Բնակիչները համաձայն չեն քաղաքապետի որոշման հետ
«Մենք ուզում ենք, որ մեր կարծիքը հաշվի առնեն»,- ասում են Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչները, ովքեր այս օրերին իրենց բողոքն են ներկայացրել քաղաքապետի այն որոշման վերաբերյալ, ըստ որի` իրենց շենքի բակում պետք է կառուցվեն մի շարք ավտոտնակներ:
Շենքի բնակիչները բողոքի դիմում են հղել նաեւ նախագահ Բակո Սահակյանին, բայց մինչեւ պատասխանը բնակիչներին ուղարկելը, քաղաքապետարանն արդեն փորձում է այդ տարածքում բարեկարգման աշխատանքներ սկսել, որից հետո էլ կկառուցվեն ավտոտնակները: Դա էլ հենց հարուցել է բնակիչների դժգոհությունը: Մի քանի օր առաջ նրանք հանդիպել են ընտրատարածքի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանին, ով խոստացել է հարցն ուսումնասիրել եւ պատասխան տալ:
Բնակիչները դեմ են այդ տարածքում ավտոտնակների կառուցմանը, քանի որ, ինչպես իրենք են ասում, մեքենաներով հող են լցրել այդտեղ, ծառեր տնկել ու տարիներով խնամել, որ իրենց մանուկները մաքուր օդ շնչեն եւ ազատ խաղան:
«Մենք այդքանն արել ենք, որ նորմալ պայմաններ ստեղծենք, իսկ հիմա քաղաքապետարանն ուզում է այդ տարածքում ավտոտնակներ կառուցի: Իսկ եթե ավտոտնակներ կառուցեն, ապա մենք հանգիստ չենք լինելու, որ մեր երեխաներն անվտանգ են բակում: Շատ մոտ հեռավորության վրա են ուզում կառուցել ավտոտնակները: Էլ չենք ասում, որ օդ էլ չի լինելու շնչելու: Ինչո±ւ պետք է մենք ամեն օր այդ մեքենաների փոշին շնչենք»,- հարցնում է շենքի բնակչուհի Օֆելյա Ավետիսյանը:
«Ինչու ենք տարիներով այս ամենը պահել, որ գան մի օրում ասեն` քանդում ենք: Դե եթե շատ են մտածում երեխաների մասին, թող այս տարածքում խաղահրապարակ կառուցեն, այլ ոչ թե ավտոտնակներ, մեզ ավտոտնակ պետք չի, մեզ պետք է ազատ շնչել: Հետո էլ, բա մեր երեխաները որտե±ղ են խաղալու»,-շարունակում է Զարինե Ասրյանը:
Բնակիչների խոսքերով` քաղաքապետարանի ներկայացուցիչներին առաջարկել են այդ տարածքում մանկական խաղահրապարակ կառուցել, իսկ դրանից էլ այն կողմ` այդ ավտոտնակները, սակայն չեն համաձայնվել` պատճառաբանելով, թե մասնագիտական առումով այդպես հնարավոր չէ: Այժմ էլ բնակիչները չեն համաձայնվում քաղաքապետի որոշման հետ ու գտնում են:
«Ուզում են իրենց հարցերը լուծեն ու այդպիսի որոշում են գտել»,- հարցնում է Պայծառ Հայրումյանը:
Բանն այն է, որ Ստեփանակերտի Եկեղեցու եւ Հեքիմյան 16 շենքի մոտակայքում վեր է խոյանում մի նոր շենք, որի հարեւանությամբ տարիներ առաջ կառուցվել են ավտոտնակներ, սակայն այսօր, ըստ երեւույթին, դրանք խանգարում են, եւ որոշել են տեղափոխել հենց նույն Հեքիմյան 20 շենքի տարածք:
Քաղաքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության եւ բարեկարգման բաժնի պետ Արարատ Ստեփանյանը հավաստիացրեց, որ մասնագիտական առումով որոշումը ճիշտ է: Նրա խոսքերով, շենքի տարածքում` շենքից 12 մետր հեռավորության վրա, կառուցվելու են 19 ավտոտնակներ, որոնցից 12-ը` նույն շենքի բնակիչների համար, իսկ 7-ը` եկեղեցու մոտակայքում, ավելի կոնկրետ` Հեքիմյան 16 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակների սեփականատերերի համար: Մեր այն հարցին, թե Հեքիմյան 20 շենքի բնակիչներից կա±, արդյոք, ավտոտնակ ձեռքբերելու դիմում, եւ քանի±սն են դրանք, Ստեփանակերտի գլխավոր ճարտարապետը պատասխանեց, որ 4 բնակիչ դիմել է: «Իսկ ինչո±ւ է 12 ավտոտնակ կառուցվում, եթե 4-ի կարիք կա» հարցին ի պատասխան` նշեց, որ դիմորդները շատանալու են:
Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանի թիվ 886Ա որոշման համաձայն, ելնելով եկեղեցու շրջակա տարածքի բարեկարգման` գլխավոր հատակագծի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունից, որոշվել է Հեքիմյան 16 շենքին կից տարածքում գտնվող ավտոտնակների շարքը քանդել:
Դրանց եւ հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց փոխհատուցում տալու համար որոշվել է Հեքիմյան 20 շենքին կից տարածքը ազատել եւ կառուցել ավտոտնակների շարք: Որոշմամբ` նույն շենքի բնակիչները 1-ամսյա ժամկետում «ինքնակամ զբաղեցրած տարածքները պետք է ազատեն անօրեն տեղադրված մետաղյա ավտոտնակներից եւ այլ գույքից»:
Բացի ծառերից, այդ տարածքում կան նաեւ հավաբներ:
Բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ նորակառույց այդ շենքը, որին կից ավտոտնակներն ուզում են տեղափոխել Հեքիմյան 20 շենքի տարածք, պատկանում է քաղաքապետին: Շենքի սեփականատիրոջ մասին քաղաքապետարանի ճարտարապետության, քաղաքաշինության եւ բարեկարգման բաժնի պետը ժպտալով ասաց, թե «ինչ-որ «Արաքս գրուպ» ընկերության է պատկանում»: «Արաքս գրուպ» ընկերության հիմնադիրը հենց քաղաքապետ Վազգեն Միքայելյանն է, ով էլ ուզում է եկեղեցու մոտակա տարածքում կառուցել, ինչպես ճարտարապետության բաժնի պետը հավաստիացրեց, «բազմապրոֆիլ բիզնես կենտրոն»:
«Իսկ ինչու նման որոշումներ ընդունելու ժամանակ հաշվի չի առնվում բնակիչների կարծիքը» մեր հարցին ճարտարապետության բաժնի պետ Արարատ Ստեփանյանը պատասխանեց. «Մեր բնակիչները միշտ բողոքում են քաղաքապետի ցանկացած որոշման դեմ: Բնակիչները ինչ ասում են` իրենց իրավունքն է, մենք էլ իրավունք ունենք մեր մասնագիտական մոտեցումը ցուցաբերենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել