HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Կարմիր գյուղի» բնակիչները նամակով են հաղորդակցվում

Նոյեմբերյան քաղաքից 10-15 կիլոմետր հեռավորության վրա, ձորերի մեջ տեղակայված են նախկին կոլխոզ-սովխոզ տնտեսությունները, որոնք այժմ բնակեցված են եւ «գյուղերի» են վերածվել: Այստեղի «գյուղերը» վարչական գրանցում չունեն, ոչ էլ գյուղապետ կա, իսկ հողերը սեփականաշնորհված չեն, մարդիկ պարզապես բաժանել են տարածքը միմյանց միջեւ եւ բնակություն են հաստատել ձորում:

Այդ բնակավայրերից յուրաքանչյուրը ունի իր անունը, դրանցից մեկը Կարմիր գյուղն է: «Էստեղ վեճ ու կռիվ չկա, բոլորն իրար օգնում են, մեր ժողովուրդը հենց դրանով է տարբերվում, որ ձեռք մեկնող են, հասնող են»,- ասում է «Կարմիր գյուղի» բնակիչ Ստեփանը: Մեր այցելության ժամանակ «գյուղում» ընդամենը 3 ընտանիք էր մնացել, մյուսները սար էին բարձրացել` անասուններին արածացնելու: 03_08-karmir-1«Մարդկանց հիմնական զբաղմունքն ու եկամուտը անասնապահությունն է, մայիս ամսից կենդանիներին բարձրացնում են սարերը, որտեղ փայտաշեն տներ կան, ընտանիքներով գնում են էնտեղ, մինչեւ սեպտեմբերի վերջ մնում են: Էդ ընթացքում էստեղի խոտը հնձում են, ձմեռվա համար են պահում: Մարդկանց կյանքի կեսը սարերում է անցնում»,- պատմում է 69-ամյա Արմեն պապը: Կոլխոզի պահեստներն այժմ վերածել են գոմերի, իսկ փայտաշեն շատ տնակների փոխարեն քարից տներ են կառուցել:

«Ճիշտը որ ասեմ` չգիտեմ, թե ինչի են «Կարմիր գյուղ» կոչել էս սովխոզը, բայց հնից եկել է էդ անունը»,- ասում է Ստեփանը: Գյուղացիներից ոմանք նաեւ մեղվաբուծությամբ են զբաղվում, մեղրը վաճառում են, իսկ տնամերձ հողամասի բարիքները վաճառքի համար չեն: «Դա նույնիսկ մեր ընտանիքին չի բավականացնում, ուր մնաց թե` ծախենք»,- ասում է Ստեփանը: «Կարմիր գյուղում» խանութ չկա, բնակիչներից շատերը մեքենա ունեն եւ անհրաժեշտ պարագաները Նոյեմբերյանից են բերում, իսկ ովքեր մեքենա չունեն, ցուցակը տալիս են բարեկամին կամ հարեւանին, նրանք էլ առաքում են ապրանքը: 03_08-karmir-2«Մի հատ փոքր թոնիր ունենք, որտեղ բոլորն էլ կարող են հաց թխել, էստեղ իմ ու քո չկա, բոլորն էլ իրար օգնում են»,- ասում է Նելլի տատը:

Ձմռանը «Կարմիր գյուղում» մի քանի ընտանիք է մնում, մյուսները գնում են քաղաք կամ մոտակա այլ գյուղեր: Որոշ ընտանիքներ էլ այստեղ միայն հանգստանալու համար են գալիս: «Մեր տանջանքը շատ է, բայց որ մաքուր օդ ենք շնչում եւ զուլալ ջուր ենք խմում, դրա համար էլ առողջ ենք: Կաթնամթերքը, միսը տնական ենք ուտում, միրգն ու բանջարեղենը մեր հողից ենք ստանում, իսկական մեղր ենք ուտում»,- ասում է Աննա տատը եւ հրավիրում գոմեշի մածուն ուտելու: Քաղաքակրթությունը դեռ «Կարմիր գյուղ» չի հասել. ո'չ էլեկտրաէներգիա կա, ո'չ ջրագծեր, ո'չ էլ բջջային կապն է հասնում: Հոսանքի բացակայությունից գյուղացիները շատ չեն դժգոհում, քանի որ հեռուստատեսային եւ ռադիոալիքները նրանց հասանելի չեն, մաքուր ջուրը բնությունն է «Կարմիր գյուղին» պարգեւել, իսկ հեռախոսակապը «բռնելու» ձեւը մարդիկ գտել են: «Էն սարի գլխին «ԱրմենՏելն» է բռնում, էն մյուսին էլ` «ՎիվաՍելը»»,- մոտակա սարերը ցույց տալով` ասում է Արմեն պապը: Սակայն սար բարձրանալուց խուսափելու համար բնակիչներից շատերը նամակագրական կապի մեջ են քաղաքակիրթ աշխարհի հետ: 03_08-karmir-3«Եթե ինչ-որ մեկը մեքենայով քաղաք պիտի գնա, նամակ ենք տալիս, տանում են մեր բարեկամներին համ էլ պետքական բաներն են բերում: Մենք էլ մեքենա ունենք, բայց ամուսինս քաղաքում քշում է գործի մեջ, մեզ էլ հարեւաններն են օգնում, այստեղ շատ բաներ չկան, բայց մարդկանց աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք նորմալ ապրել »,- ասում է Արմինեն:

Նա քաղաք գնացող հարեւանին իր բջջային հեռախոսն է տալիս, որպեսզի մարտկոցը լիցքավորի եւ վերադարձնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter