HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պատրաստ է դիմակայել խոզի գրիպին

30_07-fluԱռողջապահության համաշխարհային կազմակերպության 2009 թ. հուլիսի 27-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է A H1 N1-ի` խոզի գրիպի 134 503 դեպք, որոնցից 800-ն ունեցել է մահացու ելք: Աշխարհում խոզի գրիպի համաճարակային վիճակը, համաձայն ԱՀԿ-ի, այսօր դեռևս մնում է լարված: Այսօր «Ուրբաթ» ակումբում նման հայտարարություն արեց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` նշելով, որ 2009-ի հունիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց պանդեմիայի 6-րդ փուլի մասին, ինչը ենթադրում է, որ վիրուսային վարակն արդեն սկսել էր արձանագրվել աշխարհի բոլոր տարածաշրջաններում: «Այն պահից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց պանդեմիկ 4-րդ փուլ, այսինքն` արձանագրվեցին գրիպի նոր ենթատեսակով մարդուց մարդուն փոխանցման դեպքեր, մեր հանրապետությունում` Առողջապահության նախարարությունում, ձևավորվեց օպերատիվ շտաբ, որպեսզի անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվեին: Այդ շտաբն, ի դեպ, պարբերաբար նիստեր է գումարում նախարարությունում»,- ասաց նա: Պետական սահմանային անցումային կետերում դեռևս ապրիլի վերջերից անցկացվում է հսկողություն: Լ. Թորոսյանի խոսքով` բոլոր այն ուղևորների նկատմամբ, որոնք հատում են ՀՀ պետական սահմանը և գալիս են գրիպի տեսակետից անապահով երկրներից, իրականացնում է հսկողություն: «Ուղևորներին հարցուփորձ է արվում նրանց առողջական վիճակի մասին, և անհրաժեշտության դեպքում իրականացվում է բուժզննություն: «Զվարթնոց» օդանավակայանում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Այնտեղ ստեղծվել է սանիտարա-կարանտինային կետ, որի ուժերով բոլոր ուղևորները ենթարկվում են հարցման: Մշակվել է հարցաթերթիկ, որը լրացվում է ուղևորների կողմից, և այդ տվյալները տրվում են նաև տարածքային պոլիկլինիկաներին, ու սահմանվում է 7-օրյա հսկողություն, քանի որ հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է»,- ասաց նա: «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ ջերմացույց է տեղակայված, որի միջոցով որոշվում է`տվյալ ուղևորն ո՞ւնի ջերմություն, թե՞ ոչ: Դա որոշվում է հեռավորության վրա` առանց ուղևորին անհանգստացնելու: Ջերմողներ հայտնաբերվել են ինչպես օդակայանում, այնպես էլ սանիտարա-կարանտինային կետերում, և Լ. Թորոսյանի խոսքերով` նրանք հոսպիտալացվել են, բուժզննություն անցել, ու մինչ օրս ոչ մի հաստատված դեպք չունենք A H1 N1-ի: Մոտ ութ ջերմողներ են եղել` տարբեր երկրներից: Քանի որ տուրիզիմի ծաղկուն շրջան է, ու մարդկանց տեղաշարժերն ավելի ակտիվ են ներկայումս, Լ Թորոսյանի փոխանցմամբ` համապատասխան ուղեցույցներ են մշակվել: Տուրիստական գործակալությունների հետ համապատասխան աշխատանքներ են տարվել: «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում առանձին մասնաշենք է տրամադրվել, որտեղ կան համապատասխան բոլոր պայմանները` հիվանդներին բուժելու համար: Մենք ունենք բոլոր անհրաժեշտ միջոցները` հիվանդությունը բուժելու համար»,- ասաց նա: Մասնագետի խոսքով` չափազանց կարևոր է բնակչության իրազեկությունը: Առաջին պայմանը` խուճապի չմատնվել, քանի որ երկիրն այսօր պատրաստ է խոզի գրիպին դիմակայելուն: «Նաև ինքը` հիվանդությունը, նման է սովորական գրիպի, հեշտությանբ բուժվում է, թեթև ընթացքով է, իսկ բարդություններն ու մահացու ելքերն արձանագրվել են միայն այն անձնաց մոտ, ովքեր տառապում են շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններով»,- ասաց նա: Չնայած մասնագետների հավաստմանը, թե գրիպի այս տեսակը սովորական գրիպից ավելի թեթև է, այնուամենայնիվ, համաշխարհային խուճապ կա, ինչը, Լ. Թորոսյանի խոսքերով, պայմանավորված է նրանով, որ հարուցիչը նոր է, մարդու օրգանիզմը ընկալ է դրա նկատմամբ, և տարածումն արագ է տեղի ունենում: «Բայց սա ավելի թույլ է, քան սովորական սեզոնային գրիպը, որի տարեկան մոտ 2 միլիոն դեպք է արձանագրվում, եւ ավելի շատ են մահվան ելքերը, քան այս` A H1 N1-ի դեպքում»,- ասաց Լ. Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter