«Նոր ալիք» հայկական կինոյում
ANGRY STUDIO-ն շուտով կինոսերներին կներկայանա նոր նախագծով` հայկական նորաստեղծ կարճամետրաժ ֆիլմերի խայտաբղետ հավաքածուով׃ Ներառված ութ գեղարվեստական ֆիլմերից յուրաքանչյուրը ստեղծված է առանձին ռեժիսորի կողմից՝ անհատական մոտեցմամբ׃
Երեք դրամա, երկու կատակերգություն, մեկ դետեկտիվ, մեկ հոգեբանական միստիկ թրիլեր ու ևս երկու արտհաուսային աշխատանք, այսինքն` ամենատարբեր մտքեր ու տրամադրություններ՝ տառապանք և երջանկություն, սարսափ և հումոր׃ Նախագծի ֆիլմերում հանդես են գալիս ինչպես արդեն ծանոթ և սիրված դերասաններ, այդպես էլ նորահայտ դեմքեր׃
«Մեր թիմը նպատակ ունի կինեմատիկ կամ սինեմատիկ (ծիծաղում է) ալիք բարձրացնել մի փոքր լճացման իրավիճակում գտնվող հայկական կինոյում׃ Մեր ցանկությունն է նաեւ գեղարվեստական արժանիքներից բացի՝ արտադրանքը հանդիսատեսին գրավիչ դարձնել մատչելիությամբ׃ Օրինակ` պլանավորել ենք ֆիլմերի DVD սկավառակները վաճառել անհամեմատ ցածր, եթե կուզեք՝ հակաճգնաժամային գներով»,- ներքին խոհանոցի գաղտնիքներն է կիսում Վահան Գասպարյանը՝ նախագծի պրոդյուսերն ու ստուդիայի համահիմնադիրը׃
Նախագծի աշխատանքները սկսվել են մայիս ամսից եւ այս պահին ընթանում են բուռն տեմպով: Արդեն այս տարվա սեպտեմբերին ֆիլմերը կներկայացվեն «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ DVD սկավառակները կհայտնվեն Երևանի և մարզերի մասնագիտացված խանութներում׃ Ֆիլմերի մաասին պատմող նախնական տեսանյութերին կարելի է ծանոթանալ www.cinematic.am կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել