրկ կենդանիների համար, որն այսօր Երևանում միակ նմանատիպ կացարանն է: Նա արդեն ութ տարի է զբաղվում է թափառող շների քանակը նվազեցնելով` զերծ մնալով վնասազերծման տարբերակից:

«Կացարանում այս ութ տավա մեջ միշտ գտնվել են շնիկներ: Շատ ու շատ շների համար տերեր ենք գտել: Կացարանում 220 շուն կա ներկայումս, բոլորն էլ փողոցից բերված են: Գիտակից հասարակության մի մաս կա, որը հասկանում է, որ եթե անգամ այսօր այդ շներին հավաքեն տանեն, վաղն այլ շներ են գալու: Միևնույն է` շներ անընդհատ գալու են, եթե բակում աղբ կա, այսինքն` սնունդ շների համար: 220-ը փողոցից բերեցինք: Կատարել ու շարունակում ենք կատարել շների ստերիլիզացիա` բացարձակապես անվճար»,- ասաց նա` նշելով, որ ի սկզբանե իրենց ստեղծած կացարանը նախատեսված էր նվազագույնի հասցնելու կենդանիների թիվը` քաղաքակիրթ տարբերակով:

«Մենք երկու կլինիկա ունենք, որոնք իսկապես  համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Կան շատ մարդիկ, որոնք մեզ աջակցում են, բայց բոլորն էլ ուղղակի կենդանասերներ են, լուրջ հովանավորներ չունենք, պետական աջակցություն երբևէ չենք ստացել»,- ասաց նա` նշելով, որ շներին ստերիլիզացնելուց հետո, ըստ ծրագրի, պետք է նրանց բաց թողնել: Իրենք բաց են թողնում կոնկրետ այն բակերում, որոնց բնակիչները համաձայնություն են տալիս:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Միքայելյանն էլ նշեց, որ  թափառող շների խնդիրներով զբաղվելու համար ամեն տարի հատուկ մրցույթ է հայտարարվում կազմակերպությունների համար, որոնք էլ, տենդերը շահելով, զբաղվում են թափառող շների ստերիլիզացմամբ: Տարին մեկ է իրականացվում այդ տենդերը, և մրցույթում շահող կազմակերպության հետ պայմանագիր է կնքվում:

Կատարված աշխատանքի դիմաց տրամադրվում է որոշակի գումար: Այժմ այդ խնդրով զբաղվում է տենդեր շահած «Unigrafics» ընկերությունը: Ի դեպ, վերջին մրցույթը տեղի է ունեցել 2009-ի մարտի 9-ին, և ոչ մի կարզմակերպություն ներկա չի եղել: «Unigrafics» կազմակերության ներկայացուցիչ Լիլիթ Գրիգորյանը նշում է, որ 2009-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 23-ը իրենց կազմակերպությունը ստացել է 1300 զանգ-բողոք, գրեթե բոլորը բողոքում են թափառող կենդանիներից, որ դրանք իրենց անհանգստացնում են: «Եվ մենք աշխատում ենք, պարտավոր ենք դա անել: Մրցույթը երկու կետով է հայտարարված եղել` վնասազերծում և ստերիլիզացում, երկուսն էլ արել ենք: Վնասազերծում, սակայն, կատարում ենք միայն 2008 թ.-ից սկսած: Հունվարի 1-ից հուլիսի 1-ը Երևանում ստերիլիզացվել է 5247 թափառող կենդանի, վնասազերծվել է 20 460 կենդանի:

Վնասազերծման դեպքում համապատասխան խմբերը, ահազանգեր ստանալով, որսում են կենդանիներին ու տանում կլինիկա: Այնտեղ կենդանիներն ուսումնասիրվում են, և որոնք ենթակա են ստերիլիզացման, վտանգ չեն ներկայացնում, առողջ են, ստերիլիզացվում են: Մյուսները վնասազերծվում են համապատասխան վայրում: Գիշերով կրակում են դրանց: Դրա համար հատուկ տեղ է հատկացվել: Դիերը թաղվում են համապատասխան վայրում»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter