HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը կրկին պաշտպանեց Բաղմանյանի շահերը

Նախորդ համարներում անդրադարձել էինք Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Մարտունի քաղաքի նստավայր) վարույթում գտնվող քաղաքացիական գործին: Հիշեցնենք, որ Պավել  Բաղմանյանին  պատկանող «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն հայցով դիմել է դատարան ընդդեմ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի՝ պահանջելով ճանաչել սեփականության իր իրավունքը եւ հարկադիր կարգով կնքել վարձակալության պայմանագիր:

«Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ն էլ հակընդդեմ հայցով պահանջում է օրինական ճանաչել ընկերության սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունը եւ դրանց նկատմամբ ճանաչել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի սեփականության իրավունքը (տես հոդվածը` Գեներալն ազդում է նաեւ դատարանի վրա):

«Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը հուլիսի 10-ի դատաքննության ընթացքում դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացրեց եւ փորձագետների լուծմանն առաջադրեց հետեւյալ հարցերը.

1. Որքա՞ն է կազմում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Աբովյան 1 հասցեում գտնվող հողատարածքը, ըստ նպատակային նշանակության՝ ի՞նչ դասի է, ե՞րբ, ու՞մ եւ ի՞նչ կարգով է հատկացվել, այժմ ու՞մ սեփականությունն է հանդիսանում, եւ ի՞նչ իրավունքներ կան գրանցված այդ հողամասի նկատմամբ:

2. Չափագրման աշխատանքներ կատարելու միջոցով պարզել, թե վերը նշված հասցեում «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից փաստացի որքա՞ն շինություն եւ հողատարածք է զբաղեցվում, նշված շենք-շինությունները գտնվում են հատկացվա՞ծ, թե՞ զավթված հողատարածքի վրա: 3. Նշված տարածքում կառուցված գազալիցքավորման ճնշակայանը հանդիսանու՞մ է անշարժ գույք, թե՞ ոչ: 10.07.2009 թ. որոշումով դատարանը միջնորդությունն ամբողջությամբ բավարարել է:

Նշենք, որ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ն դատարան է ներկայացրել Աբովյան 1 հասցեում գտնվող 6 հա հողամասի նկատմամբ իր իրավունքների գրանցումը հավաստող Կադաստրի Մարտունու տարածքային ստորաբաժանման կողմից տրված վկայականը, որից 0.60 հա անօրինական կարգով զբաղեցրել է «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն: Մնացած 5.4 հա հողամասի վերաբերյալ դատարանում որեւէ վեճ չկա: «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը «Հետքին» փոխանցեց, որ իր տեղեկություններով՝ Կադաստրի աշխատակիցներն արդեն չափագրումներ են արել եւ այդ մասին իրեն տեղյակ չեն պահել:

Հեռախոսով զրուցեցինք Կադաստրի Մարտունու ստորաբաժանման պետ Վրույր Վարդանյանի հետ: Նա ասաց, որ չափագրումներ անելու հրաման տվել է, սակայն տեղյակ չէ՝ չափագրումներ արե՞լ են, թե՞ ոչ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են Կադաստրի աշխատակիցները օբյեկտիվ չափագրումներ անելու, երբ այս գործով նրանք շահագրգիռ կողմ են եւ դատարանում ներկայանում են որպես երրորդ անձ: Նշենք, որ Կադաստրը փորձաքննություն իրականացնելու իրավունք չունի, քանի որ չունի հատուկ լիցենզիա, իսկ դատարանը, գերազանցելով իր իրավասությունները, Կադաստրին շնորհել է փորձաքննություն իրականացնելու իրավունք: ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Այս դեպքում որեւէ մեկը չի դիմել դատարան 6 հա հողամասի նկատմամբ պանրագործարանի գրանցված իրավունքների վիճարկման հայցով, հետեւաբար դատարանն իրավունք չուներ դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու միջոցով չափագրել ամբողջ 6 հա-ը:

Դրանով դատարանը դուրս է եկել ներկայացված հայցի առարկայի շրջանակներից եւ իր նախաձեռնությամբ փորձում է վեճի առարկա դարձնել գույքի նկատմամբ ընկերության իրավունքը, որը սահմանված կարգով գրանցված է: Բացի այդ, «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն ընդունել է պանրագործարանի սեփականության իրավունքը 0.60 հա հողամասի նկատմամբ եւս եւ ցանկանում է պարտադրել «Մարտունու պանրագործարան»-ին կնքելու վարձակալության պայմանագիր:

Պավել Բաղմանյանին պատկանող ՍՊԸ-ն դատարան է ներկայացրել Կադաստրի Մարտունու ստորաբաժանման կողմից 27.05.2009 թ. տրված մի գրություն, որտեղ տեղ են գտել բազմաթիվ կեղծ տեղեկություններ:

Մասնավորապես, նշված է, որ պանրագործարանին պատկանում է 2.3 հեկտար, եւ այն ստացել է պետական գրանցում, իսկ մնացած 3.7 հեկտարից 0.64 հա հողատարածքը զբաղեցնում է «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի գազալցակայանը, իսկ 3.06 հա հողատարածքը տարիներ շարունակ զբաղեցրել են սահմանակից սեփականատերերը

: «Նշված տարածքներն ընդհանուր` 6 հա, գտնվում են բնակավայրի ներսում, որից 2.3 հա-ը պանրագործարանի սեփականությունն է, իսկ 0.64 հա-ը ներկա պահին հանդիսանում է համայնքային սեփականություն»,- նշված է Կադաստրի կողմից ՍՊԸ-ի ներկայացուցչին տրված գրության մեջ:

Նշված գրությունը  հակասում է նույն կառույցի կողմից 30.10.2003 թ. տրված սեփականության իրավունքի վկայականին: «Երջանիկ պատահականությամբ» համայնքային սեփականություն է համարվում այնքան հողամաս, որքանի վրա կառուցված է գեներալի որդու գազալցակայանը` 0.64 հա:

Ստացվում է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Մարտունու քաղաքապետարանն ու Կադաստրի Մարտունու ստորաբաժանումն ամեն գնով փորձում են սեփականատիրոջ ձեռքից խլել նրա սեփականությունը եւ «նվիրել» գեներալ Հայկազ Բաղմանյանի որդուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter