HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Քաղաքապետարանը չի կատարել դատարանի վճիռը

29-07_qaxaqapetaranՀունիսի 23-ին ՀՀ Վարչական դատարանը Լարիսա Սոսյանի նախագահությամբ վճռել էր Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցնել հայցվոր «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությանը տրամադրել  տեղեկություններ` Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ: Դատարանի վճռից անցել է մեկ ամսից ավելի ժամանակ, սակայն քաղաքապետարանը ոչ դիմել է Վերաքննիչ դատարան, ոչ էլ կատարել է Վարչական դատարանի վճիռը: 29-07_S.Baxdasaryan2«Ես այսօր դիմել եմ Վարչական դատարան, որպեսզի ստանամ կատարողական թերթիկը եւ դրա հիման վրա դիմեմ դատական ակտերի հարկադիր կատարողներին, որպեսզի նրանք պարտադրեն քաղաքապետարանին` տրամադրել այդ տեղեկությունները»,- «Հետք»-ին տված հարցազրույցում ասաց  «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նշենք, որ հ/կ-ն քաղաքապետարանից մասնավորապես ուզում է տեղեկանալ, թե ՀՀ կառավարության 17.06.2004 թ. թիվ 909 որոշմամբ` «պետական կարիքների» համար վերցված տարածքներում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող կազմակերպություններn ի՞նչ կարգով եւ ի՞նչ սկզբունքներից ելնելով են ընտրվել եւ արդյո՞ք այդ կազմակերպությունները քաղաքաշինական ծրագրերի իրականացման բավարար երաշխիքներ տվել են, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի՞ երաշխիքներ: Հ/կ-ն նաեւ ցանկանում է տեղեկանալ, թե Հյուսիսային պողոտայի կառուցապատումն իրականացնող կազմակերպությունները ՀՀ կառավարության ո՞ր որոշման հիման վրա են ստացել կառուցապատում իրականացնելու իրավունք: Ի դեպ, այս տեղեկությունները ստանալու համար «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը քաղաքապետարան դիմել էր դեռեւս 2006 թվականին եւ բավարարող պատասխան չստանալով` հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան: Դատարանը 2008 թվականին սկսված գործի վերաբերյալ վճիռ կայացրեց 2009 հունիսի 23-ին: Այս ընթացքում նույնիսկ նախագահող դատավորը փոխվեց: «Դատարան դիմելը ինքնանպատակ չէր, դեռ 2004 թականին, երբ Կառավարությունը հյուսիսային պողոտան կառուցապատելու վերաբերյալ որոշում ընդունեց, ինձ մոտ հարցեր եւ անվստահություն առաջացավ, թե ինչո՞ւ կառուցապատողները պետք է ընտրվեին առանց մրցույթի: Կառավարությունը քաղաքապետին թույլատրում էր ուղիղ բանակցությունների միջոցով անձամբ ընտրել կառուցապատող ընկերություններին: Երվանդ Զախարյանն է ընտրել այդ կազմակերպություններին, մենք ուզում ենք իմանալ` ի՞նչ հիմքով: Շատ հնարավոր է, որ այստեղ կոռուպցիա է եղել»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը: «Ես համոզված եմ, որ այս գործերում առկա է քրեական հանցագործություն, մենք դա կկարողանանք ապացուցել, երբ կստանանք մեր պահանջած տեղեկությունները:  Ի սկզբանե պարզ է, որ եթե կառավարությունը ՀՀ Սահմանադրությունը խախտելով որոշումներ ընդունեց, նպատակը մեկն էր` որքան հնարավոր է շատ փող աշխատել: Ակնհայտ է, որ կառավարությունը նպաստել է, որ ինչ-որ բիզնեսմեններ փողեր լվանան: Որպես ապացույց կարող է հանդիսանալ այն, որ Երեւանի կենտորնում կառուցապատում կատարող կազմակերպություններն ընտրվել են առանց մրցույթի եւ այն, որ իրենք թափանցիկ չեն աշխատում», -ավելացրեց Սեդրակ Բաղդասարյանը: 29-07_E.ZaxaryanԶախարյանի անմիջական մասնակցությամբ Սեդրակ Բաղդասարյանը հիշեցնում է, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը կառավարության որոշման մեջ ինքնուրույն փոփոխություն է կատարել: Բաղդասարյանի խոսքերը հաստատում է Երվանդ Զախարյանի ստորագրած որոշումը (այն խմբագրությունում է,- «Հետք»), որտեղ նշված է.                «Կառավարության 909-ն որոշման կատարման մասին» 1331-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն. որոշման 1-ին կետի «ե» ենթակետում նշված «Ավանտ-Տուր» ՍՊԸ-ը փոխարեն կարդալ «Վիզկոն» ՍՊԸ»: Նշենք, որ «Վիզկոն» ՍՊԸ-ն որպես լիցենզավորված կազմակերպություն գրանցված չէ ՀՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնում: Այդ  է փաստում լիցենզավորման կենտրոնի պետ Համբարձումյանի նամակը Սեդրակ Բաղդասարյանին: «Զախարյանը «Վիզկոն» ՍՊԸ-ին լիազորագիր է տվել, որ վերջինս մտնի դատարան եւ քաղաքացու ձեռքից տունը խլի, այն դեպքում, երբ «Վիզկոնը» կառավարության որոշմամբ ընդունված կազմակերպությունների շարքում չկա: Եւ դատարանն անտեսում է այս հանգամանքը»,- նշում է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահը: Եւս մեկ ուշագրավ տեղեկություն. փաստաբան Արթուր Գրիգորյանին «Վիզկոն» ՍՊԸ-ից գրավոր պատասխանել են, որ Բուզանդի 15 հասցեում կառուցապատման նախագծային աշխատանքները ընթացքի մեջ են եւ հնարավոր չէ հայտնել, թե այդտեղ ինչ է կառուցվելու: «Հարց է առաջանում`եթե կազմակերպությունը չգիտի, թե ինչ է կառուցելու, ինչպե՞ս է ասել` այդ տարածքը տվեք ինձ, ես կկառուցեմ կամ քաղաքապետն ինչպե՞ս է նրան վստահել` առանց տեղեկանալու, թե ինչ է այդ տարածքում կատուցվելու: Եւ դա արվում է «պետական կարիքների» անվան տակ»,- ասում է Բաղդասարյանը: Նա համոզված է, որ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաները կառուցապատող մյուս կազմակերպությունների վերաբերյալ եւս ուշագրավ փաստեր ի հայտ կգան, երբ դատական ակտերի հարկադիր կատարողների միջոցով քաղաքապետարանից ստանան տեղեկություններ դրանց վերաբերյալ: 29-07-G.BeglaryanԲեգլարյանը նույնպես Սեդրակ Բաղդասարյանը մայիսի 26-ին գրավոր դիմել էր ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենիք 6-րդ հոդվածի 1-ին մասով` խնդրել է տրամադրել հետեւյալ տեղեկությունները: 1.    Երեւանի քաղաքապետի 12 մայիսի 2006 թ. թիվ 730-Ա որոշման բոլոր հավելվածների պատճենները («պետական կարիքների համար վերցված տարածքներում ներդրումային ծրագրերի իրականացման, իրացման աշխատանքների ավարտից հետո հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման կայացած մրցույթի արդյունքները հաստատելու մասին»): 2.    Տրամարդել այն որոշումները, որի հիման վրա «Նազարեթ Բերբերյան», «Պրոգրես Արմենիի», «Մերկատուր», «Լոկալ Դեվելոփրզ», «Խաս Պրոֆիտ», «Սոգլասիե Արմենիի», «Նորդ Այլնդ», եւ «Հայկապալ» կազմակերպությունները կատարում են կառուցապատման աշխատանքներ Հյուսիսային պողոտայում: Ինչպես նաեւ նշված կազմակերպությունների կողմից կառուցապատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ ներկայացված երաշխիքները, եւ Երեւանի քաղաքապետի կողմից ուղիղ բանակցությունների արդյունքում կնքված պայմանագրերի պատճենները: «Բեգլարյանն առ այսօր չի պատասխանել իմ նամակին, թեեւ ըստ օրենքի պարտավոր էին առնվազն 5 օրում պատասխանել: Ես այսօր կրկին նույն հարցերը նամակով ուղարկել եմ քաղաքապետին եւ պահանջել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն` 5 օրում պատասխանել»,- «Հետք»-ին տեղեկացրեց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter