HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը պակասում է

Bayanduryan-khachatryan_28.Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասաններն ուզում են ստանալ ՀՀ վաստակավոր  կամ ժողովրդական դերասանի կոչում: Այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Արմատ» մամուլի ակումբում այս մասին հայտնեց լրարգողներին:   «Այսօր Վրաստանը չունի այս կոչումները, իսկ մենք ծառայում ենք մեր գրականությանը, մեր լեզվին: Օրենքը չի արգելում, որ դրսում գտնվող պետական դրամատիկական թատրոնի դերասանը կոչում ունենա Հայաստանում»,-ասաց Արմեն Բայանդուրյանը և հավելեց, որ այս մասին իրենք հայտնել են նաև Հայաստանի նախագահին, և հարցը լուծելուց հետո թատրոնը նոր թափ կարող է ստանալ, քանի որ, Արմեն Բայանդուրյանի կարծիքով, դերասանի համար կոչում ունենալը մեծ գումարներից ստանալուց շատ ավելի բարձր արժեք ունի: Այս օրերին` հուլիսի 26-31-ը հյուրախաղերով Հայաստանում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը: 31-ին ներկայացումների փակման օրն է: Թատրոնին աջակցել է Վրաստանի, Հայաստանի մշակույթի նախարարությունները, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը: 153 տարեկան թատրոնը երջանիկ է, ինչպես  թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ասում, իրենց հանդիսատեսը տարբեր ազգերի ներկայացուցիչներ են` վրացիներ, ռուսներ, ադրբեջանիցիներ, իսկ մշտական հանդիսատեսը, իհարկե, հայերն են: Թատրոնի խաղացանկի 90 տոկոսը հայկական է: Ներկայացված են հայ դասականներ` Ալ. Շիրվանզադե, Գ. Սունդուկյան, Նար-Դոս, Հ. Պարոնյան, ժամանակակից հայ դրամատուրգների ներկայացումներ` Գ. Խանջյան, Կ. Խոդիկյան և այլք: Իսկ ժամանակակից վրացի դրամատուրգների ստեղծագործությունները բեմադրելու հետ կապված թարգմանչական խնդիրներ կան: «Դրանք անպայման պետք է բերվի Հայաստան, անպայման լավ մասնագետի կողմից լավ թարգմանվի, այդ առումով դժվարություններ կան»,-ասաց թատրոնի ռեժիսոր Ռոման Մատիաշվիլին: Այսօր թատրոնում աշխատում է մոտ 30-35 երիտասարդ դերասան-դերասանուհիներ: 5 տարին մեկ Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում հատուկ կուրս է բացվում Պետրոս Ադամյանի թատրոնի համար: «Կադրային հարցը թատրոնում լուծված է, մենք այդ պրոբլեմը չունենք»,-ասում է գեղարվեստական ղեկավարը և հավելում, որ երիտասարդ դերասանները բերում են նաև երիտասարդ հանդիսատես: «Իհարկե, եթե խոսենք արվեստի մասին, ինձ թվում է, որ ծաղկման շրջան կա, որովհետև թատրոնը վերցրել է նոր երիտասարդ ուժերի, լիցքավորվում է վաղվա համար, որովհետև երիտասարդությունը պետք է բերի կյանքի նոր ընկալում, նոր ձևերը, փոքր խմբերից սկսած ձգտում են ստեղծել նորը»,-Վրաստանում հայ արվեստի, մասնավորապես, թատրոնի վիճակի մասին «Հետքի» հարցին պատասխանեց տնօերն Էրիկ Խաչատրյանը: Չնայած նա շեշտեց, որ հանդիսատեսի հարցը Վրաստանում մի քիչ բարդացել է. «Մեր դերասաններից շատերը թողնում, գալիս են Հայաստան, մեր հանդիսատեսից շատերը գալիս են Հայաստան կամ արտասահման: Հայի պակասը մի քիչ զգացվեց»: Իսկ ռեժիսոր Ռոման Մատիաշվիլու կարծիքով` Պ. Ադամյանի թատրոնը Թբիլիսիիում նման է օազիսի, չնայած, որ երիտասարդ դերասանի աչքը դուրսն է. նա ուզում է Երևան գալ և այստեղ աշխատել: Հայ մշակույթը Վրաստանում պահելու, պահպանելու և զարգացնելու հարցում, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի կարծիքով, կարևոր է դպրոցը. «Թերթերում հաճախ գրում են, որ Թբիլիսիում հայկական դպրոցները փակվում են: Իսկ ո՞վ է փակում հայկական դպրոցները,-հարցնում է Արմեն Բայանդուրյանը և պատասխանում,-Հայկական դպրոցները Թբիլիսիում փակում ենք մենք` հայերս»: Այսօր Թբիլիսիում գործում է 20 ռուսական դպրոց, որտեղ հազարից ավելի աշակերտներ են սովորում, ընդ որում` հայեր: «Այս առումով խնդիր ունենք, և ոչ մի կերպ չենք կարող համոզել մեր հայրիկներին, մայրիկներին, որ իրենց երեխաներին, թոռնիկներին հայկական դպրոց տան: Չգիտենք, թե սրա գաղտնիքն ինչումն է: Բայց գալու է այդ օրը, որ մենք հասկանանք, թե հայը ինչո՞ւ պիտի ռուսական դպրոց գնա, այն էլ Վրաստանում:  Եթե չես ուզում գնալ հայկական դպրոց, գնա վրացական դպրոց, գոնե պետական լեզվին կտիրապետես»,-հավելեց Արմեն Բայանդուրյանը: Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը ֆինանսավորվում է Վրաստանի պետական բյուջեից: «Այն իրավունքները, ինչ ունեն Ռուսթավելու անվան, համաշխարհային համբավ ունեցող թատրոնները, նույն իրավունքներն ունի նաև Թբիլիսիի հայկական թատրոնը»,-ասաց Արմեն Բայանդուրյանը: Թատրոնին աջակցում է նաև Հայաստանը` տարեկան 60 հազար ամերիկյան դոլարի չափով: Չնայած Արմեն Բայանդուրյանը սկզբից խուսափեց կոնկրետ թիվ նշել, սակայն ավելի ուշ ավելացրեց, որ այդ գումարուվ հոգում են աշխատակիցների աշխատավարձերը: «Մեր թատրոնը երջանիկ է նաև, որովհետև մենք ունենք և ծննդավայր, և հայրենիք»,-ասաց նա: «Այդ գումարը տրվում է որպես օգնություն, նպաստ»,-հավելեց թատրոնի տնօրեն Էրիկ Խաչատրյանը: Նա խոստովանեց, որ Թբիլիսիի հայ համայնքի կողմից աջակցություն չեն ստանում, քանի որ Թբիլիսին այնքան էլ հարուստ հայ համայնք չունի: Պ. Ադամյանի թատրոնի դերասանների միջին աշխատավարձը կազմում է մոտ 280 ամերիկյան դոլար: «Դա Վրաստանի և Հայաստանի օգնությունները միասին,-ճշտեց գեղարվեստական ղեկավարը,-նաև ունենք վրացի բարերար` Իվանիշվիլին, որը ամեն ամիս 10 հազար դոլար հատկացնում է թատրոնին որպես օգնություն»: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքը հին է: 1937-ից տրվել է հայկական թատրոնին, կապիտալ վերանորոգումներ կատարվել են, բայց հիմա շենքը ճաք ունի, նորից վերանորոգման կարիք ունի: Խնդիրները թվարկելիս` նշեց տնօրեն Էրիկ Խաչատրյանը: Պ. Ադամյանի անվան թատրոնը հյուրախաղերով լինում է նաև Ջավախքում` Ախալքալաքում, Նինոծմինդայում և շրջանների գյուղերում: Գեղարվեստական ղեկավարը ցավով նշում է, որ Ախալքալաքը ներկայացումների նկատմամբ ավելի պասիվ է, քիչ հանդիսատես է լինում ներկայացմանը: «Համերգ է տրվում ոչ որակյալ, այնտեղ կարող է հանդիսականը գնա, իսկ ներկայացումներին քիչ են գալիս: Բայց մենք ամեն տարի աշխատում ենք լինել Սամցխե-Ջավախեթիում»,-ասաց Արմեն Բայանդուրյանը: Ջավախքում մշակույթը զարգացնելը անհրաժեշտ է` կարծում է Արմեն Բայանդուրյանը: Նա լուծումը տեսնում է այնտեղ գործող նկարիչների, գրողների, երաժիշտների համախմբմամբ: «Ջավախքում մտավորականությունը պետք է լինի նաև մեր թատրոնի հանդիսատես, այս առումով, մենք ոչ թե միայն պանրի-կարտոֆիլի ժողովուրդ չենք, այնտեղ լավ ու հետաքրքիր մարդիկ կան, և գալու է այդ օրը, երբ ի մի ենք բերելու, և մեր գրականությունն ու արվեստն այնտեղ զարգանալու է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter