
«Այսօր մեր խնդիրների պատճառը միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէ: Մեր տնտեսությունը զարգանում է որոշակի պարադոքսներով, որն էլ հնարավորություն չի տալիս տնտեսական աղետից նաև որոշակի օգուտներ քաղել»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետը նշեց, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում համաշխարհային ճգնաժամի հաղթահարման առումով ինչ-որ դրական միտումներ կան, որոնք, սակայն, հակասական են ու շատ փոքր: Թ. Մանասերյանի խոսքով`պարադոքսալ վիճակը միայն Հայաստանում չէ:
«Երբ ընդհանուր տնտեսության վայրէջքն ուղեկցվում է որոշ ապրանքատեսակների գների բավական բարձրանալու հետ, որոնք բնավ միտում չունեն անկման, սա տնտեսական ճգնաժամում հայտնված երկրին բնորոշ իրավիճակ չէ: Չեմ կարծում, որ Հայաստանը մեկուսի կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այսօր երկրների զարգացումը մեկը մյուսի հետ փոխկապված է»,- ասաց նա` նշելով, որ ինքը Հայաստանի տնտեսության զարգացումը պայմանավորում է տարածաշրջանի զարգացումների հետ:
Տնտեսագետի կարծիքով`դեռ ճգնաժամի դիագնոստիկան չի արվել, ու պետք է ձեռնպահ մնալ ասելուց, թե ճգնաժամի հաղթահարման որ փուլում ենք մենք գտնվում: «Եթե մենք չգիտենք տնտեսական հիվանդության առաջացման բուն պատճառները, չենք կարող ասել` ինչ կլինի: Եթե նույնիսկ համաշխարհային ճգնամաժամն այսօր հաղթահարվի, ես խորապես համոզված եմ, որ մեր ներքին դժվարություններով մենք ետ ենք մնալու»,- ասաց նա:
Թ. Մանասերյանը թեև գնահատում է այն քայլերը, որոնք արվում են ճգնաժամի հաղթահարման համար, բայց դրանք, նրա կարծիքով, հեռու են բավարար լինելուց, եթե համակարգված մոտեցում չի ցուցաբերվում:
«Եթե ընդհանուր առմամբ փորձենք ասել, թե տնտեսական ճգնաժամը երբ կարող է ավարտվել, ես չեմ կարծում, թե այս տարվա ավարտին արդեն աշխուժացում կլինի: Կարծում եմ` դեռ անկման միտումները շարունակվում են, և շատ ուրախ կլինեի, եթե 2010 թ. կեսերին դրանք կասեցվեին: Եթե մենք հաջորդ տարի գոնե ունենանք զրոյական աճ, ես դա կհամարեմ խիստ լավատեսական: Տնտեսական անկումը տարեվերջին, իմ հաշվարկներով, երկնիշ թիվ պետք է կազմի, ինչն էլ խոսում է այն մասին, որ հաջորդ տարի զրոյական աճ ունենալու համար բավականին բան պետք է անել»,- ասաց նա:
Անդրադառնալով արտարժութային շուկային` տնտեսագետը նշեց, որ չի կարծում, թե այն ինքնաբերաբար կկարգավորվի: Պետության միջամտությունը, հատկապես Կենտրոնական բանկի` անհրաժեշտ կլինի:
«Չի կարելի թույլ տալ, որ նման ապակայունացման փուլում քաոսային վիճակ տիրի: Ես կարծում եմ, որ կառավարելի է լինելու փոխարժեքը, և մեծ ցնցումներ չեմ ակնկալում: Մեկ այլ կանխատեսում անեմ, որ, ցավոք սրտի, կարող է ավելի վատանալ ներմուծում-արտահանում առևտրային հաշվեկշիռը: Ու այստեղ հնարավոր է բավական լուրջ մտահոգություն ունենանք` տեղական արտադրությունների կորուստ ունենանք»,- ասաց նա:
Ճգնաժամի առանցքային խնդիրներից մեկն էլ, Թ. Մանասերյանի խոսքերով, բանկային տոկոսադրույքներն են: Նրա կարծիքով` առևտրային բանկերը, որոնք այսօր գործում են մեր տնտեսությունում, որոշակի պահից այս կողմ արդեն դադարում են գործել որպես զուտ առևտրային բանկեր:
«Այն պահից ի վեր, ինչ նրանք օգտագործում են Հայաստանի կառավարությանը տրամադրված վարկային միջոցները, նրանք դառնում են պետության գործակալներ: Իսկ պետության գործակալը պետք է շարժվի պետության թելադրանքով, ինչն անտեսվում է: Ինչի՞ նման է, երբ արտոնյալ վարկը, որը ստացվում է սիմվոլիկ տոկոսադրույքով, որի մեկ տոկոսն ամսական չի անցնում, երբ առևտրային բանկի միջոցով է անցնում, դառնում է 12-15 տոկոս»,- ասաց նա` նշելով, որ ինքը դա անթույլատրելի է համարում: Տնտեսագետի կարծիքով` անթույլատրելի է նաև կառավարության կողմից թողտվությունը. եթե առևտրային բանկերը պետության գումարներն են օգտագործում, իրենք պարտավոր են հաշվի նստել պետության հետ:
«Ու այստեղ կշեռքի երկու նժարներին մի կողմից կառավարությունն է, որն իր պայմանները չի թելադրում, մյուս կողմից` բանկերը, որոնց բացարձակ ոչինչ չի մտահոգում: Չի մտահոգում այն դիսբալանսը, որ ստեղծվել է տնտեսության մեջ: Իրենք փորձում են կորզել առավելագույնը: Ու կարծում եմ` տոկոսադրույքները, հատկապես այս փուլում, հսկայական գումար են: Դրանք այն գումարներն են, որոնք կրկնապատկել են մեր արտաքին պարտքը»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել