
Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկ այցելած հասարակական վերահսկողության դիտորդներն արձանագրել են հակասանիտարական վիճակ:
Ըստ դիտորդների կազմած հաշվետվության` «Սեւան» ՔԿՀ-ն ունի մեկ ընդհանուր զուգարան, որը գտնվում է անմխիթար, հակասանիտարական վիճակում: Այն չի ջեռուցվում, ինչի արդյունքում ձմռան ամիսներին կոյուղին սառում է: Ճաշարանի սանիտարական վիճակը եւս բավարար չէ, չկա օդափոխության համակարգ, տարածքը չի ջեռուցվում:
«Սեւան» ՔԿՀ-ում ազատազրկվածները պահվում են մեծ սենյակներում`յուրաքանչյուրում մի քանի տասնյակ մարդ, ինչը չի համապատասխանում Քրեակատարողական օրենսգրքի պահանջներին:
Հիմնականում չկա կենտրոնացված ջեռուցում, օգտագործվում են ազատազրկվածների հարազատների բերած էլեկտրական սարքերը, որոնք չեն կարող ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան` հաշվի առնելով կացարանների մեծ մակերեսը եւ այն, որ հիմնարկը տեսակայված է խիստ բնակլիմայական պայմաններ ունեցող տեղանքում:
Անհրաժեշտ ջերմաստիճան չի ապահովվում նույնիսկ հիվանդասենյակներում, որտեղ հատակը բետոնից է: «Սեւան» ՔԿՀ-ի բուժմասն ապահովված չէ անհրաժեշտ բոլոր բուժսարքավորումներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել