HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական տեսակի խնդիրը

01_08-h_bagratyanՀրանտ Բագրատյան Տեսակի խնդիր ունենք։ Հաստատ։ Իշխանական հաղորդամիջոցները ամբողջ օրը թմբկահարում են. տեսա՞ք, ոչինչ էլ չստորագրվեց, Ղարաբաղը իր այսօրվա կարգավիճակից ցածր կարգավիճակ չի ստանա (ոչ-ոք չգիտի, թե այսօր Ղարաբաղը ի՞նչ կարգավիճակ ունի)։ Զարմացնում է մեկ այլ բան, այդ ի՞նչպես է լինում, որ 3 հզորագույն պետությունների ղեկավարներ հայտատարարություն-կոչ են անում և ըստ այդմ թելադրում կարգավորման սկզբունքները։ Այդ ի՞նչու են փոխզիջումային անվանում մի տարբերակ, ուր միայն մի կողմի զիջումներն են։ Այդ ին՞չու է Ադրբեջանը, որը ըստ հայտարարության միայն ստանում է, մի բան էլ մունաթ գալիս, սպառնում պատերազմով, փոխանակ շնորհակալություն հայտնի։ Այդ ի՞նչու է Հայաստանը այսքան իջել։ Ընդդիմությունն արդարացիորեն քննադատում է առաջ քաշված լուծման տարբերակը։ Բնական է, նա նշում է, թե 1997-ի լուծումն ուր, այս լուծումն ուր։ Բավական է նշել, որ այն ժամանակ Ղարաբաղը բանակցության կողմ էր և թղթի տակ իր ստորագրությունը պետք է դներ։ Ինչևէ, հեռու եմ այն մտքից, թե 1997-ին խնդիրը լուծվում էր, հիմա՝ ոչ։ Բայց վստահ եմ, որ այն ժամանակվա լուծումն ավելի լավն էր։ Վերջին 12 տարիներին, որից 10-ը Քոչարյանի ոչ բարով-խերով նախագահության տարիներն էին, մեզ առաջարկվող ,,զիջումները,, գնալով վատացել են։ Նույն Քոչարյանը իր տասնամյա իշխանության սկզբում ավելի մեծ ակնկալիքներ ուներ, քան վերջում։ Ի՞նչու։ Ի՞չու, օրինակ, Օսկանյանն ու Նալբանդյանը Ղարաբաղի ժողովրդի դարդն ու ցավը այս 12 տարիներին աշխարհին չեն պատմել։ Աշխարն էլ կտեսներ ո՞վ է արդարը և ըստ այդմ կկողմնորոշվեր։ Այդ ին՞չու են մեզ առաջարկվող ,,զիջումները,, նոսրանում, իսկ մեզնից վերցնելիքը շատանում։ Ի վերջո ի՞նչով է վատ առկա վիճակը։ Պատերազմ չկա չ՞է։ Դրանից լավ էլ ի՞նչ եք ուզում այս տարածաշրջանի համար։ Կուզենայի այս հոդվածում շարադրել վերջին 20 տարիների տնտեսական զարգացման պատմությունը տարածաշրջանում։ Բացարձակապես վստահ եմ, որ հայ պատմագիտությունը ունի մի հսկայական բաց. այն չունի հայկական սոցիալ-տնտեսական ինստիտուտների պատմական էվոլյուցիայի վերլուծության և պատմական փաստերը այդ էվոլյուցիայի շրջանակներում ընդհանրացնելու ավանդույթ։ Առանց նման մոտեցման (տես օրինակ Ա.Թոյնբիի աշխատությունները)  այնքան էլ պարզ չեն դառնում մեր ժողովրդի պատմական նահանջները, լինելով աշխատասեր, ազնիվ ու քաջ, մենք այնուամենայնիվ վերջին 1000 տարիներին կորցրել ենք տարածքների 90 տոկոսը, իսկ  բնակչության թիվը 6 մլն-ից հասել է 3-ի։ Այդ նույն շրջանում թյուրքերի թիվը 3մլն-ից հասել է 300։ Հետաքրքիր է մեկ այլ փաստ ևս. վերջին 1000 տարիներին Հայաստանին չի հաջո՚ղվում բնակչության մեկ շնչի հաշվով գերազանցել 7000 ներկայիս ԱՄՆ դոլարի ՀՆԱ արտադրության մակարդակը։ Ընդ որում 1000 տարվա ընթացքում այդ թվի էական փոփոխություն չի եղել. այն մեծ մասամբ (չհաշված պատերազմի տարիները) տատանվել է 500-5000 դոլարի սահմաններում։ Թյուրքերի թիվը միայն վերջին 100 տարիներին 35 մլն-ից հասել է 300-ի (աշխարհի բնակչության թիվն  այդ ընթացքում ավելացել է ընդամենը 6 անգամ)։ Հայաստանն ու հայերն այդ ընթացքում պակասել են։ Ընդհանրապես մահմեդական աշխարհը բնակչության աճի նախանձելի տեմպեր է դրսևորում։ Եթե 100 տարի առաջ կար ընդամենը 180 մլն մահմեդական և նրանք կազմում էին աշխարհի բնակչության 16%-ը, ապա այսօր՝ 2400 մլն մարդ և 36%։ Ես, իհարկե հեռու եմ հակաթյուրքականության և հակամահմեդականության պրիմիտիվ դատողություններից։ Քիչ հետո պարզ կդառնա ասածիս իմաստը։ Իսկ հիմա արձանագրենք, որ աշխարհով մեկ, անկախ պատերազմների ելքից, պատմական համար մեկ գործոնը դեմոգրաֆիան է։ Զուր չէ Մուհամեդը որդեգրել բազմակնության թեզը։ Պատերազմի ժամանակ ինչքան էլ տղամարդ զոհվի, բնակչության աճին վտանգ չի սպառնում։ Հիմա նայենք ստորև բերված աղյուսակին, որը կազմված է ՀԲ-ի տվյալներով՝ առանց դրանք փոքրիշատե փոփոխելու (www.worldbank.org/data/wdi)։  Բացառություն է կազմում 2009թ (սա մեր հաշվարկի արդյունքն է)։ 01_08-tab Պարզ է չ՞է ի՞նչ էր ընդունել Քոչարյանը 1997-ին և ի՞նչ է թողել մեզ։ Չնայած նրա երկնիշ տնտեսական աճին (մի կողմ թողնենք նրա սարքովի վիճակագրությունը) Հայաստանը 10 տարվա ընթացքում երկու անգամ հետ ընկնում Ադրբեջանից։ Մինչդեռ 1997-ին մենք առջևում էինք։ Սա գործո՞ն է, թե՝ ոչ։  Իսկ ամենակարևորը, Հայաստանի բնակչությունն այդ ընթացքում նվազում է 5%-ով, իսկ Ադրբեջանինն ավելանում է 11,5%-ով։ Եվ սա ըստ պաշտոնական, վստահություն չներշնչող վիճակագրության։ Հիմա ինքներդ ձեզ դրեք հարց լուծող գերտերության տեղ (չգիտեմ, պատկերացրեք, որ ամերիկացի եք, ռուս կամ ֆրանսիացի, կամ էլ հենց տեր աստվածն եք)։ Ու՞մ հետ պետք է ավելի լուրջ հաշվի նստել։ Ադրբեջանի։ Այդ ու՞մն է որ վիճելի տարածք տալով մարդկությանն ավելի մեծ օգուտ կտաք։ Ադրբեջանին։ Նա ավելի լավ է ժողովուրդ պահում, և ուրեմն ավելի պակաս ռիսկային է մարդկության համար։ Ու՞մից կարելի է ավելի հեշտությամբ զիջումներ ակնկալել։ Հայաստանից։ Այդ ո՞ր երկիրն է, որ գերտերությունների համար տնտեսական գործոն չէ։ Իհարկե Հայաստանը։ Հլա մի բան էլ անընդհատ օգնություն է խնդրում։ Հիմա ուղիղ նայենք խնդրին։ Իսկ ի՞նչու այսպես ստացվեց։ Ի՞նչու դեռ մի 10-12 տարի առաջ Հայաստանն ավելի հետաքրքիր տնտեսական գործոն էր։ Այդ ո՞վ մեզ այս վիճակին հասցրեց։ Այստեղ է որ պատասխանը միանշանակ է. Ռ.Քոչարյան։ Այս մարդն է իրականում այլանդակել տնտեսությունը, վերարտադրության ռեսուրսները, սեփական կաշվի շահերից ելնելով, ուղղել այսպես կոչված էլիտար շինարարությանը, տնտեսությունը կենտրոնացրել մի քանի օլիգարխների ձեռքին, ինքը դարձել դրանցից ամենաունևորը։ Եթե մենք նկատի ենք ունենում հարստության բաշխվածությունը (Հայաստանում այն ավելի սուր է, քան Ադրբեջանում. 45 ընտանիք տնօրինում են ՀՆԱ արտադրության և բաշխման 55%-ը), գործազրկության մակարդակը (Հայաստան՝ 27%, Ադրբեջան՝ 11%), բյուջետային միջոցներով բավարարվածության աստիճանը (բնակչության մեկ շնչին Ադրբեջանն ունի 1500$ բյուջե Հայաստանը՝ 950), ապա Ադրբեջանը պարզապես առաջ է պոկվում։ Քոչարյանի ու Սարգսյանի օրոք Հայաստանի շեշտակի ետ ընկնելը, չնայած հռչակած երկնիշ տնտեսական աճին, ակներև է ոչ միայն Ադրբեջանի, այլև համաշխարհային միջինի, Եվրոպայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և այլ երկրների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ բնակչության մեկ շնչին ընկնող մակրոտնտեսական ցուցանիշներով Հայաստանը այս 12 տարիներին 70-80-րդ տեղերից նահանջել է 115-125-րդ տեղերը շուրջ 200 պետություների մեջ։ Հայաստանի տնտեսական ,,զարգացման,, կորը տարօրինակ զուգադիպությամբ կրկնում է մեր ֆուտբոլի հավաքականի վարկանիշը։ Անտեղի են Ադրբեջանի տնտեսական հաջողությունները բացառապես նավթով պայմանավորելու մոտեցումները։ Անցյալ տարի, օրինակ, արդյունաբերական աճի մեջ ամենամեծ տեսակարար կշիռը մեքենաշինությունն է ունեցել։ Մեքենաշինություն։ Հասկացա՞ք։ Իսկ Հայաստանում Քոչարյանի օրոք այս ճյուղը, 1996թ. համեմատությամբ, զրոյացել է։ Հայաստանում արդյունաբերության չկա։ Հայաստանում միայն սննդարդյունաբերություն կա։ Նույնիսկ մի քանի հատուկ գործարաններ, կառուցված 1992-1994թթ., փակված են։ Հա, նավթի մասին։ Ադրբեջանի նավթն, ի դեպ, չի սեփականաշնորհվել։ Առաջ անցնելով Զ.Բալայանին, որը ծավալուն հոդվածներ էր գրում ռուսալեզու թերթերում առ այն, թե ադրբեջանական նավթի պաշարների մասին լուրերը խիստ չափազանցված են, հիշեցնենք, որ Ադրբեջանի նավթի պաշարները խորհրդային տարիների համեմատ ավելացել են 4, իսկ գազինը՝ 8 անգամ։ 20 մլրդ բարրել նավթը խաղ չէ։ Դրա շուկայական արժեքը 1,2 տրլն դոլար է։   Իլհամ Ալիևն, ի դեպ, այդ նավթը չի սեփականաշնորհել և դրանից ստացված եկամուտը ծառայեցնում է ազերիների բարօրությանը։ Ի՞նչու պետք է սեփականաշնորհեր։ Մարդն ամբողջ երկիրն է համարում իրենը։ Սեփականաշնորհելու կարիք չունի։ Իսկ Քոչարյա՞նը։ Մեր նավթն էլ մեր մոլիբդենն էր, Քաջարանի ՊՄԿ կոչվածը։ Մի քանի տարի առաջ 2 մլրդ դոլար տարեկան կապիտալիզացված վաճառքների ծավալ ունեցող այդ հսկան Քոչարյանը սեփականաշնորհում է ընդամենը 132 մլն. դոլարով մի ,,անհայտ,, ընկերության, այն էլ առաջիկա տարիներին շահույթից վճարելու պայմանով։ Այսօր կասկած չկա թե ով է այդ ,,անհայտ,, ընկերությունը։ Ընդհանրապես Քոչարյանին բնորոշ էր օֆշորների միջոցով հսկայական տնտեսական համալիրներ սեփականացնելու գործելաոճը. Արարատի ցեմենտի գործարանը, 100 մլն դոլարի արժողությամբ այդ հսկան, սեփականաշնորհվել է ընդամենը 1-2 մլն դոլարով, հետագայում այդ գործարանին իբր թե գազի գնի թանկացման փոխհատուցում տրվել է բազմատասնյակ մլն դոլար։ Քիչ է ձրիաբար տվել են, հետո էլ մի քանի տասնյակ մլն դոլարի սուբսիդիա են հատկացրել։ Ուսանելի է նաև Երևանի կենտրոնում կառավարական շենքերը սեփականաշնորհելը,  Արդշինբանկը Արդշինինվեստբանկ դարձնելը, Խնայբանկի սեփականաշնորհումը և այլն։ Հետաքրքիր է նաև այն, որ ինչ-որ պահից սկսած պետական մարմինները գնում են միայն ,,Տոյոտա,, մակնիշի ավտոմեքենաներ, համապատասխան բջջային հեռախոսներ։ Հո պատահական չէր մազութի գործը Սադոյանին պատվիրելը։ Հիմա էլ ԱՖԿ ,,Սիստեման,,։ Նորմալ հարց էինք բարձրացրել. մինչև այստեղ աշխատանքի անցնելը Ռ.Քոչարյանը Վիվասելի բաժնետեր եղել է, թե՝ ոչ։ Սա մենք պարտավոր ենք իմանալ։ Խոսքը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդու մասին է։ Պատասխան չկա։ Հարցրել էինք նաև, թե ու՞մ է 1 բնակարանի գնով սեփականաշնորհվել Երևանյան լճի ափին գտնվող, վերանորոգված  մանկական հսկայական համալիրը։ Զորի Բալայանը դրա հետ կապ ու՞նի։ Էլի պատասխան չկա։ Դե եթե համարենք, որ լռությունը համաձայնության նշան է, ապա նման համալիր ունենալու համար շատերը պատրաստ կլինեն դիմել ծովագնացային ,,խիզախումների,,։ Հիմա հասկանու՞մ ես, սիրելի ընթերցող, Հայաստանի ու Ադրբեջանի տարբերությունը։ Հայկական գործարար չկա։ Քոչարյանի և Սարգսյանի մականունավոր դրածոները  գործարար չեն։ Դրանցից ոչ մեկը, որպես կանոն, ոչ մի բիզնես չի ստեղծել, ոչ մի տարածաշրջանային նշանակության բրենդ չունի։ Այդ մարդկանց գործարարությունը ինչ-որ գործի մենաշնորհ ունենալն է, պետական ռեսուրսը ձրիաբար կամ չնչին գնով վերցնելը։ Դեռ 1994-ին, նկատի ունենալով, որ միջազգային հանրությունը Ղարաբաղի պրոհայկական լուծմանն այնքան էլ հակված չէ, ՀՀ կառավարությունը օժանդակեց Ադրբեջանից փախած հայերի դեպի պատմական Արցախի տարածքներ վերաբնակեցմանը։ Մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում 16 հազ. մարդ վերաբնակեցվեց։ Դրանից հետո, սրանց կառավարման 12 տարիների ընթացքում այդ թիվն… իջավ մինչև 8 հազ. մարդու։ Եթե այսօր Ղարաբաղում 350-400 հազ. մարդ լիներ (ի վերջո, Ադրբեջանից փախել է 500000 հայ, իսկ Հայաստանից ու Արցախից ընդամենը 250000 ադրբեջանցի), հավատացեք խնդրի միջազգային լուծումն այլ կլիներ։ Ծայրահեղ դեպքում Հայաստանը դուրս կգար բանակցություններից և թող Ադրբեջանը պայմանավորվեր 400 հազարանոց Ղարաբաղ պետության հետ։ Բայց չէ, սրանք գործը ձախողեցին, վերաբնակեցողին էլ գործից հանեցին։ Վերաբնակեցման առիթը բաց թողնելու մեղավորը Քոչարյանն է։ Ղարաբաղի հարցի լուծման ավելի լուրջ կռվան հնարավոր չէր ակնկալել։ Քաջարանը վաճառեիք ոչ թե 132 մլն դոլարով, այլ 1,5-2 մլրդ-ով և փողը ծախսեիք վերաբնակեցման նպատակով։ Վերջին մի քանի ամիսներին ձեռնարկած միջոցները վիճակը չեն փոխի։  Դրան ավելացնենք այն, որ Ղարաբաղի բարձրաբերձ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից տեղափոխվում են Հայաստան։ Այսպես, վերջին 12-13 տարիներին Հայաստանում մշտական բնակություն են հաստատել  ԼՂՀ բոլոր նախագահները, վարչապետները, պաշտպանության նախարարները և այլն։ Բան չունեմ ասելու, կարող է պատահի մի լավ կադր Ղարաբաղից Հայաստան տեղափոխվի։ Բայց, առաջին, եթե մի հոգի բերում ենք ԼՂՀ-ից, ապա մի 4 հոգի Հայաստանից Ղարաբաղ պիտի գնան։ Երկրորդ, բոլոր դեպքերում ԼՂՀ նախագահները պետք է ծնվեն և մեռնեն Ղարաբաղում։ Այլապես շատ դժվար է մարդկանց համոզելու, որ Ղարաբաղը մերն է մնալու։ Չ՞է որ հենց նրանք իրենց ապագան Ղարաբաղում չեն տեսնում։ Էլ ի՞նչու ենք մունաթ գալիս բրայզաների, ֆասյեների ու մերզլյակովների վրա (ասենք, քոչարյանենց Հայաստան գալով Ղարաբաղում շանս է ստղծվել նորմալ պետություն, անկաշառ ոստիկանություն ու դատական համակւարգ ունենալու)։ Չ՞եք զարմանում, որ 19 տարվա մեջ ոչ մի սփյուռքահայ որևէ խոշոր բիզնես Հայաստանում չստեղծեց։ Եղբայր, այդ 5 մլն սփյուռքահայի մեջ մի ,,օլիգարխ,, չգտնվե՞ց։ Սփյուռքահայերին պատկանող որևէ խոշոր գործարան Հայաստանում չկա։ Մարդիկ գերադասում են տասնյակ միլիոններ տրամադրել օգնության ձևով, բայց Հայաստանի տնտեսական կյանքին խառնվելու իրավունք չունեն։ Հիմա հասկանում եք, թե ի՞նչու ենք պարտվում։ Որովհետև մեր երկիրը մեր ժողովուրդն այլևս իրենը չի համարում։ Սա Քոչարյանի, Սարգսյանի, Աբրահամյանի և այլոց երկիրն է, որը մեր հետ առերեսում չունի։ Հայաստանում հաճախ է այդպես  եղել։ 1045թ. էլ Հայաստանը մեր երկիրը չէր։ Գետադարձ կոչված կաթողիկոսինն էր. գյուղերով, քաղաքներով։ 428-ին էլ մերը չէր։ Կաթողիկոսն ու նախարարները, որոնք այն ժամանակվա օլիգարխներն էին (մի առիթով, գիտական հետաքրքրությանս շրջանակներում գրել եմ, որ այն ժամանակվա հիմնական մարտահրավերը խոշոր, իր դարն անցած նախարարական հողատիրությունից սեպուհական-ազնվական հողատիրությանն անցնելն էր և 5-րդ դարի սկզբին խնդիրը նախարարներին, հողատեր կաթողիկոսին  վերացնելն էր, ոչ թե թագավորին), որոշեցին ազատվել պետությունից։ 1920-ին էլ մերը չէր։ Միայն խմբապետ Համազասպի նմաններից ազատվելու համար ժողովուրդը պատրաստ էր ողջունել թուրքական զորաբանակը։ Հասկանում եք, որ տնտեսական որոշակի աստիճանի կենտրոնացումից  հասարական ինքնապաշտպանական մեխանիզմներն աշխատում են. կամ պետք է իրավիճակը շտկվի կամ էլ, հանուն ժողովրդի փրկության, պետք է պետականությունը դադարեցվի։ Այս վերջին ,,լուծումը,, , պետականության կորուստը, միշտ չէ, որ ցանկալի արդյունք է տալիս երկար ժամանակի համար։ Բայց եթե պետություն կոչվածը նույնացվում է մի ,,հայ,, մեծահարուստի, զոռբայի, խուժանի հետ, ապա հայ ժողովուրդը ստիպված է լինում հանդուրժել օտարի լուծը։ Զգուշացնում եմ. տնտեսական կառուցվածքների էվոլյուցիան շատ կարևոր է պետության դերակատարումը հասկանալու համար։ Հիշում եմ, օրինակ, 1992թ. ամառը։ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մի խումբ պաշտոնյաների հետ երկարատև գործուղման էինք Ղարաբաղում։ Դժվար ժամանակներ էին։ Թշնամին հասել էր Վաղուհաս, գնդակոծում էր Գանձասարը։ Բախտը կարծես թե մեզանից երես էր թեքել։ Ստեղծվել էր պաշտպանության կոմիտե Քոչարյանի գլխավորությամբ։ Սա անելիքը չէր պատկերացնում։ Իրավիճակի նույնիսկ մակերեսային վերլուծությունը բերեց հետևյալ եզրակացությանը. Ղարաբաղում շտապ տնտեսական ռեֆորմներ են պետք՝ գների ազատականացում, հողի սեփականաշնորհում, առևտրի ազատականացում և այլն։ Քոչարյանն այն ժամանակ նման բաներից ոչինչ չէր հասկանում։ Նրա պատկերացմամբ պատերազմի պայմաններում պետք էր կենտրոնացնել ռեսուրսները (որոնք չկային) և բաժանել։ Բանն հասել էր նրան, որ Ղարաբաղում մսի կիլոգրամն արժեր (պետական գինը) 25ռ., իսկ Հայաստանում՝ 1000։ Ժողովուրդն անասունն առաջ արած ոտքով գալիս էր Հայաստան։ Էլ ի՞նչ կռիվ, ինչ պատերազմ։ Քիչ ջանքեր չպահանջվեցին Քոչարյանին համոզելու համար, որ նման քաղաքականությունը կործանարար է։ Այո, հենց պատերազմի ընթացքում հարկ էր ազատականացնել գները։ Մի քանի ժամում մի երկու տասնյակ որոշում նախապատրաստեցինք, Քոչարյանը, բարեբախտաբար, ստորագրեց դրանք և շուտով ռազմաճակատում վիճակը փոխվեց։ Որովհետև մեր զինվորը հասկանում էր, որ պաշտպանելով մեր հողը, նա պաշտպանում էր ինչպես հայրենիքը, այնպես էլ իր սեփական հողը։ Սա տեխնոլոգիական առավելություն էր։ Ադրբեջանցի զինվորը ի վերջո ուրիշի (Ալիևի, այլոց) հող էր պաշտպանում։ Հիշում եմ մակեդոնական Պյուռոս թագավորի խոսքերը, երբ այդ աշխարհակալ արքան գլխովին ջախջախվեց նոր-նոր հզորացող հռոմեական լեգիոններից. Ի տարբերություն մակեդոնական զիվորի հռոմեական լեգիոները մասնավոր սեփականատեր էր։ Նա կռվում էր իր հողի համար։ Լեգիոների մասնավոր սեփականության ինստիտուտն էր ապագա Հռոմի հզորացման հիմքը։ Ի վերջո ինչքան էլ իմ կառավարությունը ազատական համարեն, 4800 որոշումից, որոնք ստորագրել եմ իբրև վարչապետ, 3100-ը ուղղակի կամ անուղղակի բանակին են վերաբերվել։ Պատահական չէ, որ բանակաշինարարության և ազատական  տնտեսական բարեփոխումների հենց նման սիմբիոզն էր պատճառը, որ թույլ տվեց ՀՀ իշխանություններին հենց բարեփոխումների ժամանակ ամրագրել բոլոր հիմնական ռազմական հաջողությունները։ Հիմա հասկանում եք 1990-1994թթ. պատերազմի հայկական առավելությունների մասին։ Այսպիսի բան չէինք ունեցել մի 1000 տարի։ Համոզված եմ, Բագրատունիների թագավորության կործանման պատճառներից մեկն էլ (նույնիսկ ամենակարևորը) մասնավոր սեփականության բացակայությունն էր, հողերի պետականացումը։ Արաբներն իրենց տիրապետության ընթացքում սահմանելով դրամական հարկեր, իրենցից անկախ խրախուսեցին ապրանքա-դրամական հարաբերությունները, հողի ապապետականացման գործընթացները և դրանով հող նախապատրաստեցին Բագրատունյաց Հայաստանի համար։ Իսկ վերջիններս պետականացրին հողը, տնտեսական միջոցները՝ այն տալով Պետրոս Գետադարձի նմաններին։   Նույնը դաշնակները 1920-ին։ Պետականացնելով ամեն ինչ, կենտրոնացնելով ունեցվածքը նրանք այդ ամենը հանձնեցին համազասպների տնօրինությանը։ Նման պետությունը պահպանելը չի կարող լինել ժողովրդի կենսական հետաքրքրության շրջանակներում։ Հիմա Հայաստանում նույն իրավիճակն է։ Իրոք տեսակի խնդիր ունենք։ Քոչարյանական տեսակը գրավել է ամեն ինչ։ Եթե մենք չհեռացնենք այս տեսակը քաղաքական ու տնտեսական իշխանությունից այս տարածքները ի վերջո թուրքին են անցնելու։ Այս տարածքներ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն Ղարաբաղը։ Պարզ է մի բան.  այսօր Հայաստանի տնտեսական զարգացումը հակասում է Քոչարյանի ու նրա դրածոների մեծ մասի բիզնեսի շահերին։ 2009-ի առաջին կիսամյակի դրությամբ ՀՆԱ անկումը կազմում է -16,3%։ Սա բացառիկ մեծ անկում է ԱՊՀ անդամ երկրների մեջ և ուղիղ 10 անգամ գերազանցում է համաշխարհային միջինը։ Հաստատվում է այն միտքը, ինչը ասել եմ 2008թ. հոկտեմբերին՝ հայկական ճգնաժամը 91%-ով համաշխարհայինի հետ կապ չունի, այն նախորդ տասնամյակի տնտեսական քաղաքականության (ավելի ճիշտ՝ դրա բացակայության) սխալների հետևանք է։ 2009թ. առաջին 5 ամիսներին ՀՆԱ անկումը Հայաստանում կազմել է -15,7%։ Այդ նույն ժամանակ Ադրբեջանում գրացվել է +4,4%։ Ընդ որում առանց նավթի ՀՆԱ-ի նկատմամբ գրանցվել է աճ +6,6%։ Արտահանումը կազմել է 3,6 մլրդ դոլար և 2008թ. հունվար մայիսի նկատմամբ կազմել է 91,7%, իսկ Հայաստանում՝ 52,2%։ Եվ սա այն դեպքում, երբ նավթի համաշխարհային գները 2008թ հուլիս – 2009թ. մայիս ժամանակահատվածում իջել են 3 անգամ։ Ադրբեջանի 5 ամսվա բյուջեի եկամուտները կազմել են 3234,2 մլն մանաթ (ավելի քան 4 մլրդ դոլար)։ Սրա մեջ չեն մտնում նավթի վաճառքից կայունացման ֆոնդ կատարվող մուծումները։  Միջին ամսեկան անվանական աշխատավարձը ՀՀ-ում 2009թ. հունվար-մայիսին կազմել է 97527 դրամ (264 դոլար), իսկ Ադրբեջանում 296,5 մանաթ (368 դոլար)։ Ի դեպ, ավելացնենք, որ Բաքվում գները (արտահայտված դոլարով) 20%-ով ցածր են, քան Երևանում։ Տ.Սարգսյանը ՀՆԱ անկման միջին ամսական տեմպի (-0,9%) ցուցանիշով ՀՀ ամենավատ վարչապետն է Խ.Հարությունյանից հետո (միջին ամսական անկումը -3,2%)։ Այսքանից հետո նա հայտարարում է, թե գոհ եղեք, որ ՀՆԱ կիսամյակային անկումը կազմել է 16,3%։ Կարող էր չ՞է, պնդում է այս մարդը, այդ անկումը կազմել 20% և ավելի։ Ճգնաժամի հետևանքներն հաղթահարելու համար ներգրաված ավելի քան 1 մլրդ դոլարի առյուծի բաժինը հասել է վերը նշված օլիգարխներին։ 100 անգամ ենք ասել. ներկա պահին կարելի իրականացնել ամենատարբեր տեսակի տնտեսական քաղաքականություն։ Մի բան է ակնհայտ. պետք է խրախուսել համախառը պահանջարկի, այլ ոչ թե առաջարկի կորը։ Որովհետև ճգնաժամը գերարտադրության կամ գերառաջարկի ճգնաժամ է։ Պատահական չէ, որ Օբամայի կառավարությունը կասեցրեց Հ.Պոլսոնի 700 մլրդ դոլարանոց ծրագիրը, որով օգնություն էր նախատեսված խոշոր ֆինանսական հաստատություններին և արտադրողներին։ Թ.Գեյթների պլանի (787 մլրդ դոլար) առյուծի բաժինն արդեն ուղղված էր արդյունավետ պահանջարկի խրախուսմանը։ Ռուսական կառավարության առաջարկի խրախուսման անպատասխանատու քայլերն էլ դաս չհանդիսաց՞ան։ Ի՞չպես կարելի է, օրինակ, փող տալ շինարարին, երբ նրա արտադրանքը՝ բնակարանը չի ծախվում։ Վերցնենք, օրինակ, վերջերս ստեղծած հիպոթեքային հիմնադրամը։ Թվում է, թե այստեղ է որ գոնե խրախուսվում է սպառողը։ Բայդ դա միայն առաջին հայացքից։ Իրականում, պետական փողը տրվում է ինչ-որ հիմնադրամի, սա էլ այդ փողը տալիս է բանկերին, որոնք էլ իրենց ուսերին կրում են վարկավորման ռիսկերը։ Լավ, եթե դա էր ձեր հիպոթեքը, հիմնադրամ ի՞նչու էիք ստեղծում։ Վարկավորման ինքնարժեքը բարձրացնելու համ՞ար։ Չ՞էիք կարող փողը ուղղակի տալ բանկերին։ Չէ, ի՞նչ ուզում եք ասեք, բայց բանկիր լինելու համար  գյուղատնտեսական կրթություն ունենալը լավագույն ճանապարհը չէ։  Ցավալի է տեսնել, թե ինչպես է կառավարությունը, մի քանի կիսագրագետի պատճառով, Հայաստանը հասցրել այս վիճակին։  Գոնե Ի.Ալիևից օրինակ վերցնեիք։ Իսկ ընդհանրապես մի՞թե չեք հասկանում, որ նման մրցակցին դիմանալու համար հայ ժողովրդի հոծ զանգվածների գերլարված, շահագրգիռ ու բարձր արտադրողական աշխատանքն է պետք, այլ ոչ թե ձեր մի քանի օլիգարխի հասարակական միջինից ցածր (իմա՝ իրական հաշվարկով վնասաբեր) արդյունավետությամբ ,,բիզնեսը,,։ Վերջերս Շվեդիայի Լինկոպինգ քաղաքում եվրոպական գիտական հիմնադրամը մի հետաքրքիր կոնֆերանս էր կազմակերպել։ Քննարկման հիմնական թեման ազգ, ազգություն, պետություն, քաղաքականություն թեմաներն էին։ Մասնակցում էին աշխարհի լավագույն համալսարանների լավագույն պրոֆեսորները։ Ի վերջո մի հետաքրքիր եզրահանգում եղավ. ազգն ու ազգությունը հավերժական չեն։  Դրանք էթնիկական խմբերի, ժողովրդի սոցիալական կեցության ձևեր են։ Ընդ որում անկասկածելի է մի բան. ազգն, ի տարբերություն ազգության, պետք է կենսունակ պետություն ունենա։ Միևնույն ժողովուրդն իր պատմության ընթացքում մի քանի անգամ կարող է դառնալ  ազգ, ազգություն (ոչ լիարժեք պետություն, ավտոնոմիա), երբեմն նույնիսկ կորցնի այդ իրավունքը։ Ասել կուզի, որ եթե 1000 տարի առաջ ազգ էինք, ապա 100 տարի առաջ ընդամենը ազգություն։ Հետաքրքիր է նաև, որ ազգերի թիվն ավելանում է (ներկայումս կա 200 պետություն, 100 տարի առաջ՝ 53), իսկ ազգություններինը՝ պակասում։  Ներկայիս ոչ լիարժեք պետությունով մենք վերստին ազգության հատկանիշներ ենք ձեռք բերում։ 15 տարի առաջ ազգ էինք։ Այդ ընթացքում ադրբեջանցիք ազգությունից ազգ դարձան։ Սա է քոչարյանիզմի գնահատականը։ Իսկ աշխարհում բոլոր տարածքները (բացառությամբ Անտարկտիդայի և Սոմալիի) պատկանում են ազգերին (ազգերի խմբերին)։ Եվ անխուսափելի է ազգությունների ազգերի վերահսկողության տակ մտնելը։ Եթե մենք առաջիկայում արմատապես չփոխենք ներքաղաքական իրավիճակը, ապա մեր ապագա վերահսկիչ ազգին պետք է փնտրենք մեր 4 հարևանների մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter