HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

73-ամյա կավատը տուգանվեց

Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Էդվարդ Մանուկյանի, հետաձգեց կավատության մեջ մեղադրվող Ամալյա Սահակյանի գործի քննությունը: Վերջինիս առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Ամալյա Սահակյանը ունենալով բանավոր պայմանավորվածություն, երկար ժամանակ աշխատել է Գյումրիի Թբիլիսյան խճուղում գտնվող Լիդա Լազգիյանին պատկանող «Լյուքս սերվիս» բաղնիքում, որպես մատուցող-հավաքարար:  Աշխատանքին զուգահեռ, Ա.Սահակյանը զբաղվել է նաեւ կավատությամբ, մատակարարելով աղջիկներ բաղնիքի մշտական հաճախորդներին: Ամալյա Սահակյանը դատական նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց արագացված դատաքննություն իրականացնելու համար: Դատավոր Էդվարդ Մանուկյանը բավարարեց միջնորդությունը եւ ամբաստանյալին պաշտպանելու համար նշանակեց հանրային պաշտպան: Դատական նիստը հետաձգվեց օգոստոսի 4-ին: Հուլիս ամսին Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում կավատության մեղադրանքով եւս 2 գործ է քննվել, երկուսն էլ արագացված դատաքննության կարգով: Հուլիսի 13-ին Շիրակ Հակոբյանի նախագահությամբ քննվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Վարդուշ Կարապետյանի(ծնված 1936թ-ին, Արարատի մարզի Չանախչի գյուղում): Վերջինս Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասում գտնվող իր բնակարանը, շահադիտական նպատակով, պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել էր նույն քաղաքի բնակչուհի, մարմնավաճառ Անահիտ Խաչատրյանին յուրաքանչյուր հաճախորդի համար ստանալով 1000 դրամ կանխիկ գումար: Նշված արարաքը կատարելու համար Վարդուշ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Ի դեպ, նույն Վարդուշ Կարապետյանին, նույն մեղադրանքն առաջադրվել էր նաեւ մայիսի 24-ի դատական նիստում: Նախագահող դատավոր Հ. Մովսեսյանը քննության առնելով ամբաստանյալի պաշտպան Ռ. Շիրոյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի 011.0152.19.06.2009թ. համաներում հայտարարելու մասին որոշումը, որոշել էր հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Վարդուշ Կարապետյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին: Վճռից գոհ 73 ամյա կինը փաստորեն հունիս ամսից շարունակել էր նույն գործունեությունը եւ կրկին հայտնվել մեղադրյալի նստարանին: Հուլիսի 13-ի դատական նիստում դատավոր Հակոբյանը Վարդուշ Կարապետյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել տուգանքի ՀՀ-ում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի (400 հազար դրամ) չափով: Հուլիսի 13-ին դատավորի Մ.Սարոյանի նախագահությամբ արագացված դատական քննություն անցկացնելու կարգով քննվել է քրեկան գործն ըստ մեղադրանքի` Ասյա Եղոյանի, ծնված 1963թ-ին Գյումրիում: Վերջինիս առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Ասյա Եղոյանը աշխատել է Գյումրիում հայտնի  «Տբռանոց» ՍՊԸ-ում, որպես մատուցողուհի: 2008թ-ի սեպտեմբերի 23-ից մինչեւ 2009 թ-ի մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում աշխատելով Գերցենի փողոցի 12 հասցեում գտնվող «Տբռանոց» ռեստորան-հյուրանոցում որպես մատուցողուհի, գույքային օգուտ ստանալու նպատակով, սենյակներ է հատկացրել մարմնավաճառներ Ա.Խ-ին Մ.Պ-ին, Մ. Ս-ին: Հաճախորդների եւ մարմնավաճառների հետ նախնական բանավոր համաձայնությամբ յուրաքանչյուր հաճախորդից Ասյա Եղոյանը վերցրել է 5000 դրամ, որից 1000 դրամն է կազմել իր մասնաբաժինը: Դատական նիստի ընթացքում Ասյա Եղոյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց, ասելով, որ զղջում է կատարվածի համար ու համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը հուլիս 13-ի դռնբաց դատական նիստում, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով վճռեց Ասյա Եղոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման մեկ տարի վեց ամիս ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter