HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կավատության մեջ մեղադրվող Ամալյա Սահակյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

A-Sahakyan_05.08.09Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Էդվարդ Մանուկյանի, ավարտվեց կավատության մեջ մեղադրվող Ամալյա  Սահակյանի գործի քննությունը: Վերջինիս առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով: Օգոստոսի 4-ին կայացած դատական նիստում դատարանը լսեց ամբաստանյալ Ամալյա Սահակյանին: Ամալյան պատմեց,որ աշխատանքի խնդրանքով ապրիլ ամսին դիմել է Գյումրիի Թբիլիսյան խճուղու վերջնամասում գտնվող «Լյուքս սերվիս» բաղնիքի վարձակալ Լիդա Լազգիյանին: «Մուշոյի պառնո» անունով քաղաքում  առավել հայտնի օբյեկտի նոր վարձակալը Ամալյային առաջարկել է մատուցող-հավաքարարի աշխատանք: Վերջին 20 տարիներին երբեւէ որեւէ տեղ չաշխատած Ամալյա Սահակյանի պատմելով, ինքը Լազգիյանին դիմել է ճարահատյալ, որովհետեւ երկրորդ ամուսնու գործերը Ռուսաստանում այնքան էլ լավ չէին: «Էս մարդուս հետ զագսով գրանցված չենք, բայց 15 տարի է իրար հետ կապրինք, առաջին մարդուցս մի հատ աղջիկ ունեմ 19 տարեկան,-դատարանի ներկայացրեց Ամալյան,-էս գործին գնացի, որովհետեւ վիճակներս լավ չէր, ամուսինս էլ, որ իմացավ գործ եմ ճարել, թողեց Ռուսաստանից հետ եկավ»: «Լյուքս սերվիս» բաղնիքում ամբաստանյալն աշխատանքի է անցել ապրիլի 10-ից: Մայիսի 4-ին ոստիկանական շուրջկալի ժամանակ  բաղնիքում հայտնաբերված մարմնավաճառների եւ նրանց ծառայություներից օգտված հաճախորդներից մեկի ցուցմունքների հիման վրա ձերբակալվել է նաեւ Ամալյա Սահակյանը: Վերջիններս մատնացույց էին արել Ամալյային, որպես միջնորդ-կավատի: Դատաքննության ընթացքում Ամալյան պնդում էր, որ ինքն աշխատել է օրավարձով եւ ընդամենը հաճախորդներին տրամադրած սրբիչի (250 դրամ) ու սուրճի (100 դրամ) գումարն է եղել իրենը: Մարմնավաճառ աղջիկներին էլ զանգահարել է հաճախորդների խնդրանքով եւ զարմացած է, թե ինչու են բոլորը գրել, որ իբրեւ թե ինքն է գումարների հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերել: «Ես իրանց մենակ կոֆե ու սրբիչ եմ տվել, մնացածից խաբար չեմ,-պնդում էր Ամալյան դատական նիստի ժամանակ,-չեմ հասկնա ինչի են գրել, թե իրանց վերցրած գումարներից 1000 դրամն իմս է եղել»: «Այդ դեպքում ում մեղքն եք ձեր վրա վերցրել,-հարցրեց դատավոր Մանուկյանը,-Լազգիյանի՞…եթե մեղավոր չեք, ապա ինչու՞ եք գրել, որ զղջում եք կատարվածի համար եւ գիտակցում եք ձեր մեղքը»: Ամբողջ դատաքննության ընթացքում Ամալյա Սահակյանը պնդեց, որ բաղնիքի վարձակալ Լիդա Լազգիյանը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում բաղնիքում, թեեւ ցուցմունք տված մարմնավաճառներից մեկը հենց Լազգիյանի դուստրն է եղել, ով խոստովանել է, որ 3 տարի է զբաղվում է մարմնավաճառությամբ եւ այդ նպատակով վերջին շրջանում բավական հաճախակի օգտվել է մոր վարձակալած բաղնիքից: Նախագահող դատավոր Է. Մանուկյանը նկատեց, որ այս տեսակ պաշտպանողական կեցվացքը հնարավորություն է ընձեռում պատժից խուսափել բուն կազմակերպիչներին եւ նմանատիպ գործունեությունից խոշոր շահույթ ստացողներին, իսկ Ամալյաների նմանները պարզապես փոխարինում են մեկը մյուսին այդ հանցավոր համակարգում: Իր վերջին խոսքում ամբաստանյալ Ամալյա Սահակյանը նշեց, որ զղջում է կատարվածի համար եւ դատարանից խնդրեց մեղմ պատիժ: Օգոստոսի 5-ի դռնբաց դատական նիստում, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախագահող դատավոր Է. Մանուկյանը վճռեց Ամալյա Սահակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամանակով: Միաժամանակ քննության առնելով ամբաստանյալի պաշտպան Աշոտ Հովսեփյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի 011.0152.19.06.2009թ. համաներում հայտարարելու մասին որոշումը, վճռեց հարուցված քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցնել: Ամալյա Սահակյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter