
Քիչ առաջ Դատապարտյալների հիվանդանոցից ազատ արձակվեց «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
Նրա ազատ արձակման ձգձգման պատճառը դատախազի բացակայությունն էր, բայց պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Արմեն Մարտիրոսյանի միջամտությամբ Արման Բաբաջանյանը վերջապես դուրս եկավ:

Վերջինիս քայլում էր կաղալով: Լրագրողների հարցերին Արման Բաբաջանյանը գրեթե չպատասխանեց, միայն ասաց, որ «աղոթեն իր առողջության համար»: Նա հայտնեց, որ առաջին հերթին լուծելու է իր առողջական խնդիրները, բայց թե ինչպես` դեռ չի որոշել:
Դատապարտյալների հիվանդանոցի շենքի բակում «Ժամանակ Երևան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին սպասում էին մոտ 50 քաղաքացիներ և լրատվամիջոցի ներկայացուցիչները:
Հավաքվածների մեջ էին նաև «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ այլք: ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները եկել էին դրոշներով:

Հիշեցնենք, որ այսօր «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը հրավիրված նիստում քննարկել է Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը և տվել հավանություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել