
«Վարչական դատարանը մերժել է մեր բողոքը եւ մենք վաղը կդիմենք Վճռաբեկ դատարան»,- «Հետքին» հայտնեց Թեղուտի պաշտպանության խմբի փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ խումբը բողոքարկել էր այն որոշումը, որով Վարչական դատարանը հրաժարվել էր քննել Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման խնդրանքով հայցադիմումը` պատճառաբանելով, թե հայցվոր կազմակերպությունները չեն կարող դատարանում վիճարկել այդ խնդիրը:
«Եթե Վճռաբեկ դատարանն էլ նույն տեսակետին եղավ, մենք կդիմենք Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, որը քննում է նման հարցեր: Հայաստանը այդ հանձնաժողովին մասնակից պետություն է եւ պարտավոր է ընդունել նրա խորհուրդները»,- ասաց փաստաբանը:
Թեղուտի պաշտպանության խումբը պնդում է, որ հանքի շահագործմամբ խախտվում է Օրհուսի միջազգային կոնվենցիան, որն ընդունել է նաեւ մեր երկիրը, եւ հիշեցնում, որ Դալմայի այգիների գործով Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը ընդունել է, որ Հայաստանը խախտում է Օրհուսի կոնվենցիան: «Սակայն մեր պետությունն այդ խախտումները մինչեւ հիմա չեն վերացրել»,- նշում է փաստաբանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել