HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաժնետերը պահանջում է, որպեսզի Վալերի Մեջլումյանը պատասխանի իրեն

04_08-a_melikyan

«Երկար տարիներ ես եւ ամուսինս (ես շուրջ 25 տարի, ամուսինս` 30 տարի) աշխատել ենք Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում: Ձեր կողմից «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ն սեփականացնելուց հետո իմ բաժնետոմսերը, թվով 14 հատ, որը կազմում է 0,036% եւ ամուսնուս` Ալբերտ Մելիքյանի բաժնետոմսերը` թվով 30 հատ, որը կազմում է 0,077%, անձամբ տնօրինել եք դուք:

Ես ուրախ եմ, որ դուք կաք, որ գործում է գործարանը, եւ ես ու ամուսինս համարվում ենք բաժնետերեր: Այն, որ դուք ամեն տարի ինչ-ինչ նպատակներով փոխում եք ձեռնարկության անունը, դա գործին չի խանգարում: Փաստացի գործարանը աշխատում է, աշխատում են մարդիկ, լինում եք հովանավոր: Ուստի խնդրում եմ Ձեզ բացատրեք` ինչպես կարող ենք ես եւ ամուսինս օգտվել մեր փայատիրական իրավունքից: Պատասխանը խնդրում եմ գրավոր ստանալ հետագա քայլերի դիմելու համար»: Սա մի հատած է հունիսի 29-ին Ալավերդու բնակիչ Ասիկ Մելիքյանի դիմումից` ուղղված «Վալլեքս» խմբի ընկերությունների գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանին:

Ասիկ Մելիքյանը պատում է, որ դիմումի բովանդակությանը ծանոթանալուց հետո Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունում այն չեն գրանցել, եւ մեկամսյա քաշքշուկից հետո դիմումը ետ են վերադարձրել: Ասիկ Մելիքյանը ներկայումս բնակվում է Ուկրաինայի հանրապետության Օդեսա քաղաքում: Նա Վալերի Մեջլումյանին գրած դիմումով ուզում է պարզել «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ում իր եւ ամուսնու ունեցած բաժնետոմսերի ճակատագիրը: Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատը 1996 թ.-ին սեփականաշնորհվելուց հետո վերանվանվել է «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ, որի բաժնետերերից 1334-ը եղել են նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի աշխատողներ: Բաժնետոմսերի մեծ մասը` 1000-ը, 1998 թ.-ին բաժնետերերից գնել է «Վալլեքս» խմբի ընկերությունների գլխավոր տնօրեն Վ. Մեջլումյանը: Բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո Վ. Մեջլումյանը գունավոր մետաղների գործարանի մեջ մտնող Ալավերդու պղնձաձուլական գործարանը դիտել է «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ-ից դուրս ձեռնարկություն եւ այն համարել իր մասնավոր սեփականությունը, իսկ 334 բաժնետերերի, որոնք չեն համաձայնել նրան վաճառել իրենց բաժնետոմսերը, թողել է գունավոր մետաղների արտադրության հետ բառացիորեն առնչություն չունեցող «Մանես» ԲԲԸ-ն, որը շահույթ չստացող ընկերություն է եւ նույնպես պատկանում է Վալերի Մեջլումյանին: Ասիկ Մելիքյանի ձեռքի տակ է գտնվում Ալավերդու «Մանես» գունավոր մետաղների գործարան» ընկերության խորհրդի քարտուղար Թամար Ճուղուրյանի ստորագրությամբ ռեեստրից քաղվածք իր եւ ամուսնու բաժնեմասի վերաբերյալ եւ բաժնետեր լինելու փաստը հաստատող այլ փաստաթղթեր: «Ես իմ դիմումը հասցեագրում եմ միայն Վալերի Մեջլումյանին, դա նրա բարոյական իրավունքն է, թե իմ դիմումին ի՞նչ կպատասխանի, ես էլ եմ համոզված, որ բացասական է պատասխանելու, բայց թող ինքը պատասխանի»,- ասում է Ա. Մելիքյանը:

Սկզբում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գրասենյակում Ա. Մելիքյանին ուղարկում են «Մանես» ԲԲԸ-ի տնօրեն Աղվան Հովհաննիսյանի մոտ:

Վերջինս էլ Ա. Մելիքյանին բացատրել է. «Եղել է «Մանես գունավոր մետաղների գործարան» ԲԲԸ, որտեղ գրանցված են եղել սեփականաշնորհված լեռնամետալուրգիական կոմբինատի 1334 բաժնետերեր: Վաուչերների սկզբում 53%-ը, ապա նաեւ մնացած 47%-ը գնել է Վ. Մեջլումյանը, սա էլ իրավունք է տվել, որ նա դառնա Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր: «Մանես» ԲԲԸ-ում մնացել է 334 բաժնետեր, որոնք ներկայումս էլ հանդիսանում են վերջինիս բաժնետերեր, այդ թվում եւ դուք»:

«Էդ ո՞նց է` Վալերի Մեջլումյանը իր գնած վաուչերներով ճանաչվել է պղնձաձուլական գործարանի բաժնետեր, մենք, որ երկար տարիներ եղել ենք այդ գործարանի աշխատողներն ու իսկական տերերը, նույն վաուչերների մեր ունեցածի չափով չենք ճանաչվում բաժնետեր»,- հակադարձում է Ասիկ Մելիքյանը: Նա գտնում է, որ Վալերի Մեջլումյանը լեռնամետալուրգիական կոմբինատի 334 բաժնետերերի, այդ թվում նաեւ իրեն եւ ամուսնուն զրկել է բաժնետիրոջ իրավունքից: Նա համառորեն պահանջում է գրանցել իր դիմումը: Ա. Մելիքյանը դիմումը գրանցելու համար դիմել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Ա. Ղամբարյանին: Վերջինս Ա. Մելիքյանին կրկին ուղարկում է «Մանես» ԲԲԸ-ի նախագահ Աղվան Հովհաննիսյանի մոտ: Տիկին Ասիկն էլ Ա. Ղամբարյանին բացատրում է, որ իր դիմումի պատասխանը ուզում է ստանալ միայն ու միայն Վալերի Մեջլումյանից, Ղամբարյանը Ա. Մելիքյանին ուղարկում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վարչատնտեսական բաժնի պետ Անուշ Մկրտումյանի մոտ, որ դիմումն ուղարկի հասցեատիրոջը, սակայն վերջինս դիմումը վերցնելուց մի քանի օր հետո Ա. Մելիքյանին հեռախոսով պատասխանում է. «Մենք իրավունք չունենք այս դիմումը վերցնելու, մենք «Մանես»-ի հետ բացարձակ կապ չունենք»: Ա. Մելիքյանին կրկին ուղարկում են Աղվան Հովհաննիսյանի մոտ: «Ես չեմ կարող էս դիմումը վերցնել, դիմումդ ետ վերցրու, նոր դիմում գրի իմ անունով, ես քեզ կպատասխանեմ»,- ասում Ա. Հովհաննիսյանը:

«Ես քեզ հետ գործ չունեմ, քեզ էլ վաուչեր չեմ տվել, որ քեզնից նրա համար բացատրություն ուզեմ»,- պատասխանել է Ասիկ Մելիքյանը: Ա. Մելիքյանը հիշեց, թե Վ. Մեջլումյանը ինչպես է գունավոր մետաղների գործարանի բաժնետեր շարքային աշխատողներից ստացել նրանց բաժնետոմսերը: «Սկզբում նա գործարանի վաուչեր ունեցող աշխատողների ցուցակը ձեռքին վախեցնում էր, որ ով վաուչերը չտա իրեն, աշխատանքից կազատի: Բաժնետոմսերը ջրի գնով` 2500 դրամով վերցրեց: Ես վճռական եմ, ամեն տեղ էլ բողոքելու եմ, դիմելու եմ Եվրադատարան»,- ասաց Ասիկ Մելիքյանը: Մեր հարցմանը, թե ինչու Ա. Մելիքյանի դիմումը չի ընդունել եւ չի գրանցել, «ACP» ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Ա. Ղամբարյանը պատասխանեց. «Քաղաքացին ճիշտ չի ասում, ինչ դիմում որ ինքը բերել է, գրանցվել է «Մանես» ԲԲԸ-ում»:

Վերջինիս նախագահ Աղվան Հովհաննիսյանն էլ պարզաբանեց. «Քաղաքացի Ա. Մելիքյանը մի քանի անգամ եղել է ինձ մոտ, ես նրան տեղեկացրել եմ իր եւ ամուսնու` Ալբերտ Մելիքյանի բաժնետոմսերի կարգավիճակը, սակայն իմ բանավոր պատասխանը նրան չի գոհացրել, պահանջել է, որ իր դիմումին պատասխանի Վալերի Մեջլումյանը: Քանի որ պրն Մեջլումյանը վերջերս չի այցելում Ալավերդի, ես երաշխիք չունեի, որ 15-օրյա ժամկետում կարող էի Վ. Մեջլույանի հետ քննարկել քաղաքացու դիմումը եւ գրավոր պատասխանել նրան: Ես քաղաքացուն տվել եմ «Վալլեքս» խմբի ընկերությունների Երեւանի գրասենյակի հասցեն եւ բանավոր խորհուրդ եմ տվել դիմել այնտեղ` Վ. Մեջլումյանից պատասխան ստանալու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter