HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միջնադարյան շուկա` Վարդենիսի հրապարակում

Shuka_04.08.09 Արդեն 4-5 տարի է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ամեն շաբաթվա հինգշաբթի օրը բնակչության կողմից  «տոնավաճառի օր» է հայտարարված, քանի որ քաղաքում շատ, թե քիչ միայն այդ օրն է աշխուժություն մտնում: «Տոնավաճառի» պատվին նույնիսկ գյուղերից Վարդենիս ժամանող ավտոբուսների քանակն է ավելանում: Եթե սովորական օրերին, ասենք Խաչաղբյուր եւ Լուսակունք համայնքներից Վարդենիս է գալիս  4 ավտոբուս, ապա հինգշաբթի օրերին 40 րոպեն մեկ են ավտոբուսները մեկնում: Ամեն հինգշաբթի նույնիսկ Երեւանից ավտոբուսներով Վարդենիս են շտապում առեւտրականները ու հենց քաղաքի հրապարակի հարեւանությամբ առեւտուր են անում: «Տոնավաճառի» տարածքում չկան տաղավարներ եւ մարդիկ վաճառվող ապրանքը փռում են գետնին: Այն, որ սննդամթերքի անվտագության հարցերով զբաղվող պատասխանատուները անտարբեր են մարդկանց առողջության համար փաստ է, քանի որ 5 տարի է ինչ կողք կողքի վաճառվում է տնային կենդանիներ, սննդամթերք ու հագուստ, էլ չենք ասում, որ թափառող շները հանգիստ տեղավորվում են վաճառվող մածունի կամ պանիրի կողքին ու ոչ մի մարմին դրանով չի մտահոգվում: Երբ բացօթյա առեւտրի մասին զրուցում էինք Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ, նա այնպիսի խեղճացած տեսք ընդունեց, որ դժվար, թե քաղաքապետը կարողանա այդ հարցին լուծում տալ: «Ինձ կներեք էլի, ես չեմ իմանում, թե ինչ անեմ: Անճարակ էլ չեմ բայց չգիտեմ ոնց վարվեմ այդ մարդկանց հետ, որովհետեւ այդ վայրում առեւտուր անելու թույլտվություն չունեն քաղաքապետարանի կողմից: Ցանկացած միջոցառում կազմակերպել ենք, բայց անօգուտ: Ուզում եմ նրանց բերել հարկային դաշտ, տանջվում ենք ու չգիտեմ, թե ինչ է լինելու: Խնդիրը մեզանից անկախ է ու չեմ իմանում, թե ինչ անենք: Նույնիսկ ոստիկանների օգնությանն ենք դիմել, բայց գալիս են քաղաքապետարան կռիվ են անում, թե չեք ուզում մենք ապրենք:Խայտառակ վիճակի մեջ ենք ընկել: Քաղաքի հատակագծով առանձին տեղ կա նախատեսված, որտեղ էլ պետք է քաղաքապետարանի թույլտվությամբ իրականացվի բացօթյա առեւտուրը, այնտեղ պայմանները ստեղծված են»,-ասաց Վոլոդյա Խլոյանը: Նրա ասելով, հրապարակում առեւտուր անելը խայտառակություն է, բացի դա  պայթյունավտանգ է, քանի որ այդ տարածքում ավտոմեքենաների հոսքը շատ է եւ չի բացառվում, որ մի օր մեկը ավտովթարի ենթարկվի: «Ուղղակի ես էլ կխնդրեի մեր հասարակական կարգի պահպաններին, որ ինձ քյոմագ կանգնեն խնդիրը լուծենք, թե չէ միայն ինձանով չի լինի: Ես առաջարկել եմ, որ գնան մարզադաշտի տարածքում առեւտուրը կազմակերպեն, բայց չեն գնում: Բազմակի անգամներ կռիվներ եմ տվել, մենք էլ ենք անշնորք դառնում, որովհետեւ ես էլ նույն համայնքի բնակիչ եմ, ուզում եմ, որ ամեն ինչը մարդկային ու պարկեշտ ձեւով լինի, եթե չի կարելի ուրեմն չի կարելի»,-ավելացրեց Վ. Խլոյանը: Նշենք, որ մարզադատի տարածքն այդքան էլ անվտանգ չէ մարդկանց կյանքի ու առողջության համար, քանի որ  մոտ 3 տարի առաջ փլվել է օթյակներից մեկը ու այն մինչ օրս սպառնալիք է տարածքով անցնող մարդկանց համար: Զրուցեցինք նաեւ առեւտրականների հետ: Նրանք ոչ մի կերպ չէին համաձայնվում տեղափոխվել մարզադաշտի տարածք, քանի որ այն քաղաքի կենտրոնից բավականաչափ հեռու է: «Իբր ստեղ էնքան մի առեւտուր ա կենենք, որ էթանք քաղքից դուրս հա: Մեր առեւտուր անողը գեղացին ա, նրանց մեջ էլ կուդում չկա, որ էդքան ճամբան ոտով էթան: Թողես մենակ մեծ-մեծ խոսան: Քաղաքապետը, որ լավ մարդ էղեր, մե խատ ավտոբուս կտար, որ մարդիկ ստադիոն հասնեն, ինքն էդքան տեղ ոտով կեթա, որ մեզ ա խեղդեն, թե գացեք ընդեղ առեւտուր արեք»,-ասաց վարդենիսցի Ասյա Կիրակոսյանը: Vardenis-shuka_04.08.09 Քանի որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը խոստովանեց, որ չի կարող պայքարել բացօթյա առեւտրի դեմ, որտեղ նաեւ հակահիգիենիկ պայմաններում սննդամթերք է վաճառվում, զանգահարեցինք ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կառույց: Մեզ հետ զրույցում սննդամթերքի անվտանգության մարզային բաժնի պետ Աշոտ Գուրօղլյանն ասաց, որ իրենք ստուգումներ են անում միայն Գյուղնախարարի հանձնարարականով կամ հրամանով: «Անցյալ տարի Վարդենիսի հրապարակի խանութներում ստուգումներ արել ենք, բայց տոնավաճառում ստուգում չենք արել, քանի որ նախարարի հրամանը վերաբերում էր միայն խանութներին: Ճիշտն ասաց, անցյալ տարի եմ տեսել տոնավաճառը, բայց հիմնականում հագուստ էին վաճառում, սննդամթերքն էլ տաղավարների վրա էր դրված»,-ասաց Ա. Գուրօղլյանը: Երբ նրան ասացինք, որ մեր այցելության ժամանակ տաղավարներ չտեսանք եւ հրապարակում տաղավար չէր էլ կարող լինել, ասաց. «Իմ տեսածն անցյալ տարվանն էր վերաբերում, այս տարի չգիտեմ ինչ պայմաններում են առեւտուր անում: Հենց հիմա կհանձնարարեմ մեր տեսուչին, որ գնան տեղում տեսնեն: Եթե սննդամթերքի վաճառքի դեպքեր հայտնաբերվի, կդիմեմ նախարարին, որպեսզի ստուգումներ անելու թույլտվություն տա»,-պատասխանեց սննդամթերքի անվտանգության բաժնի պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter