HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմազավակ մայրն՝ ընդդեմ դերասանուհի Արսինե Նավասարդյանի

Ձեզ եմ ներկայացնում ս.թ. օգոստոսին «Հետքում»  տպագրված Արսինե Նավասարդյանի նյութի վերաբերյալ իմ անհամաձայնությունը, քանի որ այն բոլորովին չի համապատասխանում իրականությանը:

Կարծում եմ, որ նյութը չկայացած դերասանուհի Արսինե Նավասարդյանը տպագրել է ավելի  իրեն գովազդելու, այսինքն` «փիառ» անելու համար, այլ ոչ ամուսնու նկատմամբ իմ ցուցաբերած «անմարդկային» վերաբերմունքից դրդված, քանի որ իրականում ես եմ  հանդիսանում Արտակ Գրիգորյանի և Արկադի Սարգսյանի զոհը: Եվ նշեմ, որ ես երբևէ նման փողոցային արտահայտություններ չեմ արել, ամբողջը`  զրպարտանք է:

Նախ մինչ վերը նշվածի կապակցությամբ մեկնաբանությանն անցնելը, ցանկանում եմ հայտնել, որ աշխատում եմ  «Մ.Է.Դ.Ա.Ն»  իրավաբանական գրասենյակի տնօրեն, միաժամանակ հանդիսանում եմ «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» հասարակական կազմակերպության նախագահ: Բազմազավակ մայր եմ` ունեմ  հինգ որդի:

Ինչ վերաբերվում է Արսինե Նավասարդյանի կողմից բարձրացված հարցին, նշեմ որ 2009թ. փետրվար ամսին «Հայրենիք» առևտրի տանը, որտեղ գտնվում է իմ իրավաբանական գրասենյակը, ծանոթացել եմ Արտակ Գրիգորյանի հետ, որն նույնպես նշված առևտրի տանը տաղավար էր վարձակալում:

Պարբերաբար շփումների արդյունքում մտերմանալով ինձ հետ` վերջինս հայտնեց, որ ցանկանում է գրավատուն հիմնել ու ինձ առաջարկեց աշխատել գրավատանը որպես իրավաբան, ամսական` 1000-1500 ԱՄՆ դոլար աշխատավարձով: Ես ընդունեցի նրա առաջարկը:

Ըստ Արտակ Գրիգորյանի հայտարարության` գրավատունը պետք է հիմներ իր տան գրավադրմամբ և Ռուսաստանից մեծ գումարների էր սպասում, որոնք նույնպես պետք է ներդներ գրավատան գործունեության համար: Բայց այդ պահին նրա տան գրավադրումը դեռ չէր կարող իրականացվել, քանի որ տունը դեռ սեփականաշնորհված չէր և նա ինձ խնդրեց զբաղվել տան սեփականաշնորհման գործընթացով: Այս թեմայով բազմիցս խոսել ենք Արսինե Նավասարդյանի ներկայությամբ, ես նրանց տանը հաճախ էի լինում:

Որոշ ժամանակ անց Արտակ Գրիգորյանը ինձ առաջարկեց իմ տունը գրավադնել անհատի մոտ, մինչ իր տան սեփականաշնարհման ավարտը, գումար վերցնել, այն ներդնել գրավատան հիմնելուն և դրանով դառնալ գրավատան բաժնետերը: Միաժամանակ նա ինձ առաջարկեց գրավատունը հիմնել ինձ պատկանող «Մ.Է.Դ.Ա.Ն» ՍՊԸ-ով, քանի որ ինքը իրավաբական անձ չէր հանդիսանում: 

Նկատի ունենալով, որ այդ կարճ ժամանակահատվածում ոչ միայն ես և Արտակն էինք մտերմացել, այլ նաև ստեղծվել էր ջերմ մթնոլորտ իմ, Արսինեյի, Վիկտորի (որն հանդիսանում էր Արտակի վաղեմի ընկերն ու վերջինիս երեխաների կնքահայրը), Վիկտորի կնոջ և երեխաների միջև, ես  ընդունեցի Արտակի առաջարկը: Ստանալով իմ համաձայնությունը` տոկոսով գումար տրամադրող գտնելու համար Արտակ Գրիգորյանն այդ մասին հայտնել է Վիկտոր Բալայանին և նրա հետ միասին դիմեցին Արտակ Գրիգորյանի բարեկամուհի` Էմմա Աբրահամյանին, որին, ինչպես հետո պարզվեց, Արտակ Գրիգորյանը մի կլորիկ գումար էր պարտք: Էմմա Աբրահամյանն էլ իրենց առաջարկում է գումարը վերցնել Արկադի Սարգսյանից, որն, ի դեպ, հանդիսանում է Արտակ Գրիգորյանի և Էմմա Աբրահամյանի  բարեկամը:

2009թ. հունիս ամսվա սկզբներին Ա.Սարգսյանը իր որդու` Էդուարդ Սարգսյանի հետ, Վիկտոր Բալայանի և Էմմա Աբրահամյանի ուղեկցությամբ եկան իմ բնակարան, որտեղ ես բնակվում եմ  հինգ որդիներիս հետ միասին: Զննելով այն` Ա.Սարգսյանը համաձայնեց ամսական 10 տոկոս  տոկոսավճար վճարելու պայմանով, վեց ամիս ժամկետով, ինձ տրամադրել 30.000 ԱՄՆ դոլար  և որպես տրամադրվող գումարի երաշխիք առաջարկեց կնքել բնակարանի առք ու վաճառքի  ձևական պայմանագիր:

22.06.2009թ. Ա.Սարգսյանի և իմ  միջև կնքվեց բնակարանի առք ու վաճառքի ձևական պայմանագիր, որից  հետո իմ գրասենյակում Ա.Սարգսյանը տվեց 29.900 ԱՄՆ դոլարը` հարյուր դոլարը պահելով կադաստրային ձևակերպումների համար:

Ես, անհանգստանալով, որ Ա.Սարգսյանը հետագայում հնարավոր է հերքի մեր բանավոր պայմանավորվածությունները` տոկոսավճարով 30.000 ԱՄՆ դոլար տալու հետ կապված  ու պնդի, որ ուղղակի գնել է բնակարանը, պահանջեցի Ա.Սարգսյանին ստորագրել պարտավորագիր մայր գումարը և տոկոսավճարները վճարելու դեպքում բնակարանը ինձ հետ վերադարձնելու մասին: Գումարը տալուց հետո, նույն պահին Ա.Սարգսյանը ստորագրեց նշված պարտավորագիրը:

Քանի որ Արտակ Գրիգորյանի  տան սեփականաշնորհման գործընթացը ես էի  կատարում և պետք է կատարեի նաև գրավատան փաթեթի և լիզենզավորման հետ կապված բոլոր աշխատանքները, ես իմ մատուցած ծառայությունների և  այլ ծախսերի համար վերը նշված 29 900 ԱՄՆ դոլարից 4900 ԱՄՆ դոլարը վերցրեցի, իսկ մնացած 25.000 ԱՄՆ դոլարը տվեցի այդ պահին գրասենյակում գտնվող Վիկտոր Բալայանին` Արտակ Գրիգորյանին փոխանցելու համար, քանի որ վերջինս էր հանդիսանում գրավատան կազմակերպիչը:

Նույն օրը Արտակ Գրիգորյանին փոխանցվել է 25.000 ԱՄՆ դոլարը, սակայն այդ ամբողջ գումարը Արտակ Գրիգորյանը ծախսել է իր անձնական կարիքների համար: Այդ մասին ես իմացա որոշ ժամանակ անց, չնայաց Արտակ Գրիգորյանը ինձ փորձում էր հակառակն ապացուցել, որ նա ինձ չի խաբել, և գրավատան համար նախատեսված գումարը կծառայի իր նպատակին:

Մինչ Արտակ Գրիգորյանը փորձում էր ինչ-որ աշխատանք ցույց տալ գրավատան տարածքում, մոտենում էր հուլիսի 22-ը` տոկոս վճարելու ամիսը: Ու չնայաց նրան, որ, ըստ մեր պայմանավորվածության, մայր գումարն ու տոկոսները պետք է վճարեր Արտակ Գրիգորյանը, ես, այնուամենայնիվ, իմ վերցրած 4900  ԱՄՆ դոլարից Վիկտոր Բալայանին տվեցի 2000 ԱՄՆ դոլարը, որպեսզի իրենք էլ գումար ավելացնեն և վճարեն առաջին ամսվա տոկոսը:

Սակայն, ինչպես հետագայում պարզվեց այդ գումարը ևս վճարվել է Էմմա Աբրահամյանին` Արտակ Գրիգորյանի ունեցած պարտավորությունների համար: 4900 ԱՄՆ դոլարից Արտակ Գրիգորյանի տան սեփականաշնորհման գործընթացի համար վճարել եմ 150.000 ՀՀ դրամ, վճարման վերաբերյալ անդորրագրերը կցված են թիվ 11130110 քրեական գործին:

Արտակ Գրիգորյանի տան սեփականաշնորհման գործընթացը ավարտելով` կարծում էի, որ նրա տունը  գրավ կդրվի և կավարտվի այս խայտառակ պատմությունը, բայց սխալվում էի:

Պարզվեց, որ դեռևս 2009թ. ապրիլ ամսից Արարատյան 1 նրբ 25/1 հասցեում գտնվող  անշարժ գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում էր Արտակ Գրիգորյանին, գտնվում էր արգելանքի տակ` «ՖԻՆՔԱ» ՓԲԸ-ին 6800 ԱՄՆ դոլար ունեցած պարտավորության  համար:

Բնականաբար Արտակ Գրիգորյանը որևէ քայլ  չձեռնարկեց, քանի որ ես  արդեն ծուղակում  էի և իմ բնակարանը փրկելու համար` այդ գումարն էլ ստիպված կհայթհայթեի:

Այդ պահին հասկացա, որ Արտակ Գրիգորյանից պետք է վերցնել ստացական, քանի որ «ՖԻՆՔԱ»  ՓԲԸ-ն միակ պարտատերը  չէր:

Այդ պահի դրությամբ  Ա.Գրիգորյանի պարտավորությունների չափը կազմում էին  մոտ 80 000 ԱՄՆ դոլար ( իմ բնակարանի պահով Ա.Սարգսյանի  պարտքը, որն այդ պահին արդեն կազմում էր 48.000 ԱՄՆ դոլար, «ՖԻՆՔԱ»  ՓԲԸ-ի պարտքը 6800 ԱՄՆ դոլար, «Պրոկրեդիտ» բանկին ունեցած պարտքը, որն կազմում էր 7000 ԱՄՆ դոլար, բացի այդ` ես շարունակում էի կատարել գրավատան համար պահանջվող աշխատանքները,  քանի որ Արտակ Գրիգորյանի առաջարկով, մինչ իմ կողմից նրա ստոր արարքի բացահայտումը, ես իմ գրասենյակից տեղափոխվել էի գրավատան տարածք և կնքել տարածքի պայմանագիր` ինձ պատկանող «Մ.Է.Դ.Ա.Ն» ՍՊԸ-ի անունից): 

Քաջ գիտակցելով, որ պարտատերերից յուրաքանչյուրը մինչ իր պարտքը ստանալը կարող է Արտակ Գրիգորյանի տունը արգելանքի տակ վերցնել` այդ պահի դրությամբ հաշվեցինք նրա ունեցած պարտավորությունների չափը և կազմեցինք ստացական` 80 000 ԱՄՆ դոլարի չափով:

Եվ ես չսխալվեցի, «ՖԻՆՔԱ» ՓԲԸ-ի նկատմամբ իմ կողմից  պարտքը վճարելուց հետո Արտակ Գրիգորյանի բնակարանը արգելադրվեց «Պրոկրեդիտ» բանկի կողմից:

Ինչպես հետագայում պարզվեց, «Պրոկրեդիտ» բանկը ուներ բռնագանձման վճիռ: Ես նույնպես  դիմեցի դատարան` Արտակ Գրիգորյանից 80.000 ԱՄՆ դոլար բռնագաձելու պահանջով: Դիմեցի, քանի որ գիտակցում էի, որ «Պրոկրեդիտ» բանկը վճիռը կներկայացնի հարկադիր կատարման ու ես, զրկվելով Արտակ Գրիգորյանի բնակարանից, կզրկվեմ Արկադի Սարգսյանին 48 000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու հնարավորությունից:

Իսկ դա նշանակում էր, որ կկորցնեմ բնակարանս և  հինգ որդիներիս հետ կհայտնվեմ փողոցում: Ու որպեսզի հերթական անգամ վերացնեմ Արտակ Գրիգորյանի տան նկատմամբ հայցի ապահովումը, ստիպված պետք է լուծեի «Պրոկրեդիտ» բանկի 7000 ԱՄՆ դոլարի խնդիրը:

Սակայն ԴԱՀԿ ծառայությունից ինձ տեղեկացրեցին, որ Արտակ Գրիգորյանը սնանկ է ճանաչվել  և կարճվել են  նրա նկատմամբ բոլոր կատարողական վարույթները: Իսկ ամենազարմանալին այն էր, որ Արտակ Գրիգորյանին սնանկ էր ճանաչել Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Կատվալյանը, այսինքն` տեղի էր ունեցել  ընդդատության կանոնների կոպիտ խախտում:

Երբ ես ծանոթացա սնանկության գործի նյութերին, պարզապես ապշեցի, քանի որ դիմումատուն  հանդիսանում էր Արսինե Նավասարդյանի եղբայրը` Հենրիկ Նավասարդյանը: Իսկ երբ ստուգեցի ստորագրությունները, իսկույն նկատեցի, որ  Արտակ Գրիգորյանի և Հենրիկ Նավասարդյանի ստորագրությունները կեղծված են:

Արդեն ամեն ինչ պարզ էր և հասկանալի: Այս ամենը հետապնդում էր մի` իմ հանդեպ ունեցած պարտքը չվերադարձնելու և հնարավորինս ժամանակ ձգձգելու նպատակ:

Ես, բնականաբար, իսկույն բողոքարկեցի Արտակ Գրիգորյանին սնանկ ճանաչելու վճիռը, սակայն վերաքննիչ դատարանը իմ բողոքը վերադարձրեց` պատճառաբանությամբ, որ այն ներկայացվել է  ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից: 

Ինքնասիրությունս վայր դնելով` դիմեցի Արսինե Նավասարդյանին, որ իր եղբոր անունից դիմում ներկայացնենք վերաքննիչ դատարանին և բողոքարկենք սնանկության վճիռը` կեղծ լինելու պատճառով: Վերջինս ինձ շատ արհամարական պատասխանեց, որ` Հենրիկը ոչ մի թուղթ չի ստորագրի: Դե  ինձ էլ ուրիշ ոչինչ չէր մնում, ինչպես ոստիկանություն դիմելը և կեղծ սնանկության փաստի մասին հայտնելը:

Իրականում պարզվեց, Արտակ Գրիգորյանն ու Արսինե Նավասարդյանը պարզապես օգտագործելով Հենրիկ Նավասարդյանի անձնագրի պատճենը (քանի որ նա ոչինչից տեղյակ չէր) կեղծ սնանկություն են ճանաչել պարտավորություններից խուսափելու համար: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ և Արտակ Գրիգորյանը  ձերբակալվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-325 հոդվածի 1-ին մասով: Ներկայումս  այն քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Ազարյանի վարույթում:

Ի դեպ նշեմ, որ Արկադի Սարգսյանն էլ իր հերթին փորձում էր ինձ բնակարանից վտարել, քանի որ,  ըստ իմ և նրա միջև կնքված ձևական առք ու վաճառքի պայմանագրի, նա էր հանդիսանում  իմ բնակարանի սեփականատերն և օգտվելով առիթից պահանջում էր, որ ես բնակարանը ազատեմ: Ես, բնականաբար, նրա պահանջը չկատարեցի, դիմեցի դատարան ` մեր միջև կնքված առք ու վաճառքը շինծու ճանաչելու պահանջով:

Պահանջս բավարարվեց, բնակարանիս նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնեցի, սակայն Արկադի Սարգսյանը ինձանից 48.000 ԱՄՆ դոլարի բռնագանձման պահանջով կատարողական վարույթ է հարուցել: Նրա ապօրինի գործողությունները կանխելու նպատակով ևս դիմեցի ոստիկանություն: Նրան նույնպես առաջադրված է մեղադրանք ՀՀ քր.օր-ի 34-213 հոդվածի առաջին մասով:

Նշեմ, որ ես երբևէ Արտակ Գրիգորյանից 80.000 ԱՄՆ դոլար չեմ պահանջել, պահանջել եմ այնքան գումար, որքան որ այդ պահի դրությամբ կազմել է պարտքը: Այս պահին Արտակ Գրիգորյանը, իմ դիմումի համաձայն, ճանաչված է սնանկ, և իմ պահանջը գրանցված է 55 000 ԱՄՆ դոլարի չափով, քանի որ Արկադի Սարգսյանի կողմից 30 000 ԱՄՆ դոլար տրամադրելու փաստը հաստատվում և քրեական գործի շրջանակներում է:

Ահա այս պատմության ողջ իրականությունը: Ինչպես երևում է Արսինե Նավասարդյանի կողմից նշված զոհերը` հանձինս Արտակ Գրիգորյանի և Արկադի Սարգսյանի, նախապես լավ սցենարը մշակել էին, սակայն հաշվի չէին առել  այն, որ երբեմն պատասխան ես տալիս չգրված  օրենքների համար: Ինչպե՞ս կարելի էր նման արարք կատարել հինգ որդի ունեցող կնոջ հանդեպ: 

Ու ոչ թե Մեսրոպ Մանրիկյանն էր Էստաֆետը վերցրել իր ձեռքը և օգտագործելով  պետական լծակները փորձում գումարը հետ ստանալ, ինչպես նշված է հոդվածում, այլ պարզապես իրենք  հայտնվեցին այն փոսում, որը որ իրենք փորել էին:

Արսինե Նավասարդյանի մասին կասեմ միայն այն, որ նա, ուղղակի օգտագործելով այս ամենը, փորձում է իր հանդեպ ուշադրություն հրավիրել, ուրիշ ոչինչ: Իսկ ես ու Մեսրոպ Մանրիկյանը  բացարձակ ոչ մտածելու, առավել ևս վախենալու ոչինչ չունենք:

Ես` պարզապես լինելով իրավաբան, պաշտպանել եմ իմ շահերը: Եվ Մեսրոպ Մանրիկյանին այս գործի հետ ընդհանրապես պետք չէ կապել, առավել ևս, երբ ամեն ինչ արվում է բամբասանքի տեսքով, այլ ոչ թե կոնկրետ փաստեր ներկայացնելով:   

Նշեմ, որ այս ամենի կապակցությամբ  հայց եմ ներկայացրել դատարան` իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելու և  դրանց տարածմամբ ինձ պատճառված վնասը հատուցելու պահանջով:

Մարգարիտա Հովսեփյան

Մեկնաբանություններ (2)

Լիլիթ Մելքոնյան
Մարգարիտա Հովսեփյանին ես ճանաչում եմ վաղուց: Ժամանակին աշխատել ենք նույն հիմնարկում: Մի քանի տարի է նրան չեմ հանդիպել և ուղղակի ապշեցի երբ կարդացի այդ դերասանուհու բաց նամակը ինտերնետում: Մարգարիտան արտակարրգ անձնավորություն է: Բարի և ազնիվ, միշտ պատրաստ օգնության հասնելու : Նրա հետ շփվելուց միայն դրական լիցքեր ես ստանում: Մարգարիտայով պետք է հիանալ և նրան պետք է օրինակ բերել որպես ուժեղ և անվախ կնոջ (ես ունենալով միայն մեկ դուստր զարմացել էի, որ այս դժվար ժամակներում կինը կարող է ունենալ չորրորդ, իսկ ապա հինգերորդ որդին)Ես կարծում եմ որ այդ դերասանուհուն և նրա ամուսնու նմաններին պետք է պատժել զրպարտանքների համար: Առանց անհարմար զգալու նման հոդվածներ են տեղադրում ինտերնետում և կոկորդիլոսի արցունքներ թափում, առիթից օգտվելով որ Մարգարիտային քիչ մարդիկ են ճանաչում
ԱՆԱՀԻՏ
Ուղղակի ապշեցի տեսնելով Մարգարիտայի նկարը: Հրաշալի անձնավորություն, մարդ, որի հետ խոսելով հաճույք ես ստանում, հայ կնոջը-մորը բնորոշ բոլոր հատկանիշներով օժտված,ինչպես կարելի է նման անձնավորությանը զրպարտել, ուղղակի անհարմար է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter