
Մինչև տարեվերջ Հայաստանի դպրոցների 98 տոկոսը ինտերնետ կունենա
Օգոստոսի 24-ին Վանաձորում տեղի ունեցած Լոռու մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը մարզի դպրոցների 2010-201թթ. ուսումնական տարվա աշխատանքներին գնահատականներ չտրվեց: Խորհրդակցությունը վերածվեց ուսուցիչների հետ ՀՀ ԿԳ նախարարի հանդիպման, որի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձավ հանրակրթության հրատապ խնդիրներին:
Նա ասաց, որ մեր հասարակությունը հանրապետության դպրոցներից երեք հիմնական բողոք ունի, որտեղ կրթության որակը վերջին տեղում է. «Առաջին տեղում դրամահավաքն է, երկրորդ տեղում անօրինություններն են, 3-րդ տեղում կրթության որակի հետ կապված մտահոգություններն են` դասագրքեր և այլն»:
Նախարարը ծեծված թեմա համարեց դրամահավաքությունը: Նա կարծում է, որ թեև տարիներ շարունակ պայքար է գնացել դպրոցների դրամահավաքության դեմ, բայց դպրոցներում դրամահավաքություն դեռ կա: Այս առումով էլ Ա.Աշոտյանը որոշ խորհուրդներ տվեց դպրոցների տնօրեններին` անօրինական դրամահավաքությունը օրինական դաշտ տեղափոխելու և թափանցիկ աշխատելու համար:
Նախարարի առաջարկած տարբերակները, սակայն, զավեշտական ընթացք կարող են ստանալ դպրոցներում այսօր էլ տարածված տնօրեններին և ուսուցիչներին նվերներ գնելու դրամահավաքության դեպքում, որը նախարարը իր խոսքում շրջանցեց:
Արմեն Աշոտյանը անդրադարձավ 2006թ.-ից սկսված հանրակրթական դպրոցների բարեփոխումների խնդրին: Ըստ նրա` բարփոխումները դպրոցներում երբեք չեն ավարտվելու, իսկ դպրոցը այն ոլորտներից է , որտեղ արդյունքներ տեսնելու համար պետք է զինվել համբերությամբ. «Հայաստանում 2006թ.-ին ներմուծվեց 12-ամյա կրթական համակարգը: 2011թ.-ին առաջին անգամ ունենալու ենք 12-րդ դասարան, այսինքն անցավ 6 տարի, մինչև որ նոր հասանք 12-ամյա կրթությանը»,- ասաց նախարարը, ում գնահատականները` համակարգի կայացման հետ կապված խիստ հակասական էին:
«Ասել, որ այդ համակարգը չի կայացել, նույնքան սխալ է, որքան ասել` համակարգը կայացել է: Կայացման մասին, հատկապես դեռ շատ վաղ է խոսել»,-հավելեց նաև: Ըստ Ա. Աշոտյանի` թեև հանրապետությունում ժողովրդագրական տվյալներով աշակերտների թվաքանակը կտրուկ նվազել է, սակայն 12-րդ դասարանի շնորհիվ ևս 25-30 հազար աշակերտ կմա դպրոցում. «Սա նշանակում է նոր դասաժամեր, դրույքներ, սա նշանակում է աշխատատեղեր»,- ասաց նա:
Վերջինս խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ այս տարի հաստատվել են մաթեմատիկա և հայոց լեզու առարկաների բեռնաթափված ծրագրերը, մնացյալ առարկաների մշակված տարբերակները տեղադրված են ԿԳ նախարարության կայքում: Նախարարը առաջարկեց դպրոցների տնօրեններին դրանք լավագույն ուսուցիչ-մասնագետների միջոցով փորձարկել դպրոցներում: Արդեն պատրաստ են այս տարի դպրոցներ ներմուծվող շախմատ առարկայի դասագրքերը, ուսուցչի ձեռնարկը և հոգեբանի խորհուրդները, որոնք առաջիկայում կուղարկվեն դպրոցներ:
ԿԳ նախարարը հատկապես կարևորեց այս տարվա դեկտեմբերին կայանալիք հանրապետության 900 դպրոցների տնօրենների ընտրությունները. «Ինձ համար կարևոր է, որ դպրոցի տնօրեն աշխատի այն մարդը, ում աշխատանքի համար նվազագույն գիտելիք ունենալը վավերացված է հավաստագրով, ունի տվյալ դպրոցի ծնողական կոմիտեի և մանկավարժական խորհրդի, տեղի իշխանության և նախարարության վստահությունը աշխատանքում»:
Դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հետ կապված նախարարն ասաց, որ միայն այս տարի 140 նոր համակարգիչ են ստացել Լոռու մարզի դպրոցները: Մինչև տարեվերջ մարզի յուրաքանչյուր դպրոցին կտրվի համակազմ` համակարգիչ, տպիչ և այլն` վարչական նպատակների համար:
Նախարարը ավագ դպրոցների տնօրեններին տեղեկացրեց, որ համաշխարհային բանկը մինչև տարեվերջ նրանց տրամադրելու է նոր համակարգչային և լաբորատոր սարքավորումներ, գրադարանային կահույք և գրքեր:
«Մինչև տարեվերջ Հայաստանի դպրոցների 98 տոկոսը կունենա ինտերնետ»,- ասաց նախարարը, ով կարևորեց նաև դպրոցների ինտերնետայի կապի որակի բարելավման խնդիրը:
Անդրադառնալով դպրոցների մանկավարժական կադրերով ապահովվածության խնդրին` Ա. Աշոտյանն ասաց, որ երկրում կա մանկավարժական կադրերի գերարտադրություն, այսինք, մեր երկրի բոլոր բուհերը միասին տարեկան թողարկում են մանկավարժի որակավորում ունեցող շուրջ 3,5 հազար մասնագետ.
«Հայտնի է, որ մեր համակարգը երիտասարդ կադրերի այդ քանակի պահանջարկը չունի: Մենք կանգնած ենք մանկավարժական կրթության բարեփոխումների առաջ»,- ասաց նա:
Դպրոցների տնօրենների ընտրություններին զուգահեռ ընթանալու են մանկավարժների ատեստավորման գործընթացներ, ինչպես նաև դպրոցներում ուսուցչի թափուր տեղի համար հայտարաված մրցույթներ: Վերջինս, ըստ նախարարի, միտված է դպրոցների ուսուցչական կադրերի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:
Խորհրդակցությունում Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտարարեց, որ հետևողական է լինելու այն բոլոր արատավոր երևույթների դեմ, որոնք խոչընդոտում և ստվեր են գցում հանրակրթական դպրոցի բարեփոխումների ընթացքի և գաղափարների վրա. «Ես նկատի ունեմ նախ և առաջ կոռուպցիոն դրսևորումները կրթական համակարգում»,- ասաց մարզպետը:
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը ուսուցիչներին կոչ արեց պայքարել արտագաղթի դեմ: Մարզի կրթական համակարգի հիմնախնդիրների մասին զեկուցող մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն ասաց, որ մարզի անորոշ ժամկետով պայմանագիր ունեցող և աշխատող տնօրեններից միայն 12-ը դեռևս չի հավաստագրվել:
Մինաս Սայադյանի կարծիքով, դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը անցել է «մաքսիմալ` 100 տոկոս օբյեկտիվությամբ», այն դեպքում, երբ մարզի դպրոցների շատ ապաշնորհ տնօրեններ հավաստագրման վկայականներ կստանան, ոչ թե դպրոցավարության գործում արձանագրած իրենց ծանրակշիռ հաջողությունների, այլ հավաստագրման նախապես տեղեկացված հարցաշարը անգիր անելու արդյունքում:
Մ. Սայադյանի տեղեկացմամբ, ՀՀ կառավարության ժամանակացույցի համաձայն 2011թ.-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կկազմակերպվի մարզի 80-ից ավելի դպրոցների տնօրենների ընտրություններ: Սեպտեմբերի 15-ից կսկսվեն մարզի 723 ուսուցիչների պարզ ընթացակարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքները:
Այս տարվա սեպտեմբերի 1-ին մարզում, ի թիվս 5 ավագ դպրոցների, կսկսեն գործել ևս 6-ը, այդ թվում` Վանաձորի թիվ 13, Ալավերդու թիվ 5, թիվ 8, Տաշիրի թիվ 1, Ստեփանավանի թիվ 3 և Սպիտակի թիվ 3 դպրոցները:
Ստեփանավանի թիվ 2 դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ամիրխանյանը օգոստոսյան խորհրդակցությունից իր ստացած տպավորությունների մասին «Հետքին» ասաց. «Գիտեք, ամեն անգամ մի ստիմուլ պետք է, որ ոգևորված աշխատեմ: Ինձ թվում է` ավելի շատ պարզաբանումներ եղան, և բարեփոխումների ժամանակ դրանք անհրաժեշտ կլինեն»:
«Խորհրդակցության ավարտին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց լրագրողների հարցերին: «Հետքը» ԿԳ նախարարին փոխանցեց Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի հետազոտող ուսուցիչ, բազմավաստակ մանկավարժ Ասյա Թոմոյանի առաջարկությունը` «Հետազոտող ուսուցիչ» կոչման համար վճարվող 700 դրամ լրավճարը դադարեցնելու և այն բարոյական կոչում հռչակելու մասին, որին էլ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե այդ հռետորականությունը ճիշտ է, այսօր 700 դրամ է, 3 տարի հետո, երբ մեր ֆինանսական վիճակը բարելավվի, կարող է լինել 7000 դրամ, հետո ավելին: Իսկ բարոյականը միշտ էլ կա: Կարծում եմ` այդ մարդը ունի իր բարոյական հպարտությունը, թող նա հրաժարվի և այդ 700 դրամը ամեն ամիս փոխանցի ինչ որ մի հիմնադրամի»,- պատասխանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Մեկնաբանել