
«Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը ձախողված է` թե այն, որը հռչակված է, թե այն, որը հռչակված չէ, բայց իրականացվում է: 2008-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում կառավարութան ղեկավարի կողմից հնչեցված հայտարարությունները, տնտեսական տեսլականները 180 աստիճանով տարբերվում էին այն իրողություններից, որ ունեցանք հունվար-ապրիլ ամիսներին»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով կառավարության մշակած հակաճգնաժամային ծրագրին, հայտարարեց Գուրգեն Արսենյանը:
Ըստ նրա` կամ կառավարության ղեկավարը, իմանալով` ինչ է սպասվում հայկական տնտեսական համակարգին, ասում էր այլ բան, կամ չէր տիրապետում իրավիճակին, որոնք երկուսն էլ, Գ. Արսենյանի խոսքով, բացասական են: Ու այն, ինչ դրանից հետո է ասվել, Գ. Արսենյանին հավատ չի ներշնչում` կառավարության գործունեության նպատակները և ազնվությունն իրեն հավատ չեն ներշնչում:
«Կառավարության հակաճգնաժամային գործողությունները ծխածածկույթ են: Այդպես չեն աշխատում, այդպես չեն պայքարում ճգնաժամի դեմ: Այդ ճգնաժամի մասին գոռում էինք դեռ հոկտեմբերից, երբ ասում էինք` դա արհավիրք է լինելու հայ ժողովրդի համար: Եվ ես կատեգորիկ համաձայն չեմ արտաքին աղբյուրներից այդ հսկայական պարտքային բեռի ավելացման հետ»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` Հրանտ Բագրատյանն էլ նշեց, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիր`այդպիսի հաստատված փաստաթուղթ չկա, չի մշակվել: Մինչդեռ երկիրը խորը ճգնաժամի մեջ է:
«Այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանում եղել է տնտեսական աճ` 4.5 տոկոս, Ռուսաստանում եղել է անկում` 10 տոկոս, համաշխարհային միջինը` 1,5 տոկոս անկում է, Հայաստանում` 17 տոկոս: Հայաստանում 11 անգամ ավելի բարձր է անկման տեմպը: Մեր տնտեսության իրավիճակի վատացման միայն 9 տոկոսն է կապված ճգնաժամի հետ, 91 տոկոսը կառավարության հիմարությունների արդյուքն է: Ավելի լավ է անգրագետ կառավարությունը, իսկ կիսագրագետների թիմն ահավոր երևույթ է, որը կարծում է, թե ինչ որ բան գիտի, երբ ոչինչ չգիտի: Դրա լավագույն ապացույցը ստացված մոտ 1 միլիարդի օգնությունն է, որի առյուծի բաժինը գնում է առաջարկի խրախուսմանը, և ոչ թե պահանջարկի»,- ասաց նա` նշելով, որ այդ մեկ միլիարդը օրեցօր խորացնում է ճգնաժամը Հայաստանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել