HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Տավուշի մարզպետը կանխել է Տավուշ գյուղի մշակույթի տան փակումը

Տավուշի մարզ, Տավուշ գյուղ: Այդպես է կոչվում նախկին Շամշադինի շրջանի Թովուզ գյուղը: Համայնքապետարանի կնիքը մեկ տարի առաջ փոխվել է, սակայն հին անունից լիովին չեն ձերբազատվել: Գյուղի մուտքի եւ ելքի մոտ, ճանապարհին տեղադրված մետաղյա ցուցանակների մի երեսին Տավուշ է գրված, մյուսին` Թովուզ:

Գյուղը թեեւ անմիջականորեն Ադրբեջանին սահմանակից չէ, սակայն սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ ունի, որովհետեւ Ադրբեջանի հետ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի սահմանագծից մինչեւ 5 կմ հեռավորության վրա է գտնվում: Տավուշի համայնքապետի տվյալներով` 1850 բնակիչ ունեցող շենից բացակայում է 168 անձ, ովքեր աշխատանքի են մեկնել Ռուսաստանի Դաշնություն` հիմնականում Մոսկվա եւ Լիպեցկ քաղաքներ: Համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի խոսքերով` գյուղի 90%-ն ապահովված է խմելու ջրով: Պրն Հովհաննիսյանն ասում է, թե բնակչության մնացած 10 %-ը իր մեղքով չի օգտվում խմելու ջրագծերից. այդ մարդիկ ժամանակին թաղերը սնուցող ջրագծերից իրենց տները միացնող խողովակաշար չեն կառուցել: Խմելու ջրի մատակարարման ցանցն ընդլայնելու համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով գյուղում 1 կմ ջրագիծ պիտի կառուցվեր: Դրա կառուցումը սկսվել էր ապրիլի 1-ից եւ նախատեսվում էր ավարտել հունիսի վերջին: Սակայն, ինչպես երեւում է, ֆինանսատնտեսական ճգնաժամն այս փոքր ծրագրի վրա էլ է ազդել. մայիսի կեսից աշխատանքները դադարեցված են, ծրագրի վերջնաժամկետը հետաձգվել է մինչ օգոստոս ամիսը: Վիճակը վատթար է ոռոգման ջրի մատակարարման առումով: Գյուղի 562 հա վարելահողից ընդամենը 80 հա-ն է ոռոգելի: Նախկինում` խորհրդային շրջանում, հողերը ոռոգվում էին Տավուշի ջրամբարից, պոմպերի միջոցով: Հիմա վերոհիշյալ 80 հեկտարը Տավուշ գետից ինքնահոս եղանակով է ոռոգվում: Ամառը ոռոգման ջուրը չի հերիքում: Սա բացասաբար է ազդում համայնքի բյուջեի վրա: Համայնքի ավագանին հունվարի 15-ին Տավուշի 2009 թ. բյուջեն հաստատել է 22 մլն դրամի չափով: Դրանից 14 մլն 245 հազար դրամը պետական լրավճար է: Բյուջեի ավելի քան կեսը` 11 մլն 80 հազար դրամ, նախատեսված է համայնքապետարանի ու նրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 19 աշխատողների աշխատավարձի եւ այդ կազմակերպությունների պահպանության ծախսերի համար: Ավագանին հունիսի 18-ին գյուղի մշակույթի տունը փակելու որոշում է կայացրել: Համայնքապետ Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ որոշման պատճառը համայնքի բյուջեի սուղ հնարավորություններն են եւ համայնքային ծառայության համակարգի ներդրումը: Այսինքն` մշակույթի տունը պետք է ձեւավորվի որպես համայնքային ենթակայության ոչ առեւտրային կազմակերպություն, եւ մշակութային օջախի 4 աշխատակիցները պետք է հանրապետությունում ընդունված նվազագույն` 30 հազար դրամ աշխատավարձ ստանան: Համայնքի ղեկավարի խոսքերով` տարեսկզբին համայնքային բյուջեում այդ նպատակով գումարներ չէին նախատեսվել: Նա նաեւ ասում է, որ մշակույթի տունը ժամանակավոր էին փակելու` մինչեւ 2010 թ.-ը: Սակայն այն կանխել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գրությունը, որով համայնքի ղեկավարին զգուշացրել է, որ ավագանին նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ «Տավուշ համայնքի մշակույթի տուն» ՀՈԱԿ կամ համայնքային բյուջետային հիմնարկ` որպես առանձնացված ստորաբաժանում, գոյություն չունի»: Ավագանին մշակույթի տունը փակելու որոշումն ընդունելիս հղում է արել «Համայնքային ծառայության մասին» օրենքին եւ ՏԻՄ օրենքի 32 հոդվածի 4-րդ կետին, ինչպես նաեւ Տավուշի մարզպետի 18.04.09 թ. գրությանը: Մարզպետն էլ նոր գրությունով պարզաբանել է, որ «Համայնքային ծառայության մասին» օրենքը նման հարցեր ընդհանրապես չի կարգավորում, իսկ ՏԻՄ օրենքի վերոնշյալ կետն էլ առնչվում է համայնքի ղեկավարի եւ ոչ թե ավագանու իրավասությանը: Մարզպետը նաեւ հավելել է. «Ավելորդ է նաեւ նշել, որ որոշումն ընդունվել է ի կատարումն Տավուշի մարզպետի 18.04.2009 թ. գրության պահանջների: Խոսքը վերաբերում է Տավուշի մարզպետի շրջաբերականին, որով համայնքների ղեկավարներին են իրազեկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 25.03.2009 թ. հանձնարարականի կետերը»: Մարզպետը համայնքի ղեկավարի եւ ավագանու ուշադրությունը հրավիրել է ավագանու նիստերի որոշումները «գրագետ եւ օրենսդրորեն հիմնավորված ձեւակերպելու խնդրի վրա»: Ա. Ղուլարյանն առաջարկել է եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ, հաշվի առնելով իր նշած դիտողությունները, որոշումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը կամ չեղյալ համարել մշակույթի տունը փակելու որոշումը: Համայնքի ղեկավար Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ավագանին չեղյալ կհամարի մշակույթի տունը փակելու իր որոշումը: Համարենք, որ ավագանին անծանոթ է ՏԻՄ օրենսդրությանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը ավելի քան 14 տարի գյուղի անփոփոխ ղեկավարն է, նա կարող էր մշակույթի տան հարցում ճիշտ ուղղորդել ավագանուն: 03_08-tovus-1

1994 թ. դեկտեմբերից համայնքը ղեկավարող Արթուր Հովհաննիսյանի վկայությամբ` 94-ից մինչ օրս հողի հարկի 18 մլն դրամ պարտք է կուտակվել, որից 6 մլն-ը տույժերն են: Նույն ժամանակաշրջանից գույքահարկի 3.3 մլն դրամ պարտք գոյություն ունի, որից 1.1 մլն-ը տույժերն են: Համայնքապետն ասում է, որ պարտքերը գոյացել են Ռուսաստան բնակության տեղափոխված անձանց չվճարած հարկերի հաշվին: Ամբողջ աշխարհը եւ հանրապետությունն ընդգրկած ֆինանսական ճգնաժամը չեն խանգարել, որ համայնքի ավագանու հունիսի 18-ին միաձայն ընդունած որոշմամբ համայնքի ղեկավարի աշխատավարձը 100 հազար դրամից բարձրացվի 110 հազար դրամի: Մինչդեռ համայնքապետարանի մնացած աշխատողների աշխատավարձերը ցածր են: Համայնքապետի աշխատավարձից կրկնակի ցածր է համայնքապետարանի հաշվապահ Վահան Գրիգորյանի աշխատավարձը` 45 հազար դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter