HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լ. Զուրաբյան. «Սեփական ժողովրդի նկատմամբ ինֆորմացիոն պատերազմ են կիրառում»

10_04-l_zurabyanՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված իր մամուլի ասուլիսը սկսեց ՀԱԿ-ի հայտարարությամբ: «Փաստահավաք խումբը հուլիսի 29-ին հրապարակեց երրորդ զեկույցը, որում ուսումնասիրել է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան մանրամասները: Զեկույցը պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ դաժանաբար ծեծվել է, հետո գնադակահարվել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատուկ քննչական ծառայությունը կոծկել է իրողությունը` հիմնավորելու համար իշխանությունների կողմից մոգոնված այն վարկածը, թե իբր ցուցարարները մարտի 1-ին կիրառել են հրազեն, ու նրանց հեռահար կրակոցից զոհվել է զինվորը: Իրականում Տիգրան Աբգարյանը գնդակահարվել է իր հրամանատարներից մեկի կողմից»,- ասաց նա` նշելով, որ փաստահավաք խմբի առաջին զեկույցն ապացուցել էր, որ կեղծվել է նաև կապիտան Համլետ Թադևոսյանի մահվան քննությունը` նույն նպատակով: Լ. Զուրաբյանի խոսքով` այս երկու դրվագը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ութ զինվոր վիրավորվել է ցուցարարների կողմից կիրառված հրազենից, օգտագործվեցին իշխանությունների կողմից` որպես արդարացման հիմք` մարտի մեկին ցուցարարաների նկատմամբ հրազենի կիրառման համար: «Այսպիսով, հրապարակվել են անհերքելի ապացույցներ այն մասին, որ մարտի մեկին իրականում տեղի է ունեցել սառնասրտորեն հաշվարկված դիտավորյալ սպանդ, որը կազմակերպվել է իշխող վարչախմբի կողմից և հետապնդել է մեկ նպատակ` սեփական ժողովրդի մեջ վախի մթնոլորտի արմատավորումը և ժողովրդավարական ազատությունների սահմանափակման համար արդարացման հիմքեր ստեղծելու միջոցով իշխանությունը պահպանելը, որի օրինականությունը վիճարկվում էր համաժողովրդական բողոքների միջոցով: Սրանով վարչախմբի հանցագործությունները չեն սահմանափակվում: Եվ մենք հայտարարում ենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր մեղավոր են, պատասխան են տալու օրենքի առաջ»,- ասաց նա: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` Լ. Զուրաբյանը նշեց, որ Հայաստանը գտնվում է լուրջ մարտահրավերների առջև, որոնք են` տնտեսական ճգնաժամը, որն այսօր մեղմացվել է միայն միջազգային հիմնադրամներից որոշ ողորմություններ ստանալու միջոցով, ընդ որում` Լ. Զուրաբյանի կարծիքով` դա կապված է Ղարաբաղյան խնդրում զիջումների հետ: Մարտահրավերներ են նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացը և Ադրբեջանի կողմից ավելի ու ավելի բարձրաձայն ներկայացվող պատերազմի վտանգը: «Այս մարտահրավերները հաղթահարելու համար ներկա իշխանությունները ադեկվատ գործողություններ չեն առաջարկում: Հասարակությունը պետք է հնարավորինս տեղյակ լինի ընթացող պրոցեսներից, դրանց մեջ պետք է ներգրավվի նաև ընդդիմությունը: Իշխանությունները ստեղծել են մի իրավիճակ, որում քաղաքական ճգնաժամը գնալով խորանում է, շարունակում են մնալ ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները, 23 քաղբանտրակյալ դեռ բանտերում են, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանն ու նրա վարչախումբը ստեղծված իրավիճակին ադեկվատ պատասխան չունեն»,- ասաց նա: Խոսելով Մադրիդյան սկզբունքներից` ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ թեև ասվում է, որ մադրիդյան սկզբունքները հրապարակվել են, բայց դա այդպես չէ, մադրիդյան սկզբունքները ինչքան որ գաղտնի էին, նույնքան գաղտնի են դրանք այսօր` իրենց նորացված տարբերակով: Այն, ինչ հրապարակվել է երեք նախագահների հայտարարության մեջ, Լ. Զուրաբյանի մեկնաբանությամբ` ընդամենը այդ մադրիդյան սկզբունքների մի քանի հիմնադրույթներ են: «Իսկ այդ հիմնադրույթները բավարար չեն, որպեսզի կարողանանք պրոֆեսիոնալ կարծիք հայտնել այդ դիվանագիտական փաստաթղթի մասին: Մենք արդեն հայտնել ենք, որ մեր վերջնական գնահատականը պահում ենք այն ժամանակվա համար, երբ պարզ կդառնա համաձայնագրի ամբողջ էությունը: Բայց մինչ այդ արձանագրում ենք, որ ընթացքների դինամիկան ցույց է տալիս, որ այդ փաստաթուղթը գնալով զարգանում է` մեզ համար ոչ նպաստավոր ուղղությամբ, և դրա միակ բացատրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում հիմնել է ոչ լեգիտիմ իշխանության ռեժիմ, ինչն էլ օգտագործվում է միջազային հանրության կողմից»,- ասաց նա: Այսօր, Լ. Զուրաբյանի խոսքով, շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, երբ իշխանությունը խաղում է հասարակության հետ, որևէ պարզաբանում չեն տալիս: «Սեփական ժողովրդի նկատմամբ ինֆորմացիոն պատերազմ են կիրառում: Նման իրավիճակում չենք կարող բացահայտ ասել, թե որոնք են լինելու մեր քայլերը: Մեր քայլերը ինքնանպատակ չպիտի լինեն, և մենք չենք ցանկանում սահմանափակվել միայն դժգոհություն արտահայտելով»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter