Մաշված գորգի վրա մարզված Եվրոպայի չեմպիոնը
Հայկուշ Ասլանյան
Արմավիր քաղաքի վերջին շրջանի ամենամեծ ձեռքբերումը մարզական ոլորտում է. ազատ ոճի ըմբիշ, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արտակ Հովհաննիսյանը հուլիսի 20-22-ը Սերբիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է չեմպիոն` եզրափակիչում հաղթանակ տոնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:
«Մարզիչիս խոստացել էի, որ էսքան տարիների աշխատանքը ջուրը չեմ գցի: Ուժերիս վրա վստահ էի, որ հաղթելու եմ, իսկ, երբ եզրափակիչում պիտի թուրքի հետ կպնեի, չեմ կարող ասել, թե ինչ ապրումներ ունեցա: Մի կողմից թասիբը, մյուս կողմից վրեժի նման մի բան իրար էին խառնվել: Նրան կրելու ցանկությունս շատ մեծ էր ու, ես հասա իմ ուզածին: Թե ինչ հպարտություն եմ հիմա զգում` բառերով չեմ կարող ասել: Մենակ էն կասեմ, որ թուրքին կրած չեմպիոն եմ»,- ասաց Արտակ Հովհաննիսյանը:
Իր սանի հաղթանակով հպարտ, մարզիչ, սպորտի վարպետ Արմեն Մալխասյանն ասաց, որ Արտակի հետ մեծ հույսեր է կապել:
«Եթե մեր դպրոցի նկատմամբ նորմալ վերաբերմունք լիներ, այսքան տարի անարդյունք չէինք պարապի: Բայց արդեն լուրջ ձեռքբերում ունենք, որը ստիմուլ է նոր չեմպիոններ կոփելու համար»,-ասաց մարզիչը:
Արմավիրի ըմբշամարտի մարզադպրոցի 30-ամյա գործունեության սա առաջին լուրջ հաղթանակն է: Տարիների անպտուղ աշխատանքը մարզադպրոցի տնօրեն Մայիս Հարությունյանը վերագրում է դպրոցի և, առհասարակ` սպորտի նկատմամբ ղեկավարների դրսևորած անտարբեությանը:
«Պատկերացնում ե՞ք, որ նույնիսկ ընբշամարտի գորգ չունենք: Ունեցածներս 5/6 չափի ճղված մի փալաս է, որի վրա պարապելով է Արտակը չեմպիոն դառել»,-ասաց Մայիս Հարությունյանը:
Վերջինիս փոխանցմամբ` դպրոցում նույնիսկ տարրական պայմաններ չեն եղել նորմալ մարզումներ անցկացնելու համար:
«Կեղտոտ, փոշոտ, ոչ ջուր ունեինք, ոչ` ջեռուցում: Հիմա, ճիշտ է` էլի իդեալական չէ, բայց գոնե ջուրն արդեն կա: Երևի մենք էլ կամաց-կամաց ոտի կկանգնենք: Կարևորը` կամք ու մեծ ցանկություն կա դպրոցը դպրոց դարձնելու: Եթե էդ կամքի ուժը չլիներ, մեր հավաքականը Իրանում մեզ անպատիվ կթողեր»,-ասաց մարզադպրոցի տնօրենը, նկատի ունենալով հուլիսի 23-26-ը Իրանում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ընկերական հանդիպումները, որտեղ արմավիրցիներն աչքի են ընկել բարձր պատրաստվածությամբ:
Ի պատիվ նրանց մասնակցության, Ատրպատականի նահանգապետը մարզիկներին 12/12 չափի մարզագորգ է նվիրել. առաջին թանկ ու անհրաժեշտ մարզագույքը Արմավիրի սպորտդպրոցին:
Խոսելով իրանյան մրցաշարերից, դպրոցի տնօրեն Մ. Հարությունյանը չթաքցրեց զարմանքն ու հիացմումքը սպորտի նկատմամբ այդ երկրի ղեկավարների ունեցած վերաբերմունքից:
Իսկ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, իր ձևակերպմամբ` բարի նախանձով է նայել սպորտային հսկա և, ըստ անհրաժեշտության կահավորված համալիրներին: «Շատ կուզեի, որ մեր մարզն էլ այդպիսի սպորտային համալիրներ ունենար»,-ասաց մարզպետը: Իսկ հարցին, թե` ցանկությունը բավարար չէ՞ եթե ոչ նորը, ապա գոնե եղածը պահպանելու համար, պատասխանեց,- բավարար չէ, երբ միջոցներ չկան:
Եղած միջոցներն առայժմ թույլ տվեցին 150.000 դրամով խրախուսել չեմպիոն Արտակ Հովհաննիսյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել