Բաց նամակ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր («Ժառանգություն» կուսակցություն), հարգելի պարոն Ստյոպա Սաֆարյան.
Ամիսներ է, ինչ մտահոգված եմ իմ մոտ ընկեր ու բարեկամ, սփյուռքահայ Սարգիս Հացպանյանի հայրենիքում անհեթեթ բանտարկության կապակցությամբ: Անգամներ նամակներ եմ շարադրել ի պահանջ նրա ազատության, սակայն չգտնելով արժանի հասցեատեր, նամակները մնացել են չուղարկված:
Համացանցի «Հետք» կայքէջում այսօր կարդացի Ձեր դիմումը ուղղված ՀՀ- ն նախագահ Սերժ Սարգսյանին, Սարգիս Հացպանյանին կալանքից ազատելու կապակցությամբ: Ես միանում եմ Ձեր դիմումին , խնդրելով պահանջում եմ՝ ազատել սփյուռքահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին:
Չեմ ցանկանում քննարկել Ս. Հացպանյանին վերագրված «հանցանքը»՝ «սուտ մատնություն»: Ս. Հացպանյանին ճանաչում եմ դեռ ուսանողական տարիներից, Փարիզի հայկական կազմակերպություններում նրա բուռն հայրենասիրական գործունեության շրջանից:
Արցախյան պատերազմի տարիներին ու դրանից հետո Սարգիսի հետ բազմաթիվ անգամներ եղել ենք Արցախի լեռներում և Սփյուռքից Արցախ հասցրած անհրաժեշտ միջոցները տարել ենք այնտեղ, ուր որ պետք է եղել (ամեն ինչ պատկերագրված ու փաստագրված է և կան կենդանի վկաներ թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում): Քարին տակ գյուղի, Շոշ գյուղի, Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի դպրոցները վերանորոգվել են մեր համատեղ ջանքերով: Ստեփանակերտի Զառին բաղը նաև մեր կացարանն էր, որտեղ հաճախ քնում էինք հատակին… Արցախում քիչ մարդկանց կարող եք հանդիպել, որ Ս. Հացպանյանին չճանաչեն և ծանոթ չլինեն նրա կողմից կատարված հայրենանվեր աշխատանքներին: Վստահությամբ կարող եմ հաստատել, որ մենք՝ սփյուռքում, Ս. Հացպանյանի նման հայրենասիրությամբ տոգորված անձիք քիչ ունենք:
Աբսուրդ ու անհասկանալի է, որ Արցախի ազատամարտիկին, երկու անչափահաս երեխաների հորը, շինծու «քրեական» մեղադրանքով ազատազրկել են: Սարգիս Հացպանյանը քաղաքական անձ է իր ողջ էությամբ և ունի իր հստակ աշխարահայացքը, այդ գիտեն բոլորը, և միջազգային ատյաններում այդ մեղք չի համարվում:
Զայրացուցիչ է ԼՂՀ պաշտպանության նախարարության կեցվածքը: Մարդիկ առնվազն պետք է իրենց մարդկային խիղճը կորցրած լինեն, որպեսզի մոռանան Ս. Հացպանյանի ծառայությունները (անշուշտ եթե այդ թելադրված չէ նրանց), և կազմակերպչորեն թափթված, որ անհրաժեշտ փաստաթղթերը չեն պահպանել: Ես իմ արխիվում ունեցած փաստաթղթերի հիման վրա կարող եմ անձամբ վկայել Սարիգս Հացպանյանի ազգանվեր գործունեության մասին Ղարաբաղում:
Առավել մտահոգիչ է նրա երկու անչափահաս երեխաների՝ Մարիամիկի ու Նաիրիի հոգեկան վիճակը: Նրանք կարոտախտի նշաններ են ցուցաբերում: Ինձ ծանոթ է այս հոգեվիճակը, քանի որ Իրանի բռնակալ շահի դիկտատուրական ռեժիմի կողմից 17 տարի երկրից պաշտոնապես արտաքված լինելով և իմ հարազատներին ու ընտանիքի անդամներին այցելելու մարդկային ամենատարրական իրավունքից զրկված լինելով՝ խորապես տառապել եմ կարոտախտով:
Շատ բան կարելի էր գրել ու ասել, բայց քանի որ նամակս բաց է, ընդարձակվել չեմ ցանկանում:
Միանալով Ձեր դիմումին, ցանկանում եմ օր առաջ ազատ տեսնել
Ս. Հացպանյանին, այսպիսով ՀՀ- ի նախագահն առնվազն երկու հայ երեխաների առողջությունն ու ապագան իր պաշտոնի բերումով փրկած կլինի:
Հարգանքներով՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի շքանշանակիր, Սթոքհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս՝ դոկտոր Արամայիս Միրզախանյան
[email protected] <mailto:[email protected]>
Ստոքհոլմ, Շվեդիա
1 օգոստոս 2009թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել