HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

Անժելիկա Դադայան. «Ես ցանկանում եմ, որ կանայք առավոտը զարթնեն, մոտենան հայելուն ու ասեն` ջա~ն, ի~նչ սիրուն եմ»

«Եվան գալիս է Աստծու մոտ ասում է` ես ձանձրանում եմ: Աստվածն ասում է` բայց ես քեզ դրախտի պես տեղ եմ տվել, այգի, մրգեր, համեղ ջուր, կենդանիներ…ի՞նչդ է պակաս: Եվան ասում է` ես ձանձրանում եմ: Աստված ասում է` լավ, ես կստեղծեմ քո նմանին, բայց հակառակ սեռի, միայն մեկ պայմանով` թող նա մտածի, որ ես նրան առաջինն եմ ստեղծել»: Նկարչուհի Անժելիկա Դադայանի կարծիքով` տղամարդիկ մինչեւ հիմա հավատում են այդ հեքիաթին, թե իրենք ամեն ինչում եւ ամեն տեղ առաջինն են եւ անկրկնելի: Նկարչուհուն բնորոշ սովորական ազատությունը կեղծիք չէ այս կնոջ մոտ: Ազատություն կա թե' նկարներում, թե' արտաքինի, հայացքի, շարժումների եւ խոսքի մեջ:

«Ազատությունն ինձ համար ամենակարեւորն է. հոգեւոր, ֆիզիկական, ամեն տեղում ազատություն պետք է լինի: Ինձ համար սերն ու ազատությունը նույն հարթակի վրա են, դրանք հավասար են, դրանք նույնն են: Ամեն մարդ պետք է ազատ լինի: Բայց բաներ կան, որոնց սահմանը չի կարելի խախտել: Ես չեմ սահմանափակում, ուղղակի բաներ կան, որ չպետք է անել: Ատում եմ, որ ասում են` «տունը պահած աղջիկ ա», ուրեմն էդ աղջկան ցեցը կերել ա, ու մեծամասնությունը տենց ա: Հայ կինը ուժեղ է, սիրուն ու սիրված: Ու կապ չունի` հայ է, թե չէ, ուզբեկ է, թե վրացի, կինը կին է: Կինը ճկուն է: Կնոջը սիրել է պետք, հարգել է պետք: Ու գիտեք, ես մի բան հաստատ գիտեմ. եթե կինը ինքն իրեն չսիրի, իրեն ոչ մեկը չի սիրի: Ինչպես քեզ մատուցես, այդպես էլ քեզ կընկալեն: Կինը բազմաշերտ է, կինը ադամանդ է, կինը նռնաքար է, կինը զմրուխտ է… Ինչքան նրան տրորում են, ինքը ավելի է փայլում: Կինը թանկարժեք քար է, բայց ամեն մի թանկարժեք քար պետք է ունենա իր փայլուն շրջանակը: Ես ցանկանում եմ, որ կանայք առավոտը զարթնեն, մոտենան հայելուն ու ասեն` ջա~ն, ինչ սիրուն եմ»:

04_08-a_dadayan-1

 

Ամեն դեպքում, կինը վերջում միշտ մենակ է մնում

Կնոջ նկատմամբ Անժելիկայի հիացմունքը արտահայտվում է նրա բոլոր նկարներում: «Իմ նկարներում կանայք տարբեր են` եւ' ուժեղ, եւ' մի փոքր հուսալքված: Նկար կա, որ կանայք բավարարված են, նկար կա, որտեղ սպասողական իրավիճակ է: Բայց ես մի բան հաստատ գիտեմ. ցանկացած կին ցանկացած իրավիճակում ավելի ուժեղ է, քան տղամարդը: Կնոջից ուժեղ էակ չկա: Նկարների մի սերիա ունեմ, «11 ամիս» է կոչվում, միայն այդտեղ եմ ես տղամարդ նկարել: Կինը 11 նկարից 9-ում տղամարդու հետ է, այն էլ` կնոջը բացահայտելու համար: Ամեն դեպքում, կինը վերջում միշտ մենակ է մնում: Իմ մեջ երեւի ֆեմինիզմ կա: Կանայք պիտի ուժեղ լինեն: Այսինքն` թույլ կին չկա, տղամարդիկ ավելի թույլ են: Բնությունն է այդպես ստեղծել: Կինը շատ ուժեղ է, կինը կարող է տղամարդուն ուժ տալ: Եթե կինը չլինի, տղամարդը ոչ մի բան չի կարող անել: Ցանկացած կին կարող է ցանկացած տղամարդու վերցնի եւ փշրի: Հիմա կանանց դարն է: Կինը իր բնույթով զիջող է, բայց զիջելը ուժեղ մարդու հատկանիշ է: Ես երկու անգամ ամուսնացած եմ եղել, նրանք երեւի թե ուժեղ են եղել, որ կարողացել են ինչ-որ ժամանակ մնալ իմ կողքին: Ուղղակի ես մի քիչ ծանր բնավորություն ունեմ, ինձ հետ դժվար է: Բայց դե, իրենք էլ չդիմացան ճնշմանը: Փաստորեն, թույլ էին: Ես դրա համար տղամարդ էլ ման չեմ գալիս»:

Տղամարդիկ սիրում են ուժեղ կանանց, բայց ամուսնանում են թույլերի հետ

Տղամարդու իդեալ Անժելիկան չունի, պարզապես ուզում է, որ իր կողքին լինի մեկը, ում հետ իրեն ապահով եւ հանգիստ կզգա: «Տղամարդը խելքով պետք է լինի: Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է նշանակում, թե թույլ կնոջ կողքին պետք է լինի ուժեղ տղամարդ, ուժեղ կնոջ կողքին` թույլ տղամարդ: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ պիտի անեմ ես այդ թույլ տղամարդու հետ: Շան պես ետեւիցս թելով կապե՞մ, ֆարմալին սրսկե՞մ, չուչել սարքե՞մ, կպցնեմ պատի՞ն: Հետո պիտի ասեմ, թե մարդ ունե՞մ: Ես գիտեմ, տղամարդիկ սիրում են ուժեղ կանանց, բայց վախենում են: Տղամարդիկ սիրում են ուժեղ կանանց, բայց ամուսնանում են թույլերի հետ…ապուշ են, ուրեմն, ի՞նչ ասեմ: Ես չեմ պատկերացնում, որ նենց բան լինի, որ ամուսինը կնոջը ասի` ստեղ կամ էնտեղ չես գնում: Դա մառազմ է: Ուրեմն, դու ինձ ինչքան չես վստահում կամ վախենում, որ ինձ չես թողնում: Նույնն էլ խանդն է, եթե ինձ խանդում ես, ուրեմն ոչ թե ինձ չես վստահում, այլ ինքդ քո վրա վստահ չես: Ես մտածում եմ, որ տենց է: Ես կյանքում ոչ մեկին խանդած չկամ: Եթե խանդեմ էլ, կյանքում ցույց չեմ տա: Մի հատ էլ բոլորի դեմը պետք է տառապե՞մ: Ո՞ւմ համար: Ինչ-որ տղամարդո՞ւ... թող ինքը տառապի»:

  Առաջին նկարը

«Իմ առաջին «սյուրռեալիստական» ոճով նկարը նկարել եմ 3 տարեկանում, ամբողջ 5 մետրանոց պատի երկայնքով մի նարնջագույն կոկորդիլոս էր` կովի «ծիծիկներով»: Ես մինչեւ հիմա կոկորդիլոսների նկատմամբ մի անբացատրելի սեր ունեմ: Օրինակ` կրիա չեմ սիրում, բայց մողես, կոկորդիլոս, օձ, ճանճ շատ եմ սիրում»: Անժելիկայի ստեղծագործության հիմնական «օբյեկտը» մերկ կինն է` մարմնի ճկունությամբ, աչքերի խաղով:

04_08-a_dadayan-nue

«Սիրում եմ մերկ կանանց: Ես որ սովորում էի, անցնում էինք, օրինակ, բաժակի դիզայն, մոխրամանի դիզայն, դանակի դիզայն, ես ինչ նկարում էի, անպայման մի դետալ էի անում կնոջ մարմնից: Մի օր կոմպոզիցիայիս դասատուն ասաց. «Դադայան, այսօրվա թեման սուրճի պարագաներն են, բայց առանց դեկորի, տեսնեմ հիմա ինչ ես անելու»: Ես երկար չմտածեցի, բաժակի պոչերը կնոջ մարմնով պատկերեցի: Ես ցանկացած կնոջ մի անգամ տեսնում եմ եւ արդեն կարող եմ ասել, թե ինչպիսին է նա ներսից: Նիհար կանանց չեմ սիրում: Նիհար կնոջից բան չկա նկարելու: Մի քիչ լիքոտ լինի, որ նկարելու բան լինի, որ զգաս, որ կինը փափուկ է, դուրս ցցված ոչ մի բան չունի, այդ ամեն ինչը բնավորության հետ է կապված: Օրինակ` տանել չեմ կարողանում, երբ կնոջ ծնկները սուր են, այնպիսի տպավորություն ա, որ այդ մարդը իր բնավորության մեջ ագրեսիվություն ունի: Դեմքի դիմագծերը մեծ նշանակություն ունեն: Հետո արդեն գալիս է վիզը, կուրծքը, փորը, չեմ կարողանում տանել, երբ կանայք փորն են բացում: Հնարավոր է, որ նայեմ, ախորժակս փակվի, մուսաս գնա արձակուրդ: Ես մարմին չեմ նկարում, նկարում եմ բնավորության գիծ»: Կնոջ կերպարը փոխվում է «Այսօր, որքան էլ ցավալի է, կինը պետք է լինի տղամարդու պես ուժեղ, կնոջ պես գայթակղիչ եւ ձիու պես առողջ, որ ամեն ինչ հասցնի, որ ամեն ինչ անի: Ցավալի է, բայց փաստ է: Իմ բախտն ահավոր բերել է, որովհետեւ ես այնպիսի ընկերուհիներ ունեմ, որ սաղ աշխարհը կերազեր այդ աղջիկների հետ շփվել: Եթե իմ ընկերները չլինեին, ես ոչ մի բան էլ չէի անի: Կնկարեի, կգցեի թղթապանակի մեջ, կնկարեի, կգցեի: Իսկ իրենք ինձ ստիմուլ են տվել: Եթե իմ ընկերները իմ պես ուժեղ չլինեին, ես անընդհատ դեպրեսիայի մեջ կընկնեի: Ես իմ կյանքում բազմիցս կարող եմ կանգնել եւ ասել. «Ես իմ կյանքում ամեն ինչ նորից կնկարեմ»: Մի քանի ընկերներ էլ ունեմ, որոնք ասում են, թե այսինչ բանը պետք է փոխես, ես էլ նրանց ասում եմ` իմ տարիքում ես միայն մազերիս գույնը կարող եմ փոխել: Ուրիշ բան չունեմ փոխելու, ես չեմ կարող տարբեր երեսանի դառնալ եւ հարմարվել ամեն մեկին: Թող ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ: Էսօր կին կա` միայն երեխա ծնելու համար է ապրում, ինքն արդեն ծնված օրվանից ուրեմն «բիգուդիներով» տնային տնտեսուհի է: Իսկ կին կա` տարիների ընթացքում ինչքան ջրում ես, էդքան ծաղկում է, ինչքան կտրում ես, այդքան երկարում եւ ճյուղավորվում է: Ինչքան տակը փորում ես, այդքան խորը արմատներ է գցում: Ես կնոջ այդ երկրորդ տեսակից եմ: Գիտեք, ամեն ինչից ուղղակի պետք է դուրս գալու տարբերակ գտնել: Նույնիսկ եթե քեզ կուլ են տվել, դու ունես դուրս գալու երկու տարբերակ: Միշտ ունես այդ առնվազն երկու տարբերակը: Ուժեղ կին լինելը ոչ հեշտ է, ոչ էլ դժվար` «խասյաթ է»: Ժամանակի ընթացքում դառնում է բնավորության գիծ: Իհարկե, ես էլ բոլորի նման կոմպլեքսներ ունեմ: Նա, ով ասում է, թե կոմպլեքս չունի, ինքը ոտից գլուխ կոմպլեքս է: Ես գիտեմ իմ կոմպլեքսը որն է, բայց չեմ ասի, ասելու բան չի»:

  Եթե նախագահ լինեի

«Եթե ես լինեի նախագահ, մի հատ օրենք կհանեի, մի աննորմալ տուգանք կնշանակեի բոլոր այն կանանց վրա, ով չսանրված, չլվացված տանից դուրս կգար: Այ, տենց օրենք կհանեի: Ինչ ուզում եք արեք, միայն միշտ ձեր կերպարը պահեք, ձեր կեցվածքը պահեք: Կինը սիրուն է ու պիտի ինքն իր համար լինի գեղեցիկ ու հաճելի: Առաջինը քեզ համար պիտի դա անես, որովհետեւ դա հաճելի է, դա հարգանք է ինքդ քո գոյության նկատմամբ: Ես չեմ ասում` գնա քաղաքից դուրս հանգստանալու, ոսկեղենդ կապի վզիդ, գնա: Չէ, ամեն ինչն իր տեղում, բայց պետք է ամեն տեղ պատշաճ հագնվես: Դիմահարդարումը պետք է համահունչ լինի` ուր ես գնում, ինչի համար, օրվա որ ժամին: Էդ բոլորը կարեւոր է: Նույնիսկ եթե սով է կամ պատերազմ, կինը պետք խնամված լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter