
«Վերջին ամիսներին իշխանությունների կողմից ուղղորդվող եւ հովանավորվող մի արշավ է սկսվել «Ժառանգություն» կուսակցության եւ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Դա մտահոգության տեղիք է տալիս, թե ինչու է ակտուալ հենց հիմա սկսել դա: Այս սեւ քարոզչությունը հուշում է, որ չի բացառվում, թե իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների: Ես չեմ կանխատեսում, պարզապես չեմ բացառում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
«Ակնհայտ անհիմն դրույթների վրա է դա արվում, վերջերս Գալուստ Սահակյանի ստերի տարածումն էր, որը մենք հերքեցինք: Սակայն դրանից հետո նորից շարունակվում են նույն անհեթեթ ու պարզունակ հիմնավորումներով մեղադրանքները, դա ցույց է տալիս, որ կա ուղղակի հրահանգ եւ հրահանգը կատարելու խնդիր, բայց այդ ստերը տարածվում են նաեւ հեռուստաընկերությունների միջոցով, իսկ մեր հերքումները` միայն թերթերով:
Այսպիսով, հավասար պայմաններ չեն ստեղծվում: Մենք հեռուստաընկերություններից պահանջելու ենք, որ նույն քանակով, որով տարածվել է ապատեղեկատվությունը, տարածվեն նաեւ մեր պատասխանները»,- հավելեց խոսնակը:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը շուտով հայտարարություն կտարածի «իշխանության կողմից սկսված արշավի» վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել