72 միլիոն դոլարի մասին խոսվեց նախաճաշի սեղանի շուրջ
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալն այսօր նախաճաշի սեղանի շուրջ հանդիպեց մի քանի լրագրողների հետ: Հանդիպման նպատակը հուլիսի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Կոնսուելո Վիդալի կողմից ստորագրված համաձայնագրի պարզաբանումն էր:
Ծրագիրը ներկայացնում է 6 տարիների Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ռազմավարական ուղղությունները: 72 միլիոն դոլար բյուջե ունեցող համագործակցության ծրագիրն անդրադառնալու է աղքատության նվազեցման, ժողովրդավարական կառավարման, հիմնական սոցիալական ծառայությունների, շրջակա միջավայրի կառավարման եւ աղետների ռիսկի նվազեցման խնդիրներին:
72 մլն դոլարից 33%-ը կհատկացվի ներառուն եւ կայուն աճի ֆինանսավորմանը, 29%-ը`ժողովրդավարական կառավարմանը, 19-ական տոկոսներ սոցիալական ծառայություններին եւ շրջակա միջավայրի, աղետների ռիսկի կառավարմանը:
«Հետքի» այն հարցին, թե սոցիալական ծառայությունների գումարներն ինչ նպատակի են ծառայեցվելու, տիկին Վիդալը պատասխանեց, թե պետք է հասնեն նրան, որ համայնքի ղեկավարները եւ ավագանու անդամներն անմիջական կապ պահպանեն ազգաբնակչության հետ եւ պետք է ամրացնեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Կ. Վիդալի ասելով, սոցիալական ծառայությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր ունեն եւ միշտ չէ, որ գումարները պետք է առձեռն հատկացնեն մարդկանց:
Նախատեսվում է առաջիկայում լուրջ աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների հետ, որպեսզի նրանք իրազեկված լինեն, թե ինչ պարտականություններ ունեն: Համայնքապետերին պետք է ծանոթացնեն նաեւ օրենքներին եւ այլ իրավական ակտերի հետ, որոնք վերաբերում են իրենց եւ բնակչությանը:
«Այժմ հասարակ մարդկանց համար ծրագրեր ունենք, ասենք` սնունդ աշխատանքի դիմաց եւ այլն: Նախատեսում ենք առաջիկայում կանխիկ գումար էլ տալ մարդկանց»,-ավելացրեց Կոնսուելո Վիդալը:
Սակայն տիկին Վիդալի ներկայացրած կանխիկ գումարի տրամադրումն առայժմ ծրագիր է եւ հաստատման կարիք ունի: Այդ նպատակով արդեն առանձնացվել է 740 հազար դոլար, եւ մնում է միայն ծրագիրը հաստատվի: Ներկայացվեց, որ Աշոցքի եւ Ամասիայի տարածքից մոտ 500 ընտանիքի համար այժմ սնունդ հատկացնելու ծրագիրն է գործում:
2.5 մլն դոլար էլ ճապոնական բանկից է գումար ձեռք բերվել` Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու համար:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կիրականացվի ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների հետ: Ծրագրին մասնակից կլինեն ՀՀ բոլոր նախարարություններն ու մարզային իշխանությունները, 42 ազգային ինստիտուտներ, միություններ, խորհուրդներ, հ/կ-ներ եւ 22 միջազգային գործընկերներ:
Վերջում նշվեց, որ անհավասար տնտեսական հնարավորությունները, մարզերի զարգացման տարբերությունները եւ աղքատության աճի ու դրա խորության ակնհայտությունը հանգեցնում են այն եզրակացության, որ աղքատության ցուցանիշների հետագա նվազեցումը լուրջ մարտահրավեր է հանդիսանալու Հայաստանի համար:
Բացի դա, լուրջ կախվածությունը արտաքին ֆինանսավորումից եւ արտերկրի դրամական փոխանցումներից, մեծ հավանականությամբ նշանակում է, որ համընդհանուր ֆինանսական ճգնաժամն էական ազդեցություն կունենա աղքատության մակարդակի հետագա կրճատման համար անհրաժեշտ աճի բարձր ցուցանիշները պահպանելու Հայաստանի կարողության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել