
Շնողը Լոռու մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը 6841 հա հողատարածք ունի, բնակչությունը կազմում է 3250 շունչ: Շնողը հարուստ է բնական պաշարներով, որի մասին Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, շնողցի Գառնիկ Շախկյանը գրում է. «Շնողին հարակից վայրերում (Դուքանաձոր, Քակեր, Բովեր, Փիջուտ, Գուգութ) կան օգտակար հանածոների` պղնձի, երկաթի, մոլիբդենի, օխրայի հանքավայրեր, որոնց մի մասը հնում արդյունահանվել է եւ մշակվել տեղում»: Գյուղն ունի նաեւ անտառային հարուստ տարածքներ եւ անկրկնելի բնություն: Աշխատասեր շնողցիների ջանքերով էլ խորհրդային տարիներին ստեղծվել էր այգեգործական հարուստ տնտեսություն, որը հողի սեփականաշնորհումից հետո ոչնչացել է:

Գյուղամիջում հավաքված շնողցիների ասելով` այսօր գյուղի հազիվ 10%-ն է շատ թե քիչ բարվոք վիճակում ապրում: «Գյուղացին սկի չի կարողանում իրա ստեղծածը հասցնի մայրաքաղաք»,- ասաց շնողցի Վարդանը: Նրանք Ալավերդին իրենց գյուղմթերքների շուկա չհամարեցին`«Ալավերդի ով ա ապրում, դատարկ քաղաք ա»: «Պետությունը պետք է հարկային դաշտը թեթեւացնի, ցարը սկի իր ժամանակին գյուղացիներին շատ չէր նեղում: 1,3 հա հող ունեմ, էս տարի գարի եմ ցանել, ստացել եմ տոնուկես գարի, պտի 5 անձինց կազմված ընտանիքով դրանով ապրենք»,- ասաց շնողցի Վոլոդյա Եսայանը:
Այսուհանդերձ, գյուղի մի մասն ամուր կառչած է հողին, մյուսներն էլ ապագան կապում են հարեւան Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործմամբ ակնկալվող աշխատատեղերի հետ: Ներկայումս «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատում են 76 շնողցիներ: Վերջին երկու տարիներին Շնողի համայնքային բյուջեում արտացոլվում են հանքավայրի շահագործման հետ կապված էական դրսեւորումներ: Ակնհայտ էր, որ համայնքի 2009 թ. բյուջեում պլանավորված եկամուտները 2008 թ. համեմատությամբ 45,8 մլն դրամով նվազել էին: Նախորդ տարվա պլանավորված 101, 2 մլն դրամի դիմաց 2009 թ. եկամուտները նախատեսվել են 52,1 մլն դրամ:

Համայնքապետ Հայկազ Քոչինյանը դա այսպես պատճառաբանեց. «Համայնքապետարանը ՀՀ Կառավարության 2007 թ. նոյեմբերի 1-ի 1278-N որոշմամբ արդյունաբերության ընդերքի օգտագործման նպատակով 146 հա վարելահողեր հատկացրել է «Թեղուտ» ՓԲԸ-ին, որն էլ դրա դիմաց համայնքի բյուջեին վճարել է 49,8 մլն դրամ: Բյուջեի եկամուտների 2008 թ. փաստացի մուտքերը պլանավորված 101,2 մլն դրամի դիմաց կազմել են 92,3 մլն դրամ»:
Սա, կարծես թե, վատ ցուցանիշ չէ, որին հասնելու ճանապարհներից մեկը, Հայկազ Քոչինյանի ներկայացմամբ, այն է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն 2008 թ. բնակչությունից գնած հողերի վճարների հետ միաժամանակ համայնքի բյուջե է փոխանցել նաեւ նրանց հողի հարկի պարտքերը` տույժ ու տուգանքներով: 2009 թ. բյուջեի նախատեսված եկամուտների հավաքագրման ընթացքի մասին էլ Հ. Քոչինյանն ասաց. «Առաջին 6 ամսվա կտրվածքով նախորդ տարվա համեմատ եկամուտների հավաքագրման 0,3% պլյուս ունենք»: Համայնքի 2009 թ. 16,1 մլն դրամ հողի հարկի նախատեսված եկամուտների մուտքերը հուլիս ամսվա վերջին 4,1 մլն դրամ էին, որն էլ փաստում է, որ եկամուտների հավաքագրման` համայնքապետի նախընտրած տեմպերը տարեվերջին հողի հարկի հավաքագրումը կապահովեն հազիվ 50%-ով: Խոստումնալից չէ նաեւ անշարժ գույքից հարկերի հավաքագրման ընթացքը, այստեղ էլ նախատեսված 17,1 մլն դրամ եկամուտների փաստացի մուտքերը նույն ժամանակահատվածում կազմել են 4,3 մլն դրամ:
Այս տարվա պլանավորված 52 մլն դրամ եկամուտներից 28 մլն դրամը Հ. Քոչինյանը նախատեսել էր որպես աշխատավարձի վճար, որը բյուջեի 50%-ից ավելին էր. «Մեծ թիվ է կազմում, ճիշտն ասած, ունենք արվեստի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, համայնքապետարանի աշխատակազմի հետ միասին համայնքի բյուջեից 58 մարդ աշխատավարձ է ստանում: Առաջիկա երկու տարում Թեղուտից ֆինանսական նոր հոսքեր ենք ակնկալում, շուրջ 245 մլն դրամ` կապված գյուղատնտեսական հողի արտադրական նշանակության փոխվելու հետ: Սրա ժամանակացույցը մոտ օրերս կստորագրենք: Բացի այդ, ֆոնդային բյուջեի գումարների մեջ կարողանում ենք տեղավորվել մնացած խնդիրները լուծելու ժամանակ»,- բացատրեց պրն Քոչինյանը: Նա նաեւ ասաց, որ գյուղում 90 հա արեւածաղիկ է ցանվել, որի եկամտաբերությունն ավելի բարձր է, քան ցորենն ու գարին: Հայկազ Քոչինյանը, անդրադառնալով գյուղի հիմնախնդիրներին, ասաց, որ գյուղի առաջնահերթ խնդիրները կապվում են կրթական օջախների հետ. դպրոցը պետք է ապահովել սպորտային գույքով:
2008 թ. բյուջեի ծախսային մասում 25 մլն դրամ էր հատկացվել ճանապարհի տողով: Համայնքապետն ասաց, որ դա ծախսվել է գերեզմանոցի ճանապարհի փոսային նորոգման եւ ջրահեռացման աշխատանքների վրա: Շնողցիներից ոմանք, չցանկանալով իրենց անունը հրապարակել, ասացին, որ գերեզմանոցի ճանապարհի վրա 25 մլն դրամ գումարի ծախսումներ չեն երեւում: Գյուղի ոռոգման եւ խմելու ջրի հարցում Հայկազ Քոչինյանը մեզ հետ անկեղծ չեղավ. «Յուրաքանչյուր ընտանիք իր ծորակն ունի, մեր 2 ջրատարներից օգտվում է գյուղի 93%-ը, մնացածը սեփական աղբյուրներից է օգտվում»: Մինչդեռ ջուր չուներ անգամ գյուղի բժշկական ամբուլատորիան: Նախկինում գյուղի 3 առաջին դասարաններից յուրաքանչյուրում սովորել է 32 աշակերտ: Այս տարի գյուղն ընդամենը մեկ առաջին դասարան կունենա: Թեղուտի հանքավայրից ակնկալվող վնասների մասին համայնքապետն ասաց. «Բնական է, հանքավայրի շահագործումը մարդկանց առողջությանը վնաս կպատճառի, եթե չասենք, ուրեմն անկեղծ չենք խոսում»:
Հայկազ Քոչինյանի կարծիքով` սեփական հարկային եկամուտների հավաքագրման գործում Կառավարությունը համայնքապետերի նկատմամբ պետք է է'լ ավելի ուժեղացնի վարչարարությունը, ընդհուպ նրանց անվստահություն հայտնելը: Նա տարիների փորձից հասկացել էր, որ համայնքապետի ընտրությանը պետք է լուրջ վերաբերվել. «Գյուղում քիչ բարեկամ ունեցող մարդը չի կարող համայնքապետ ընտրվել: Այսինքն, մեխանիզատորը, եթե գյուղում լավ բարեկամներ ունի, լավ շրջապատ, կարող է համայնքապետ ընտրվել, բայց մեխանիզատորը չի կարող համայնքապետ աշխատել, նա կարող է լավ մեխանիզատոր լինել»:
Մեզ հետաքրքրեց նաեւ Շնողի բարոյահոգեբանական վիճակը: Հենրիկ Քոչինյանի մարզպետության տարիներին Քոչինյաններն աշխատանքից ազատում էին ընտրությունների ժամանակ «իրենց չենթարկվողներին»: «Գիտեք ինչ, 20 տարի առաջ ընտրությունը բոլորիս համար էլ նորություն էր: Բայց տարիները, կարելի է ասել, 80-90%-ով այդ խնդիրները լուծել են: Այդ առումով առաջընթաց ունենք: Ինչ է նշանակում իմ մրցակցի հարազատը գա տեղեկանք ուզի, տեղեկանք չտամ: Անկեղծ ասած` նախկինում եղել են նման բաներ»,- ծիծաղելով ասաց նա:
«Անասուններ եմ պահում, ձեռքով ջուր եմ կրում: Մեր խմելու եւ ոռոգման ջրի հարցը պրոբլեմ ա, եթե գյուղի մեյդանում ջուր չկա, ծայրամասում ոնց կլինի: Գյուղի համար ամենակարեւոր բաները հեռախոսն ա, ջուրն ա, որոնք չկան»,- ասաց շնողցի Վոլոդյա Եսայանը: Շնողի գյուղամիջում պարապությունից թղթախաղով զբաղված մի խումբ երիտասարդների հարցրինք գյուղի ամբուլատորիայի տեղը: Նրանցից մեկն ասաց. «Երկրորդ հարկը բնակարան է»: Հարցումներից պարզվեց, որ ամբուլատորիայի շենքի 2-րդ հարկում բնակվում է Հայկազ Քոչինյանի աղջկա ընտանիքը, որոնց անունով էլ համայնքապետը սեփականաշնորհել էր ամբուլատորիայի տարածքը: Շնողցիների կարծիքով` դա ազնիվ չէ, համայնքապետը կարող էր աղջկա համար գյուղի հողատարածքներից մեկում առանձնատուն կառուցել, իսկ ամբուլատորիայի տարածքը ծառայեցնել գյուղի այլ կարիքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել