HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստյոպա Սաֆարյանի նամակը Սերժ Սարգսյանին

29_04-s-safaryanՀարգելի պարոն Նախագահ, Շաբաթներ առաջ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ միասին այցելեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպեցինք ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին: Քաղաքական ու իրավական զավեշտից զատ, որ հյուսվել է այդ արժանավոր հայորդու հանդեպ, ականջալուր եղա նաեւ նրա անձնական ու ընտանեկան կյանքի բարդ իրավիճակին. նրանք ամուսիներով քաջություն չունեն Ֆրանսիայում ապրող մանկահասակ երեխաներին ու քաղցկեղով հիվանդ, մահամերձ հորը բացատրել, թե որտեղ է այժմ գտնվում իրենց հայրը/զավակը, կամ թե պատասխանել երեխաների հարցին` «ինչու՞ է հայրիկը անընդհատ նույն ժամերին զանգում մեզ. միթե՞ ցանկացած պահի չի կարող զանգել»: Նրա խիղճն այնպես չէր տանջվում իրեն ներկայացված անհեթեթ մեղադրանքից (իհարկե անպատկերացնելի է, թե ինչպես կարող էր ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ուրանալ նրա վաստակը Արցախյան պատերազմում կամ բանակաշինության մեջ` տեղեկանք չտալով դրա կապակցությամբ, որպեսզի Սարգիսն էլ օգտվեր հայտատարված համաներման իր իրավունքից), որքան` հորը վերջին հրաժեշտը չտալու մտքից: Երեկ` հուլիսի 31-ին հեռախոսակապ ունեցա Սարգիս Հացպանյանի հետ եւ նրբանկատորեն հետաքրքրվեցի հոր առողջական վիճակով ու որպիսությամբ: Դառնացած ու զարհուրած պատմեց` որ հայրն արդեն մահվան եզրին է, հիվանդանոցում, անունակ խոսելու եւ ընդամենը հասկացրել է, թե ինչու բոլոր զավակները եկել եւ տեսել են իրեն, իսկ Սարգիսը` ոչ: Հոր առողջական վիճակի վատթարացումը հաստատեցին նաեւ ընտանիքին մոտ կանգնած այլ մարդիկ: «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի դեպքից հետո սա  հերթական անտարբերությունն է, որը ուղղակի հումանիստ մարդը կարող է դաժանություն գնահատել նրանց իրավիճակը չթեթեւացնող քայլ չկատարելու պատճառով: «Ժառանգության» անունից կարող եմ հայտնել, որ իբրեւ պետական իշխանության թեպետ ընդդիմադիր, բայց մի մասնիկ, մենք իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվություն ենք զգում այս իրավիճակում որեւէ միջոց ձեռնարկել չկարողանալու համար: Եթե Դուք այդպիսի պատասխանատվություն չեք զգում` ապա խնդրում ենք` գոնե մեզ ազատեք այդ պատասխանատվության ծանրությունից, քանի որ խնդրի լուծումը Ձեր իրավասության ներքո է. Սարգիս  Հացպանյանը պետք է իր վերջին հրաժեշտը տա իր ծնողին` կատարելով հոր վերջին ցանկությունը եւ իր որդիական պարտքը: Մեր պետությունը Ձեր բարձր երաշխավորությամբ կարող է դա կազմակերպել: Դուք ի զորու եք ավելին անել. այն է` դիմել ԼՂՀ ղեկավարությանը եւ խնդրել հաստատելու Սարգիս Հացպանյանի վերաբերյալ տարբեր պատկան մարմիններին իրենց իսկ տված պարզաբանումները, որտեղ խոստովանել են հայրենիքի սահմանների պաշտպանության գործում նրա մասնակցությունը: Նրանք ընդամենը պետք է հաստատեն իրենց պաշտոնական գրությունները` Սարգիս Հացպանյանի վերաբերյալ տրվող տեղեկանքի տեսքով: Այդ դեպքում` Սարգիս Հացպանյանը համաներմամբ ազատություն կստանա ու կվերադառնա իր ընտանիք: Խիզախ, ճիշտ եւ մարդասեր քայլ կատարելու պատեհ պահն է: Այլապես` ուշ եւ շատ բաներ անշրջելի կլինեն: Հարգանոք` Ստյոպա Սաֆարյան, ԱԺ պատգամավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter