
Կառավարությունն այսօր որոշել է շրջաններ ուղեգրվող մանկավարժների համար որոշակի արտոնություններ սահմանել:
Կառավարության այսօրվա նիստում հաստատված մանկավարժին այլ վայր աշխատանքի ուղեգրելու մասին որոշման նախագծի համաձայն` մանկավարժին տրվում է հավելավճար` տվյալ ուսումնական տարվա տարիֆիկացիայի ցուցակով սահմանված ծանրաբեռնվածության համապատասխան ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Մանկավարժին տրվող հավելավճարը սահմանում է ոչ ավելի քան նրա մանկավարժական ծանրաբեռնվածության 1.5 դրույքաչափի նկատմամբ: Ի դեպ, ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում նոր աշխատանքի վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող մանկավարժին բնակելի տարածության վարձակալության համար յուրաքանչյուր ամիս տրվում է ֆինանսական աջակցություն` առավելագույնը 20 հազար դրամի չափով:
Ինչպես տեղեկացրեց ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, սույն կարգը չի տարածվում տվյալ շրջանի վարչակազմի կրթության բաժնի եւ հանրակրթական դպրոցների կողմից երաշխավորված եւ նպատակային անվճար տեղերում սովորած շրջանավարտների նկատմամբ: Կարգը նրանց նկատմամբ կարող է տարածվել, եթե տվյալ շրջանում հնարավոր չէ մասնագիտությամբ ապահովել աշխատանքով:
Ըստ կարգի, այլ վայր աշխատանքի ուղեգրվել կարող են բարձրագույն կրթություն ունեցող ԼՂՀ քաղաքացիներ: Մանկավարժ ընտրելու նախապատվությունը տրվում է մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին եւ տվյալ շրջանի բնակչին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել