Տուն-թանգարանի տնօրենի ու աշխատակիցների ջրերը մի առվով չեն հոսում
Գրող Հովհաննես Հովհաննիսյանի Էջմիածնում գտնվող տունը կառուցվել է 1860 թվականին, իսկ Հ. Հովհաննիսյանի մահից հետո` 1948թ. Գերագույն խորհրդի որոշմամբ, այն դարձել է տուն-թանգարան:
Թանգարանը գտնվում է Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության տակ: Թեեւ տուն-թանգարանի տնօրեն Մարինե Տերտերյանը 5 ամիս է` ինչ նշանակվել է այս պաշտոնում, սակայն արդեն տարաձայնություններ են առաջացել հին աշխատողների` էքսկուրսավար Մարիամ Մաղաքյանի, հսկիչ Սաթենիկ Հովհաննիսյանի ու տնօրենի միջեւ:
Դա նկատեցինք, երբ այցելեցինք տուն թանգարան: Էքսկուրսավարն ու հսկիչը սկսեցին դեմքի դժգոհ արտահայտությամբ հետեւիցս խոսել` դժգոհելով իմ այցելության կապակցությամբ: Տնօրենի հավաստմամբ, աշխատակցուհիներն այդպես են վարվում յուրաքանչյուր այցելուի դեպքում:
«Ես 5 ամիս եմ տնօրեն աշխատում, մինչեւ այդ թանգարանը փակ է եղել, քանի որ ամբողջությամբ բարձիթողի վիճակում է եղել: Հիմա, Էջմիածնի քաղաքապետարանի շնորհիվ, որոշակի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Արդեն այցելուներ ունենք` ընդհուպ գիտնականներ, նկարիչներ նաեւ դպրոցահասակ երեխաներ: Երբ առաջին անգամ մտել եմ թանգարան, տեսել եմ անտերության մատնված մի շենք: Այս ամենը տեսնելով` ետ եմ վերադարձել քաղաքապետարան ու ասել եմ` գերեզմանը, որ գերեզման է, նույնիսկ պահակ ունի, ստեղ այդ էլ չկար: Բոլորը զարմացան, թե աշխատողներն ուր են: Բակի դուռը լրիվ բաց էր: Մարտի 17-ին մեզ մոտ մտան քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները եւ սկսեցին տարածքը աղբից մաքրել: 6 կամազ աղբ է հանվել տարածքից, 3 հատ 30 մետրանոց բարդի է կտրվել, 9 հատ կտրած ծառի բուն` իրենց արմատներով: Այս ծառերն այնքան փտած էին, որ ցանկացած պահի կարող էին ընկնել շենքի վրա ու վնասել: 16 կամազ հող է բերել լցվել, հարթեցվել է նոր խոտի սերմ է ցանվել, որ տարածքը տեսքի գա: Մարտի 17-ից մինչեւ ապրիլի 25-ը մենակ այգում ենք աշխատել ու այդ ամենը քաղաքապետարանի միջոցներով է արվել»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Մարինե Տերտերյանը:
Տնօրենի ասելով, ինքը կատարված բոլոր աշխատանքները լուսանկարել է, քանի որ, երբ եկել է տուն-թանգարան եւ սկսել է աշխատել, հաջորդ օրը նկատել է, որ աշխատակիցներից մեկը հեռախոսով ինչ-որ մեկի հետ է խոսել ու ասել է, թե հիմարավարի ծառերն են կտրում:
«Ով էր հիմարը, ես էի հիմար, թե քաղաքապետը, որ տարածքն էինք աղբից մաքրում: Հաջորդ օրը մի լրագրող եկավ եւ սկսեց բորբոքված հարցեր տալ, իրականությունը պարզելուց հետո ասեց` ապրեք ու փախավ, այլեւս նրա հետքը չտեսանք»,-ավելացրեց տիկին Մարինեն:
Մեր տեղեկություններով, տուն-թանգարանից որոշ իրեր են պակասել, թեեւ մատյաններում դրանք կան, սակայն փաստացի չեն երեւում:
Այս առնչությամբ զրուցեցինք Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրեն Ռուբեն Շարբաթյանի հետ:
Պարոն Շարբաթյանը չհաստատեց, որ թանգարանից որոշակի իրեր են պակասել:
«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք այս տուն-թանգարանը 2004 թվականին ժառանգություն ենք ստացել Գրականության եւ արվեստի թանգարանից: Ինչ ստացել ենք` հատ առ հատ ստորագրված է, մատյանները կան, ակտերը կան: Հիմա քաղաքապետի կողմից հանձնաժողով է ստեղծվել եւ երեքշաբթի գնում ենք այնտեղ ստուգումների: Բաներ կան, որ մենք Գրականության եւ արվեստի թանգարանից չենք ստացել, թող գնան այնտեղ փնտրեն: Ստեղծված հանձնաժողովը գլխավորում է փոխքաղաքապետ Գրիգորյանը: Ամեն ինչ կուսումնասիրվի եւ եթե թերություններ հայտնաբերվեն` թերացողները կպատժվեն»,- ավելացրեց Ռ. Շարբաթյանը:
«Ինչպե՞ս կմեկնաբանեք տուն-թանգարանի տնօրենի եւ աշխատակցուհիների միջեւ ծագած լարված հարաբերությունները»,-հարցրինք Ռուբեն Շարբաթյանին:
«Իմ անձնական մոտեցումն եմ ասում, բայց աշխատողների միջեւ լարվածության մեղավորը տնօրենն է, բայց ինքը կին է, չեմ ուզում բարձրաձայնել այդ մասին»,- հավելեց «Մշակույթ» միացյալ տնօրինության գլխավոր տնօրենը:
Նկատենք, որ թեեւ տուն-թանգարանն այսօր լիարեք գործում է եւ բազմաթիվ այցելուներ իրենց գոհունակությունն են հայտնում դրա համար, սակայն շենքային պայմանները բարվոք վիճակում չեն:
Հովհաննես Հովհաննիսյանի ննջասենյակը, որտեղ դրված է այն դաշնամուրը, որի վրա նվագել է նաեւ Կոմիտասը, պատի ծեփերը խոնավությունից թափվել են: Կոտրված է նաեւ պատշգամբի բազրիքները եւ այլն:
Պարոն Շարբաթյանը եւս հաստատեց, որ տունը վերանորոգման կարիք ունի, սակայն ծախսերն այնքան ահռելի են, որ քաղաքապետարանն ինքնուրույն չի կարող ամբողջը հոգալ:
«Երեւի ոչ մի քաղաքում թանգարան չի վերանորոգվում, բացի Էջմիածնից: Այսօր տուն-թանգարանը կապիտալ վերանորոգման կարիք ունի: Տանիքն արդեն կիսով չափ վերանորոգվել է, անձրեւաջրերը այլեւս տանիքից չեն թափանցում ներս, բայց կապիտալ վերանորոգման համար տասնյակ միլիոնների ծախսեր են պետք»,-ավելացրեց քաղաքապետարանի մշակույթի հարցերով պատասխանատուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել