
Գողացել են Գյումրիի Ս. Աստվածածին եկեղեցու Սուրբ Սեղանի խաչը
Օգոստոսի 3-ին, առավոտյան ժամը 05:25 րոպեին Գյումրիի Ս.Աստվածածին Յոթվերք եկեղեցում գործել է ազդանշանային համակարգը: Լույսը բացվելուն պես եկեղեցու աշխատակիցներն արձանագրել են, որ անհետացել են Սուրբ Սեղանի խաչը եւ 2 ճաճանչները:
Առաջնորդարանից ճշտեցինք, որ կատարվածի վերաբերյալ արդեն իսկ հայտարարություն տրվել է ոստիկանություն: Թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վրդովված կատարվածից նշեց, որ գողություն կատարողներն իրենց մտածելակերպով առնվազն մոնղոլ-թաթարների կամ թուրքերի ժառանգներ են. «Միթե դրանք չեն հասկանում, որ հանցագործություն են կատարում պատմության հանդեպ, խոսքս եկեղեցու, Յոթվերքի պատմությանն է վերաբերում: Այն ինչ իրենք տարել են, մարդիկ մեկ հարյուրամյակ առաջ իրենց անձը զոհելով թուրքի յաթաղանից են փրկել,- հայտնեց Սրբազան հայրը,-հետո էլ, որ խոսք է լինում թուրքին ենք մեղադրում, միթե այն ինչ կատարվում է հայերի կողմից ավելի բարբարոս արարք չի»: Անցյալ տարի եկեղեցում շինարարական աշխատանքներ իրականացնող բանվորներից մեկը գիշերը թաքնվելով եկեղեցում, կոտրել եւ տարել էր եկեղեցական գանձանակում առկա ողջ գումարը: Հանցագործությունը բավական արագ բացահայտվել էր, հանցագործն ստացել իր արժանի պատիժը: Գողության անցյալ տարվա դեպքից հետո եկեղեցում ազդանշանային համակարգ էին անցկացրել, որը սակայն չէր խանգարել գողին կամ գողերին այս գիշեր իրականցնել իրենց մտադրությունը, եկեղեցի մուտք գործելով պատուհանից: Հեռանալուց առաջ վերջիններս կամ վերջինս երկու մոմ են վառել, հավանաբար մեղքերի թողություն խնդրելով Աստծուց: Եկեղեցին պահակ չունի: Գիշերային պահակություն կա եկեղեցու հարեւանությամբ գտնվող Առաջնորդարանում: Առաջնորդարանի պահակը պատմեց, որ լուսադեմին ինքը լսել է ազդանշանը, դուրս է եկել եւ մի երկու անգամ պտտվել եկեղեցու շուրջը: Կասկածելի ոչ մի բան չնկատելով բավարարավել է թեմի առաջնորդին այդ մասին տեղյակ պահելով: Ոստիկանությունն ահազանգել են միայն առավոտյան: Ենթադրվում է, որ գողություն կատարած անձը լավատեղյակ է եղել եկեղեցում կատարվող անցուդարձին, իմացել է, որ գիշերային պահակություն եկեղեցու շուրջը չի իրականացվում, ամենայն հավանականությամբ նաեւ տեղյակ է եղել, որ ազդանշանային համակարգը ոստիկանական բաժնում գրանցված չի եւ միանալու դեպքոււմ էլ լավագույն դեպքում կլսեն միայն Առաջնորդարանում:
Մեկնաբանել