Ֆոտոլրագրող Շամշյանը պահանջում է դատավորներին կանչել պատասխանատվության
«Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դիմում-բողոք է գրել արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին: Դիմումում մասնավորապես ասված է.
«Սույն թվականի հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի, դատավորներ Արմեն Դանիելյանի ու Մասիս Ռեհանյանի մասնակցությամբ դռնբաց դատական նիստում կայացրեց դատավճիռ, որով իմ նկատմամբ որոշեցին կիրառել ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ ինձ ազատել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2009-ի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված (դատավոր Արմեն Խաչատրյան) եւ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2009-ի հունիսի 15-ի որոշմամբ անփոփոխ թողնված 350 հազար դրամ տուգանք պատժից:
Հիշեցնեմ, որ նշված վճիռներն իմ նկատմամբ կայացվել էին այն բանի համար, որ ես իբր 2008-ի օգոստոսի 5-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանների թիվ 5 նիստերի դահլիճում դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ ցուցաբերել եմ անհարգալից վերաբերմունք, որը, ըստ հարուցված քրեական գործի, դրսեւորվել է դատավորին վիրավորելով` ինչն արտահայտվել է դատավորի հասցեին հնչեցված «հորթ», «տխմար», «դամբուլ» եւ այլ որակումներով: Այդ ամենի արդյունքում իմ նկատմամբ Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Արդարադատության հարգելի պատասխանատուներ, դուք ի պաշտոնե պետք է պաշտպանեք օրենքն ու օրինականությունը եւ չեմ կարծում, որ եթե անձը կամ անձինք կատարած լինեն հանցագործություն կամ հանցագործություններ, ապա դուք նրանց կատարած արարքները կպարտակեք պատճառաբանելով, թե «աղմուկ մի արա, լավություն ենք անում»: Կարծում եմ, Վերաքննիչ քրեական դատարանը իմ նկատմամբ չպետք է կիրառեր ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» օրենքը: Եռյակին ուղղված իմ հարցերին, թե Դուք խախտելով օրենքը իմ նկատմամբ կայացնում եք անօրինական դատավճիռ, նրանց արձագանքը իսկական զավեշտ էր: Դահլիճից ճողոպրելով նրանք շպրտեցին. «Շուխուր մի արա, քեզ լավություն ենք արել»: Իսկ իմ պնդմանը, թե լավությունը կլինի այն, որ առաջնորդվեք օրենքով եւ պաշտպանեք օրենքի տառը, նրանք չպատասխանեցին:
Ձեզ հայտնեմ, որ դեռեւս 2007-ի մայիսի 27-ի որոշմամբ իմ նկատմամբ կիրառվել է ՀՀ Անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 15.09.1998 թվականի որոշման 2-րդ կետը, ինչպես նաեւ 2007-ի ապրիլի 27-ի որոշմամբ նույնպես կիրառվել է Հայաստանում Քրիստոնեություն պետական կրոն հռչակելու 1700 ամյակի կապակցությամբ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 12.06.2001-ի որոշման 2-րդ կետը, ինչի առթիվ դեռ այն ժամանակ կիրառվել է համաներում եւ իմ նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ ես ազատվել եմ քրեական պատասխանատվությունից:
Խնդիրն այն է, որ եթե քաղաքացու նկատմամբ մեկ անգամ համաներում է կիրառվել, երկրորդ անգամ օրենքն արգելում է դրա կիրառումը: Կարծում եմ, Վերաքննիչ քրեական դատարանի եռյակը քաջ տեղյակ է եղել իմ նկատմամբ արդեն մեկ անգամ կիրառված համաներմանը: Եվ այդքանից հետո նրանք օրենք են խախտում ու դատավճիռ են հրապարակում «Հանուն Հայաստանի Հանրապետության»:
Հարգելի պաշտոնյաներ, ինձ նրանց լավությունը պետք չէ, առավելագույն լավությունն այն կլինի, որ նրանք չխոչընդոտեն լրագրողներին կատարելու իրենց մասնագիտական պարտքը, այն է` լուսաբանել բաց դատական նիստերը: Հուսով եմ, դուք չեք կասկածում, որ միջազգային բոլոր կոնվենցիաներով ամրագրված այս տարրական դրույթը գոյության իրավունք ունի նաեւ Հայաստանի Հանրապետությունում, որի անունից օրենք են ոտնահարում հիշյալ եռյակի պես անբարեխիղճ դատավորները:
Հուսով եմ կձեռնարկեք անհրաժեշտ օրինական միջոցներ նշված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ ընդունելով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել