HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

85-ամյա կնոջ միակ հույսը Սերժ Սարգսյանն է

01_08-Q-SarukhanyanՔնարիկ Սարուխանյանը «Հետքի» միջոցով դիմում է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով ընդունել եւ լսել իրեն: 85-ամյա կինը համոզված է, որ դատական ատյաններն անարդար վճիռներ են կայացրել, որի հետեւանքով իրենց ընտանիքը զրկվել է տնից: «Նախագահն իմ վերջին հույսն է, ես դատարաններին չեմ վստահում, պաշտոնյաներին էլ չեմ վստահում, նրանք բոլորն էլ կեղծում են, բազմաթիվ անգամ դիմել եմ, բայց ոչ ոք չի օգնել, ինձ միայն Սերժ Սարգսյանը կարող է օգնել»,- ասում է Քնարիկ Սարուխանյանը: Նա կիլոգրամներ կշռող փաստաթղթերը ներկայացրել է ամենուր, որտեղ ընդունել են նրան, սակայն դրանից միայն փաստաթղթերն են մաշվել ու հնացել: Այնուհետեւ թերթում բաց նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն նա չի արձագանքել: Այժմ Քնարիկ Սարուխանյանի եւ Ռաֆիկ Եղիազարյանի 6 անդամից բաղկացած ընտանիքը բնակվում է 30 քմ տարածքով բնակարանում, որը հացաբուլկեղենի կոմբինատից են ստացել տարիներ առաջ, իսկ ամուսնու հայրական տան (Բուզանդի 24) ½ մասն այլեւս իրենց չի պատկանում: Ռաֆիկ Եղիազարյանի հայրը 37 թվականի բռնադատվածներից է, նրա տատը Բուզանդ 24 հասցեի տունը կտակել է թոռներին` Ռաֆիկին եւ Յուրիկին: Ռաֆիկ Եղիազարյանը 2002 թվականին ժառանգության իրավունքի վկայագիր է ստացել, որում նշված է. «...գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Ռաֆիկ Եղիազարյանը»: 2003 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարում է Ռաֆիկ Եղիազարյանի հայցը եւ նրան ճանաչում Բուզանդի 24 տան 1/2 բաժնեմասը ընդունած ժառանգ: Այդ նույն վճռով դատարանը Ռաֆիկի արդեն մահացած եղբոր ընտանիքին վտարել է Ռաֆիկին պատկանող բաժնեմասից: Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի վճիռը նույնն է թողնում, իսկ Վճռաբեկն այն բեկանում է եւ գործը հետ է ուղարկում Վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու: 2005 թվականին Վերաքննիչ դատարանը, երկրորդ անգամ քննելով այս գործը, Ռաֆիկ Եղիազարյանի հայցը մերժում է, իսկ Վճռաբեկ դատարանը բողոք-դիմումը չի ընդունում: Այսքանից հետո Քնարիկ Սարուխանյանը, բազմաթիվ փաստաթղթերը ձեռքին, փորձում է պետական պաշտոնյաներին ապացուցել, որ իրենց տան վերաբերյալ կայացված վճիռն ապօրինի է. «Բազմաթիվ կեղծիքներ են թույլ տվել, բա կարելի՞ է բռնադատվածի որդու հետ այդպես վարվել»,- հարցնում է 85-ամյա կինը: Քնարիկ Սարուխանյանը 2006 թվականին դիմել էր ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն, որտեղից պատասխանել են, թե նրա հարցի լուծումը դուրս է իրենց իրավասությունից, որին էլ հետեւել է քաղաքացու պատասխանը. «Ես համոզվեցի, որ այս երկրում ապրել հնարավոր չէ: Ժողովուրդը լավ գիտի, որ գոյություն չունի ոչ դատարան, ոչ ոստիկանություն, ոչ դատախազությունը: Մարդը մեր երկրում անպաշտպան վիճակում է: Եթե չեն գործում այդ համակարգերը, ուրեմն պետություն գոյություն չունի: Ես միջոցներ չունեմ երկրից հեռանալու համար, բայց եթե ունենայի, կտայի դատավորներին, որ սուտ դատ չանեն: Ստիպված կդիմեմ որեւէ երկրի, որ ինձ ու ամուսնուս տեր դառնան»: Այնուամենայնիվ, Քնարիկ Սարուխանյանը եւ Ռաֆիկ Եղիազարյանը չեն հեռացել Հայաստանից, քանի որ հավատացած են, որ նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի իրենց դիմումին եւ կհանդիպի իրենց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter