HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտահանումը` հեշտացված կարգով

gov_30.07.09Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչեւ 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը կսահմանվի 2000 դրամ, հավաստագիրը կտրամադրվի 1 աշխատանքային օրում եւ Հայաստանում արտադրվող մինչեւ 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը կտրամադրվի առանց փորձաքննության ակտի։ Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր 2001թ. դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ պարզեցվել է բուսասանիտարական փորձաքննության հավաստագրի ստացման ընթացակարգը։ Սահմանվել է, որ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանիտարական զննման միջոցով, անվճար եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ «Այս որոշումները վկայում են, - ասել է Տիգրան Սարգսյանը, - որ կառավարությունը հետեւողական է փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս փոփոխությունները էական նշանակություն են ունենալու գյուղատնտեսության ոլորտում։ Մենք նաեւ ՊԵԿ-ի նախագահի հետ ենք քննարկել այս հարցը։ Այս ռեժիմը փոքր եւ միջին ձեռնարկատերերին թույլ է տալիս, որ իրենց արտադրանքն ինքնուրույն արտահանեն Վրաստան, այնտեղ վաճառեն եւ այդ ընթացքում հեշտացված ռեժիմ կիրառվի։ Անցած վեց ամիսների արդյունքները, որ մենք ամփոփեցինք, վկայում են, որ փոքր եւ միջին բիզնեսի շնորհիվ մեր դիմադրողականությունը այս հակաճգնաժամային միջոցառումների ներքո էապես բարձրացել է ե՛ւ նրանց տնօրինության տակ մնացած ֆինանսական միջոցների, ե՛ւ նրանց արտադրած ապրանքների ծավալների առումով։ Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք 16 տոկոս համախառն ներքին արդյունքի անկում, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները ոչ միայն չեն նվազել, այլեւ ավելացել են 22 տոկոսով։ Սա նույնպես վկայում է, որ հակաճգնաժամային միջոցառումները դրական ազդեցություն են թողել, քանի որ սրանք այնպիսի ցուցանիշներ են, որոնք արտահայտում են իրողությունը։ Համոզված եմ, որ այս երկու որոշումները էապես բարելավելու են գյուղացու տնտեսական ապրանքների արտահանումը»։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter