«Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանը ապահովագրությունն է»
Վերջին օրերի պտտահողմն ու կարկուտը Արմավիրի մարզի այգեգործներին ու բանջարաբույծներին 1 մլրդ 300 մլն. դրամի վնաս է պատճառել: Վնասի չափն ու տուժած 20 համայնքների ցանկը թեև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրել է կառավարություն, բայց գյուղացիներին խորհուրդ է տալիս փոխհատուցման հետ այնքան էլ հույսեր չկապել:
Մարզպետը հորդորում է ապավինել ապահովագրական ընկերություններին, որոնց հետ աշխատելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է:
«Պետք է կարողանանք մեր գյուղացուն բացատրել, որ անհրաժեշտ է պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել ապահովագրական ծառայությունների հետ, որովհետև ապագան դրանցն է»,-ասաց մարզպետը:
Էջմիածինցի այգեգործ Հրաչ Հարությունյանը գործող ապահովագրական ընկերությունների մասին առաջին անգամ էր լսում: Ասաց, որ արտակարգ իրավիճակների դեպքում, փոխհատուցման ակնկալիքով ինքը միշտ մեկ հասցեով է դիմել` Էջմիածնի քաղաքապետարանի գյուղատնտեսության բաժին:
«Էստեղից մենակ մի պատասխան է եղել` մենք ոչ մի բան չենք կարող անենք, պետք է սպասենք վերևների պատասխանին»,-բացատրեց Հրաչ Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ` տարիներ շարունակ, երբ իր այգին տուժել է մեկ ցրտահարությունից, մեկ` երաշտից, հողագործի շահերից հանդես եկող գյուղբաժինը որևէ կերպ օգնության ձեռք չի մեկնել:
«Նույնիսկ խնդրեցի, որ գոնե այդ տարիների հողի հարկը զիչեն, որովհետև լրիվ մինուսով էի մնացել, բայց չընդառաջեցին: Նույն վիճակն է նաև հիմա. ճիշտ է` էն տարիների հետ համեմատելու չի, որովհետև էս տարի բերքն առատ է, բայց բնության տված վնասն էլ է շատ. հիմա էլ` կարկուտն ու փոթորիկն են վրա տվել: Ես էլ, ճիշտը որ ասեմ` ոչ էս կառավարությունից որևէ սպասելիք ունեմ, ոչ էլ քաղաքային իշխանությունից: Բայց, եթե քաղաքապետարանի գյուղբաժինը գոնե ուղղություն տա, ասի` գնա էսինչ ապահովագրական կազմակերպության հետ փոխգործակցության պայմանագիր կապի ու հարցեր առաջանալու դեպքում էլ պահանջներդ իրան ներկայացրու, հաճույքով կգնամ: Բայց, ես տեղյակ չեմ. ըտենց ընկերություններ կա՞ ն»,- հարցը մեզ ուղղեց Հրաչ Հարությունյանը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի փոխանցմամբ`կան մի քանի նման կազմակերպություններ, որոնք սակայն, անյքան էլ ակտիվ չեն գործում:
«Դրանց ակտիվությունը պայմանավորված է գյուղմթերք արտադրողի ակտիվությամբ, որոնք սակայն նման նշաններ առայժմ ցույց չեն տալիս: Սովորույթի ուժով գյուղացին դեռև սպասում է պետության աջակցությանը»,-նկատեց մարզպետը:
«Հույսս մենակ ինձ վրա եմ դրել. տուժողն էլ եմ ես, շահողն էլ: Համ գյուղից սնվում են, համ էլ գյուղացուն թողում մենակ: Հիմա էլ թազա բան են մոգոնել. ձեր բերքն ապահովագրեք: Ասենք` ապահովագրեցի, կարո՞ղ են ինձ հասցրած վնասը լրիվ փոխհատուցել: Ես հասկանում եմ, որ էդ ամեն ինչը պայմանագրում գրվելու է, այսինքն` երաշխավորվելու է: Ես էլ անդամավճար եմ մուծելու, բայց, մեկ ա` էլի «գարանտիա»չկա, որ չեն խաբի: Հավատ ու վստահություն չունեմ, հասկանում ե՞ք»,-ասաց խաղողագործ Արմենակ Կարապետյանը:
«Այդ մտածողությամբ որևէ բանի չենք հասնի»,-հակադարձեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Հրաչյա Հովսեփյանը, երբ փոխանցեցինք այգեգործի մտավախությունը:
«Հայաստանի բնակլիմայական պայմանների դեպքում ապահովագրական ընկերությունների հետ աշխատելն ամենաճիշտ և արդյունավետ լուծումն է: Եթե այդպիսիք այսօր չեն գործում կամ` վատ են գործում, դա արդեն խնդիր է: Ապահովագրական լուրջ ընկերություններ ունենալը մեր գյուղատնտեսության ամենահրատապ հարցերից է: Այդ մասին պետք է մտածի ոչ միայն գյուղնախարարությունը` պետական ապահովագրական ծառայություն ունենալու համար, այլև` մասնավոր ընկերության ստեղծմամբ շահագրգիռ անձինք»,-ասաց Հրաչյա Հովսեփյանը:
Ըստ նրա` բերքի աճեցման, պահպանման ամենալավ ձևերից մեկը բերքն ապահովագրելն է, քանի որ պետությունն այնքան հարուստ չէ, որ հոգա այդ ծախսերը: Գիտնականն այն կարծիքին է, որ գյուղատնտեսության հետագա զարգացման գլխավոր պայմանը ապահովագրությունն է. պետական լինի դա, թե` մասնավոր:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել