HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզպետարանում խորհրդակցում էին «Հետքի» հոդվածի շուրջ

03_08-aragՀուլիսի 30-ին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանի աշխատասենյակում խորհրդակցություն էր հրավիրվել, որտեղ քննարկվում էր «Հետքի» հունիսի 1-ին հրապարակած նյութը (տես` «Հունիսի 1-ը ոչ բոլոր երեխաների համար է տոն»): Հիշեցնենք, որ հոդվածում անդրադարձել էինք Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ապրող 12-ամյա Սարո եւ 6-ամյա Մհեր Իգնաթեւոսյաններին, որոնք տարբեր պատճառներով չէին հաճախում հանրակրթական դպրոց: Եղբայրները հաշմանդամ են` Սարոն գամված է սայլակին եւ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Մհերը, թեեւ դժվարությամբ, բայց կարողանում է ինքնուրույն քայլել, սակայն հրաժարվում է դպրոց գնալ` պատճառաբանելով, որ  դպրոցում իրեն ծաղրում են: Տնային ուսուցում իրականացվում է միայն Սարոյի համար, իսկ Մհերը դպրոց հաճախել է ընդամենը 3 ամիս` մնալով անտառաճանաչ: Մհերի բացակայությունը նրա դասվարը կարծես թե չէր զգացել, ոչ մի անգամ չի այցելել երեխային` պարզելու, թե ինչու դպրոց չի հաճախում: Մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը Հրաչյա Գեւորգյանի գլխավորությամբ մասնակցում էին նաեւ մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանն ու Սասունիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Բորիկ Բաբայանը: Սկզբում խորհրդակցությանը մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել նաեւ երեխաների մայրը` Լուսինեն, սակայն վերջին պահին հրաժարվեց գալ մարզպետարան` ասելով, թե վատառողջ է: «Հետքում» հրապարակված նյութը քննարկելու խնդրանքով պարոն Գեւորգյանին 16.07.2009 թ. գրավոր նամակ էր ուղարկել Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը: Նրա գրությունն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի խորհրդակցությունն ավելի շուտ տեղի ունենա: Հրաչյա Գեւորգյանը նախ լսեց դպրոցի տնօրեն Բորիկ Բաբայանին: Տնօրենը չթաքցրեց, որ իրենք թերացել են Մհերի հարցում, սակայն մեղքի ամբողջ բաժինը բարդեց երեխայի ծնողների վրա: Նրա ասելով, Մհերին ոչ թե ծաղրել են ու այդ պատճառով դպրոց չի հաճախում, այլ նրա հայրը մայիսի 15-ին գրավոր դիմում է գրել, թե «իմ երեխայի հիվանդության պատճառով խնդրում եմ թողնել նույն դասարանում` դասընթացը կրկնելու համար»: Մեր այն հարցին, թե ինչու± ոչ մի անգամ Մհերի դասվարը չի այցելել երեխային` պարզելու նրա հիվանդության պատճառը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մենք Մհերի խնդիրներին շատ լավ ծանոթ ենք, քանի որ մեր ուսուցիչներն այցելում են նրանց տուն եղբոր` Սարոյի հետ պարապելու համար»: Այս դեպքում անհասկանալի է, թե տեղեկացված լինելով հանդերձ` ինչու± քայլեր չեն ձեռնարկել երեխային դպրոց վերադարձնելու համար: Այս հարցն այդպես էլ մնաց անպատասխան, քանի որ տնօրենին նույնիսկ պաշտոնական նախազգուշացում չտրվեց` մոտ մեկ տարի երեխայի դպրոց չգնալու փաստը մարզպետարանից թաքցնելու համար: Տնօրենը նույնիսկ չգիտեր, որ Մհերի ոտքերը թույլ են, եւ նրա հիվանդությունը դա է: Բ. Բաբայանի ասելով` իրեն փոխանցել են, որ երեխայի ոտքն է վնասվել, այդ պատճառով դպրոց չի հաճախում: Երբ ասացի, որ երեխան ի ծնե հենաշարժողական խնդիրներ է ունեցել, դպրոցի տնօրենը լռեց: «Երեխայի դպրոց չգնալու մասին մենք չենք իմացել եւ տեղեկացել ենք ձեր թերթից, ինչի համար էլ ձեզանից շնորհակալություն ենք հայտնում»,-ասաց Գայանե Դանիելյանը: Պարոն Գեւորգյանն էլ հանձնարարեց լուրջ ուսումնասիրել հարցը, այցելել Մհերի ընտանիքին եւ պարզել` արդյոք նա կկարողանա± ինքնուրույն գնալ դպրոց: «Մենք գիտենք, որ Բորիկ Բաբայանը իր գործը սիրող, լավ տնօրեն է: Դրանում համոզվել ենք, երբ նա տնային ուսուցում կազմակերպեց Սարոյի համար»,-ասաց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ու հանձնարարեց դպրոցի տնօրենին մինչեւ ուսումնական տարվա սկսվելը կարգավորել Մհերի կրթություն ստանալու հարցերը: «Լավ չէ, որ ծնողը հիմա այստեղ չի, որպեսզի ավելի բազմակողմանի քննարկենք խնդիրը, բայց, իմ կարծիքով, իրավունքների գերազանցում են թույլ տվել Մհերի ծնողները: Ճիշտ է, նրանք են երեխայի ծնողները, բայց պարտավոր են զբաղվել իրենց երեխաներով: Այդ տարիքի երեխաները կայացած ապերոներ չեն եւ նրանց շատ հանգիստ կարող են բացատրել, որ դպրոց գնան: Երեխան պետք է իր կյանքը լիարժեք ապրի, ղալաթ են անում երեխաները, որ ծաղրում են նրան: Դա պատճառ չի կարող հանդիսանալ, որ երեխան մեկ տարի դպրոց չգնա»,- ավելացրեց Հրաչյա Գեւորգյանը: Նա ասաց, որ կդիմեն համապատասխան մարմինների օգնությանը, որպեսզի ծնողներն իրենց պարտականությունները կատարեն, եթե պարզվի, որ Մհերը կարող է ինքնուրույն դպրոց գնալ, բայց տղայի դպրոց գնալուն խոչընդոտում են նրա ծնողները: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Մհերի մայրը` Լուսինեն, մեզ փոխանցեց, որ խորհրդակցության չի եկել իրոք առողջական խնդիրների պատճառով: Նրանից հետաքրքրվեցինք, թե վերջապես ինչն է պատճառը, որ Մհերը դպրոց չի գնում: «Երեխան ընկավ, ձեռքը կոտրեց ու դրանից հետո հրաժարվեց դպրոց գնալ: Ինձ ասում էր, որ երեխաներն իրեն ծաղրում են»,- ասաց Լուսինեն: «Միգուցե դու±ք չեք թողնում, որ Մհերը դպրոց գնա»,-հարցրինք Լուսինեին: «Ինչպե±ս կարող եմ չուզենալ: Կա± ըտենց մի ծնող, որ չուզենա իր երեխան դպրոց գնա: Ընդհակառակը, ես ուզում եմ դպրոց գնա, որ մարդկանց հետ շփվի, երեխաների հետ խաղա»,- ավելացրեց Մհերի մայրը: Նա չթաքցրեց, որ բավականին լուրջ դժվարություններ կունենա Մհերին ամեն օր դպրոց տանելու ու տուն բերելու հարցում, քանի որ տղան ինքնուրույն չի կարող դպրոց գնալ, իսկ Սարոյին էլ չի կարող երկար ժամանակով մենակ թողնել սայլակի մեջ: «Չգիտեմ, թե ոնց պետք է ամեն օր Մհերին դպրոց տանեմ: Նա շատ դանդաղ է քայլում, մենակ էլ չի կարող դպրոց գնալ, քանի որ հանկարծակի ոտքերը թուլանում են ու ընկնում է, անպայման պետք է մեկն իր հետ լինի, բայց անպայման ուզում եմ, որ դպրոց գնա»,- ավելացրեց Լուսինեն: Հրաչյա Գեւորգյանն էլ ասաց, որ եթե ծնողները լուրջ փաստեր ներկայացնեն երեխայի դպրոց չհաճախելու մասին, ապա իրենք կարճ ժամանակում խնդիրները կլուծեն: «Եթե անհրաժեշտություն լինի, Մհերին անվճար բժշկական փորձաքննության կուղարկենք` համոզվելու համար` նա կարո±ղ է դպրոց հաճախել, թե± ոչ: Եթե չկարողանա գնալ, ապա տնային ուսուցում կկազմակերպվի»,- նշեց Հ. Գեւորգյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter