HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Միգուցե մյուսն էլ Նաիրի Հունանյա՞նն է»

04_10-Z-Postanjyan«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան «Ազատամտություն» օրաթերթում Փոստանջյանի վերաբերյալ հրապարակված տեղեկություններին: Նշենք, որ երբ Կենտրոնի քննչական բաժինը քրեական գործ հարուցեց «Վիրավորանքի» համար, «հայտնվեց» Շողեր Փաշինյան ստորագրությամբ նյութի հեղինակը` «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը, որը հայտարարությամբ հանդես եկավ: «Եթե այդ թերթ-թռուցիկի հեղինակներից մեկը «Հոկտեմբերի 27»-ի հայտնի հանցագործ խմբից Էդուարդ Գրիգորյանն է, ապա ես չեմ զարմանա, որ այդ թերթ-թռուցիկի մյուս հեղինակներից մեկը Նաիրի Հունայնանն է: Հասարակությունը շատ լավ գիտի, թե ով է կանգնած այդ թերթի թիկունքում, եւ արդյո՞ք այս գործընթացով իշխանությունը ստանձնում է պատասխանատվություն «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման համար»,- կարծիք հայտնեց Հովսեփ Խուրշուդյանը: «Եթե այդ թերթը պարբերաբար նյութեր է հրապարակում Շողեր Փաշինյան ստորագրությամբ, որի հեղինակ հանդես է գալիս Էդուարդ Գրիգորյանը, միգուցե թերթը համագործակցում է հանցագործների հետ»,- ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ հույս հայտնեց, որ բոլոր մեղավորները օրենքով նախատեսված կարգով կնստեն մեղադրյալի աթոռին, եւ դատարանի վճիռ կլինի: Էդուարդ Գրիգորյան. «Փոստանջյանին նույնիսկ հարգանքով եմ վերաբերվում» Էդուարդ Գրիգորյանի հայտարարության մեջ ասվում է, որ ինքն է վերջերս արձագանքել «պատգամավոր, իրավաբան, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանի՝ Ստրասբուրգում կատարած քայլին» եւ հոդված է հրապարակել «Ազատամտություն» օրաթերթում։ «Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի արարքի մասին գրած իմ հոդվածին, ապա ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ բոլոր բնորոշումները վերաբերում են նրա արարքին եւ ոչ թե անձին։ Ավելին, ես չեմ համարում, որ նա պետությանը դավաճանել է, ինչպես շատերն ասացին, որովհետեւ դա անելու համար պետական բարձր պաշտոն պետք է ունենալ։ Տիկին Փոստանջյանին նույնիսկ հարգանքով եմ վերաբերվում, որովհետեւ նա գոնե ասում է այն, ինչ մտածում է։ Իսկ սա շատ հազվագյուտ որակ է քաղաքական եւ պետական գործիչների շրջանում։ Տիկին Փոստանջյանը, լինելով իրավաբան եւ իրավապաշտպան, հայտարարեց, որ այդ քայլը նա արել է ի պաշտպանություն Սասուն Միքայելյանի։ Անձամբ ինձ Սասուն Միքայելյանը չի հետաքրքրում։ Ինձ համար միեւնույն է՝ նա կնստի, թե կգնա տուն։ Առավել եւս, որ հասարակության մեջ այս իրավիճակը նոր չի ստեղծվել, եւ եթե ինչ-որ մարդիկ մեղավոր են դրանում, ապա Սասուն Միքայելյանը ամենավերջինն է։ Բայց դատարանը նրան մեղավոր է համարել եւ դատապարտել է քրեական հանցագործության համար։ Ի՞նչ կապ ունեն այստեղ ԵԽ-ն եւ նրա թուրք պատգամավորները։ Եթե տիկին Փոստանջյանը անարդար եւ անօրինական վճիռների դեմ է պայքարում, ապա հրավիրում եմ նրան այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Ես այնքան նյութ կտրամադրեմ նրան, որ մինչեւ պատգամավորական ժամկետի ավարտը քիթը սրբելու ժամանակ չի ունենա։ Իսկ եթե խոսքը գնում է անձնական եւ նեղ խմբակային շահերը պաշտպանելու մասին, ապա ես էլ ազատ եմ իմ արտահայտությունների մեջ։ Կարծում եմ, որ այս բացատրությունները պետք է բավարարեն տիկին Փոստանջյանին, եւ կկասեցվի այդ անհեթեթ քրեական գործը։ Հակառակ դեպքում կհանդիպենք դատարանում՝ հավելյալ բացատրությունների համար»,- գրված է Էդուարդ Գրիգորյանի հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter