Վարժական թռիչքներ` Երևանի վրայով
Ռուսական կործանիչները վարժական թռիչքներ են կատարում Երևանի վրայով: Մայրաքաղաքի մի շարք թաղամասերի բնակիչները երեկ վաղ առավոտյան արթնացել են թռչող կործանիչների աղմուկից: Կործանիչները, մասնավորապես, ցածր թռիչքներ են կատարել քաղաքի հարավային թաղամասերի վրայով:

ՀՀ Պաշտպանության նախարարությունում հաղորդել են, որ այդ առնչությամբ տեղեկատվության չեն տիրապետում: Ռուսական ռազմակայանի ներկայացուցիչը, չնշելով իր անունը և կոչումը, ավելի լակոնիկ պատասխան է տվել` կտարակապես հայտարարելով, թե «ոչ ոք չի կարող պատասխանել»:
Ռուսական ռազմակայանի ինքնաթիռները տեղակայված են Երևանի «Էրեբունի» օդանավակայանում:
Իտալական «Երեկոյան ցրիչն» ու «հայկական» արտագրիչները
Իտալական ամենահայտնի թերթից մեկը` «Corriere della Sera»-ն («Կուրիերե դելլա սերա», թարգմանաբար` երեկոյան ցրիչ) օգոստոսի 1-ին ուղղակի բացարձակ անհեթեթություն է տպագրել Թեհրան-Երևան չվերթի Տու-154 Մ օդանավի` հուլիսի 15-ին տեղի ունեցած աղետի ու դրա պատճաների մասին:
Դժվար է ասել` Հռամի` այս տարի սովորականից ավելի սաստիկ խանձող տա՞պն է պատճառ դարձել, թե՞ պիցցայի չարաշահումը, բայց այդ նյութի հեղինակը, ոչ ավել ոչ պակաս, հայտարարում է, որ իրանական «Կասպիան Էյրլայնս» ընկերությանը պատկանող, 168 մարդու կյանք խլած Տու 154 Մ քաղաքացիական օդանավի կործանման պատճառը եղել է... լիբանանյան «Հզբոլլահի» համար ... որպես ուղեբեռ Իրանի «Pasdaran» հատուկ ծառայության կողմից և ուղեկցությամբ փոխադրվող ...նոր տեսակի պայթուցիչների բռնկումն ու պայթյունը ...
Հիրավի, «պայթուցիկ» անհեթեթություն:
Հի, հի, հի
«Խոսակցությունները, թե Հայաստանը «Հզբոլլահին» զենք մատակարարելու տարանցիկ երկիր է, ծիծաղելի և անհիմն են»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելին` Բալայանը հայտարարել է, թե իտալական «Curriere della Sera» հանրահայտ թերթում տպագրված այդ տեղեկատվությունը «սովորական մառազմ և ցածրարժեք սադրանք է»:
Բալայանը, սակայն, չի ասել, որ եթե այդ տեղեկությունը այդքան «ծիծաղելի ու անհիմն» է, ապա ինչու՞ ՀՀ ԱԳՆ-ն հանդես չի գալիս պաշտոնական հայտարարությամբ, ավելին` ինչու՞ փոխհատուցում չի պահանջում իտալական այդ թերթից` Հայաստանի և նրա իշխանությունների բարի համբավը արատավորելու համար:
Մուկին քցել են
Ինչպես փոխանցում են խիստ հավաստի աղբյուրները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար, Տիֆ մականունով Արմեն Միրզոյանը և ընտանիքի հանգուցյալ վարորդի որդին հաջողացրել են «քցել» իրենց շեֆին:
Օգտագործելով Հովիկ Աբրահամյանի անունը` երկյակը կարողացել է գնումների գործակալությունում տարբեր տենդերներ շահել` ընդհանուր առմամբ 79 հազար դոլար արժողությամբ, ինչպես նաև նույն մեթոդներով այլ գործարքների արդյունքում ձեռք գցել շուրջ 200 հազար դոլար ու ծլկել:
«ՀԺ»-ի տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն արդեն մեկ ամիս` փորձում է գտնել իր երբեմնի հավատարիմ ծառային, բայց ապարդյուն:
Նշենք միայն, որ սույն զույգը մեծ դերակատարում է ունեցել ապրիլին Արտաշատում տեղի ունեցած աղմկոտ դեպքերի ժամանակ, երբ Աբրահամյանի բանդան մի քանի մեքենա էր հրկիզել և կրակ բացել Գազի Հովոյի տան վրա:
Ահազանգ` «Արդշինինվեստբանկից»
Երեկ երեկոյան` աշխատանքային ժամի ավարտից քիչ անց, ոստիկանության պահակապարեկային ծառայությունը ահազանգ է ստացել, թե թալանվում է «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղը, որը գտնվում է Երևանի Աբովյան-Իսահակյան փողոցների հատման մասում: ՊՊԾ խմբերը` ոստիկանության պահակապարեկային վաշտի հրամանատար, այնուհետտև` Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ, անմիջապես կուտակվել են բանկի մոտ:
Գնդապետ Պետրոսյանը, որը հայտնի է Շուրիկ մականունով, տենդագին փակել է դուռը և ներս մտել: Այնուհետև բանկից դուրս է եկել ավտոմատը ձեռքին մի համազգեստավոր երիտասարդ: Կարճ ժամանակ անց ջոկատաները հեռացել են դեպքի վայրից:
Միջադեպի մասին ոստիկանությունից երեկ չհաջողվեց մանրամասներ ճշտել: Հիշեցնենք միայն, որ «Արդշինինվեստբանկի» հետ կապված վերջին շրջանում շատ հաճախ են գողությունների ու հափշտակումների փաստեր ի հայտ գալիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել